Կարեն Ավագյանի վատ լուրն Արցախի համար

LGHH

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն ասել է, որ 2018 թվականին Ստեփանակերտում բացվելու է հիմնադրամի մասնաճյուղը։

Արդեն ընտրվել է տարածքը, որոշակի նախապատրաստական աշխատանքներից հետո ՀԵՀ Արցախի մարզային կենտրոնը կբացի դռները արցախցի երիտասարդների համար, ովքեր հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող անհրաժեշտ ծրագրերն իրականացնել հայկական երկրորդ հանրապետությունում, ասել է նա։

ՀԵՀ-ը փաստացի ՀՀԿ-ի երիտասարդական ստորաբաժանումներից մեկն է, ֆինանսավորվում է պետական միջոցներից, իր հերթին դրամաշնորհներ է հատկացնում տարբեր ծրագրերի համար:

Վերջին տարիներին Կարեն Ավագյանը հայտնվել է խոշոր մի քանի սկանդալներում: 2012-ին խորհրդարանի ընտրության ՀՀԿ-ի նախընտրական շրջանում պայթեցին ՀԵՀ-ի ու Կարեն Ավագյանի նախընտրական փուչիկները, որի հետեւանքով վնասվածքներ, այրվածքներ ստացան հարյուրավոր երիտասարդներ, որոնք գնում էին ՀՀԿ-ի միջոցառմանը:

Պարզվեց՝ փուչիկների վրա «գազ էր դուրս գրվել»՝ հելիումի փոխարեն լցվել էր սովորական գազ:

Հաջորդ սկանդալը կապված էր Կարեն Ավագյանի ունեցած անշարժ գույքի հետ՝ ԶԼՄ-ները հարցնում էին, թե որտեղից նրան այդքան անշարժ գույք:

Ժամանակին Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը հրաշալի որոշում էր կայացրել՝ արգելել էր ռաբիս երգիչ Արմենչիկի համերգը Ստեփանակերտում, եւ այդպիսով ռաբիսը հեռու մնաց Արցախից:

Ավելի վաղ, Արցախում կար ներքին որոշում, որ հայկական քաղաքական կուսակցությունները մասնաճյուղեր չբացեն: Դա նույնպես կարեւոր որոշում էր, որով Արցախը զերծ պահվեց հայկական քաղաքական դաշտին բնորոշ երեւույթներից:

Այնպես որ, պետք է պահել ավանդույթը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20