Կարեն Կարապետյանի համար տարին մեկնարկել է բավականին աննպաստ

Karen Karapetyan

Կառավարությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Կարեն Կարապետյանը մեկնել է կարճատև արձակուրդ, որն էլ կանցկացնի արտերկրում:

Թե ինչ արտերկրի մասին է խոսքը, այսինքն՝ արտերկրի հատկապես որ պետության՝ կառավարության հաղորդագրությունը չի մանրամասնում: Բայց առանց դրա էլ իհարկե այն բավականին ուշագրավ ու ինտրիգային է՝ նկատի ունենալով այն, որ տարեվերջին Կարեն Կարապետյանն ինքն էր հարցազրույցում նշում, որ 8 տոնական օր հանգստանալով՝ լավ պետություն կառուցել չենք կարող: Փաստորեն ստացվում է, որ Կարապետյանը հանգստի այդ օրերին ևս չորսն էլ ավելացնում է ու մեկնում արձակուրդ:

Դատելով այդ ամենից՝ հնարավոր է եզրակացնել, որ իրականում նա արձակուրդ է մեկնում, այսպես ասած, անհրաժեշտաբար: Հարց այն է, թե ինչով է թելադրված այդ անհրաժեշտությունը՝ անձնական գործերո՞վ, առողջական խնդիրներո՞վ, թե՞, այսպես ասած, ոչ պաշտոնական, սակայն քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտությամբ: Բոլոր դեպքերում խորհրդանշական է դառնում, որ վարչապետ Կարապետյանը 2018 այսպես ասած՝ կարևոր և հանգուցային թվականը սկսում է «անհրաժեշտաբար» առաջացած արձակուրդով:

Ընդհանուր առմամբ իհարկե պարզ է, որ վարչապետի խնդիրը ամենևին խորհրդանշականություններով կամ, այսպես ասած, հավատալիքներով չէ, որ վճռվելու է, այլ շատ կոնկրետ տնտեսաքաղաքական համակարգային գործոններով և արտաքին միջավայրի ու մարտահրավերների ազդեցությամբ: Իսկ այդ տեսանկյունից Կարեն Կարապետյանի համար տարին մեկնարկել է բավականին աննպաստ իրողություններով՝ արդեն իսկ թանկացել են մի քանի կարևոր ապրանքատեսակ, մուլտիպլիկատիվ էֆեկտի հեռանկարով, իսկ առջևում սպասվում են նոր թանկացումներ, որոնք կարող են դառնալ զանգվածային դժգոհությունների պատճառ:

Թեև Հայաստանում թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական գործիչները նշում են, որ հասարակական ապատիան բավական խորն է այդպիսի դժգոհությունները զանգվածային բողոքի վերածելու համար, սակայն այստեղ կա մի հանգամանք՝ ներիշխանական գործոնը, որը վերջին տարիներին Հայաստանում աշխատել է մի շարք դեպքերում և հանգեցրել բավականին անսպասելի զանգվածային բնույթի դրսևորումների: Հետևաբար հանրությունն իհարկե ինքնակազմակերպվելու ռեսուրս չունի, բայց ինչ կլինի, եթե հանրությանը փորձի կազմակերպել իշխանությունն ինքը, այսինքն՝ այս կամ այն թևը: Այդ դեպքում պատասխան տվողը լինելու է իհարկե Կարեն Կարապետյանը, և ըստ այդմ հարց է ծագում, թե ինչ պատասխան է տալու Կարապետյանը այդ հնարավոր դժգոհություններին:

Առավել ևս՝ չի բացառվում, որ Կարապետյանի առաջ հարցերն արդեն իսկ դրված են, պարզապես ներհամակարգային կուլիսային շրջանակում, և դրա պատասխաններից է կախված, թե արդյոք կլինե՞ն սոցիալական բարդացող վիճակով պայմանավորված զանգվածային բողոքի դրսևորումներ Հայաստանում:

Spread the love