cuyc 1

Մեր ժամանակներում սեփական տեսակետ ունեցող, արժեքային համակարգի կրող մտավորականներին կարելի է հաշվել մատերի վրա:

Հասարակության դեգրադացիայի պատճառներից մեկը հենց, այսպես կոչված, էլիտայի բացակայությունն է, որն իր արժեքներով ու վարքով ուղենիշ պետք է դառնա ժողովրդի համար: 88-ի համազգային շարժման բարոյական ուժը նաև անվանի մտավորականների ակտիվ մասնակցությունն էր պայքարին:

«Ղարաբաղ» կոմիտեն հնարավոր չէր պատկերացնել առանց հայտնի ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի: Չնայած պատկառելի տարիքին և գիտական անուրանալի մեծ վաստակին` 1989 թ. հունվարին Ռաֆայել Ղազարյանը, «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ միասին, ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում։

Չնայած փորձություններին ու հիասթափություններին՝ Ռաֆայել Ղազարյանը մինչև կյանքի վերջը հավատարիմ մնաց համազգային շարժման արժեքներին, մտավորականի կոչմանը, քաղաքացիական կեցվածքին: Կյանքի վերջին օրերին Ղազարյանն իր տանը կազմակերպեց իր ընկերների` Երրորդ հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հանդիպումը:

Ակադեմիկոսը փափագում էր հաշտեցնել իր երկու կրտսեր ընկերներին, որպեսզի նրանք միասնական հանդես գան 2008-ի նախագահական ընտրություններումկրկնելով 88-ի շարժման էֆեկտը: Ավաղ, այդ հանդիպումից օրեր անց Ռաֆայել Ղազարյանը հրաժեշտ տվեց երկրային կյանքին չհասցնելով իրականություն դարձնել իր ծրագիրը:

88-ի համազգային շարժման կարևոր ուղղություններից մեկը հայապահպանությանը, ազգային դպրոցին և լեզվին վերաբերող հարցերն էին: Այս ուղղությամբ աշխատանքները համակարգում էր հայտնի լեզվաբան, բանասեր, պատմաբան Ռաֆայել Իշխանյանը: Նա հրապարակայնորեն անողոք պայքար էր մղում ռուսական դպրոցների, ազգային նկարագիրը խեղող օտարածին դրսևորումների և քաղքենիական տրամադրությունների դեմ: Ռաֆայել Իշխանյանը նաև 88-ի շարժման գաղափարախոսներից մեկն էր. նրա գրչին է պատկանում «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածաշարը, որը նոր խոսք էր քաղաքական նոր մտքի ձևավորման գործում:

Ռաֆայել Իշխանյանը 1991 թվականից մինչև կյանքի վերջը1995թ-ը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենն էր ու անխոնջ ծառայում էր հայապահպանությանը, ազգային կրթությանը հետևողականորեն պահանջելով անցում կատարել միասնական ուղղագրությանը:

Spread the love