Հայաստանի հետ կապված հարցերը գերադասում են քննարկել Ռուսաստանի հետ

- in Կեղտոտ լվացք
trump-putin

Դոնալդ Թրամփը դառնալու է ԱՄՆ երկրորդ նախագահը, ով մասնակցելու է Դավոսի 48-րդ Համաշխարհային տնտեսական ֆորումին, որը տեղի է ունենալու հունվարի 23-26-ին: Դավոսում 2000թ. հունվարի 29-ին եղել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը:

ԱՄՆ նախագահի մասնակցությունը ավելի մեծ քաղաքական կշիռ է հաղորդելու Դավոսի հավաքին, որն արդեն 49 տարի դարձել է անփոխարինելի հարթակ, որտեղ համաշխարհային քաղաքական ու տնտեսական էլիտան քննարկում է ռազմավարական նշանակություն ունեցող հարցեր՝ այդ համատեքստում ուշադրության կենտրոնում պահելով ընթացիկ մարտահրավերները:

Հայաստանը Դավոսին վերջին անգամ մասնակցել է 2009-ին: Կարծում ենք, որ Հայաստանն ասելիք չունի, այդ պատճառով էլ արդեն շուրջ տասը տարի անընդմեջ չի մասնակցում այդ համաժողովին:

Խնդիրն այն է, որ Դավոսում հավաքվում են քաղաքական առաջնորդներ, բիզնես էլիտայի ներկայացուցիչներ, ովքեր ասելիք և նաև լսելու ցանկություն ունեն, թե ինչ է կատարվելու աշխարհի տնտեսական կյանքում: Հայաստանն, ըստ ամենայնի, ասելիք չունի, շատ վատ է, որ լսելու ցանկություն էլ չունի:

Իրականում Դավոսում, ամեն ինչից զատ, նաև կապեր են ստեղծվում, ներդրումային հնարավորություններ են բացվում: Երևի իշխանության ներկայացուցիչները գնահատել են, որ այդ ամենը բացակայում է, տնտեսական կյանքի որակական փոփոխության չեն սպասում և բարեփոխումների հետ կապված նույնիսկ խոստում տալու ռեսուրս չունեն: Հայաստանը կարծես դուրս է մնացել միջազգային կյանքում տեղի ունեցող իրադարձություններից: Բացի տնտեսական խնդիրներին անդրադառնալուց, իրականում Դավոսը նաև քաղաքական ու տնտեսական ինտեգրման, շփման միջազգային եզակի հարթակ է:

Կասկած չկա, որ Հայաստանն այս տարի էլ Դավոս չի գնալու: Այդ հավաքը Սերժ Սարգսյանի համար ավանդաբար առաջնահերթություն չի եղել, Կարեն Կարապետյանն էլ Եվրոպան համառորեն չի սիրում և կարծես արևմտյան երկրներ չմեկնելու «ուխտ» է արել: Մեր հարևան Վրաստանն ու Ադրբեջանը հետևողականորեն օգտագործում են նման հարթակների ռեսուրսը, ընձեռած հեռանկարներն ու պոտենցիալը:

Հայաստանի օրակարգը մնում է աղքատիկ ու միագիծ՝ նույնիսկ այն պարագայում, երբ երկիրը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, ու թվում է՝ արտաքին քաղաքականությունն ու տնտեսական հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացված լինեն:

Հայաստանն իրականում չի անում նշանակալի որևէ բան, որպեսզի միջազգային հարաբերություններում մեծացնի իր սուբյեկտությունը, աշխարհին ներկայանա ռուսական համատեքստից դուրս՝ որպես ինքնուրույն գործոն: Արևմուտքը պարբերաբար Հայաստանին շանս է տալիս, նոր ճանապարհներ է բացում մեր երկրի զարգացման համար, ինչի վկայությունն է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը՝ չնայած այն բանին, որ չորս տարի առաջ Երևանը Բրյուսելի հետ իրեն պահել էր անպատասխանատու ձևով: Սակայն Հայաստանը դոփում է տեղում, ներքին բարեփոխումներով կամ արտաքին կրեատիվ քաղաքականությամբ բովանդակություն չի հաղորդում իր նոր կարգավիճակին:

Հունվարի 16-ին Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ընդունելու է Նուրսուլթան Նազարբաևին: Ղազախստանը ԵՏՄ անդամ է, սակայն աշխարհում գնահատում են նրա սուբյեկտությունը, իսկ Հայաստանի հետ կապված հարցերը գերադասում են քննարկել Ռուսաստանի հետ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20