Serj Robert

Հայաստանի վարչապետի խնդիրը Արևմուտքի և Ռուսաստանի դիմակայության առարկա՞ է, թե՞ ոչ. այս հարցը հաճախ հնչողներից է 2018-ի ապրիլի վերաբերյալ հարցադրումների համատեքստում:

Ընդ որում, Հայաստանի իշխանության ձևավորման հարցերում այդ հարցադրումը առկա է մշտապես: Օրինակ՝ նախագահի ընտրություններում այս կամ այն թեկնածուն Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի ֆավորիտն էր, կամ խորհրդարանական ընտրություններում այս կամ այն ուժն արևմտյա՞ն, թե՞ ռուսական ուղեծրում էր և այլն:

Գործնականում 2017 թվականի նոյեմբերի 24-ից հետո այդ հարցերը թերևս պետք է գնահատել ժամանակավրեպ, եթե նույնիսկ մինչ այդ դրանք ունեցել են որևէ առնչություն իրական քաղաքականության հետ: Բանն այն է, որ գործնականում Հայաստանում երբեք չի եղել դասական իմաստով այդպիսի դիմակայություն թե՛ խորհրդարանական ընտրությունների, թե՛ նախագահի թեկնածուների մակարդակում: Ամենախոսուն կամ վառ օրինակներից մեկը թերևս 2013-ի նախագահական ընտրությունն էր, այն էլ Հայաստանի համար թերևս բախտորոշ մի շրջափուլում, երբ, ինչպես պարզ դարձավ հետագա իրադարձությունների հետահայաց դիտարկմամբ, հասունանում էր Հայաստան-ԵՄ Ասոցացման գործընթացի տապալումը:

Եվ այսպես, 2013 թվականին Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան դիմակայությունն իրականում առերևույթ թվացյալ ամենավառ դիմակայությունն էր Ռուսաստան-Արևմուտք ֆորմատում, սակայն Հովհաննիսյանի մի հայտարարությունն անգամ վկայում է, որ իրավիճակը չափազանց հեռու էր իրական քաղաքականության ռեժիմում այդպիսին լինելուց: Որովհետև այդ դեպքում հրապարակի ամբիոնից չի հայտարարվում Վլադիմիր Վլադիմիրովիչից հաղթանակ բերելու համար Ռուսաստան մեկնելու մասին, այլ հակառակը՝ հրապարակի օրակարգում առանցքային է դարձվում Հայաստան-ԵՄ հարաբերության խնդիրը՝ այդպիսով փորձելով ստեղծել որոշակի պլացդարմ կտրուկ շրջադարձերից գործընթացը ապահովագրելու համար:

Այդպիսով, ամենավառ այդ օրինակը հուշում է, որ Հայաստանում գործնականում երբեք չի էլ եղել իրական քաղաքականության ռեժիմում հակադրություն Արևմուտք-Ռուսաստան ձևաչափով, և այդ հակադրությունն առավել ևս բացառելի է դառնում 2018-ի վարչապետի հարցում, երբ թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանը գործնականում որևէ քայլ չեն կատարել Հայաստանում խորհրդարանական կառավարման անցման նախաձեռնության դեմ և առավել ևս աջակցել են ու աջակցում են այդ անցմանը: Ավելին, նոյեմբերի 24-ին գործնականում տեղի է ունեցել այդ աջակցության իրավապայմանագրային արձանագրումը:

Ըստ այդմ, Հայաստանի մասով Արևմուտք-Ռուսաստան ռեժիմը վաղուց այլևս դուրս է դիմակայության ռեժիմից, որքան էլ այն հնչի տարօրինակ, և ներկայումս ընթանում է համակարգային տրանսֆորմացիայի շուրջ բարդ ու բազմաշերտ մի գործընթաց, որը շատ ավելի լուրջ և ընդգրկուն է վարչապետի խնդրի վրա կենտրոնանալու հարցում:

Ավելին, տպավորություն է, որ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտը հենց այդ խնդրի վրա կենտրոնացվել է Արևմուտքին ու Ռուսաստանին բարդ ու բազմաշերտ այդ խաղում չխանգարելու համար, քանի որ փորձը ցույց է տվել, որ Հայաստանում հասարակական-քաղաքական ռեսուրսը ոչ այնքան գործընկերային, որքան խանգարող հանգամանք է լուրջ քաղաքական գործընթացների համար: