Zinvor

Համազգային շարժումը հրապարակ բերեց երիտասարդ գործիչների նոր սերունդ, բացահայտեց նոր անուններ, որոնցից շատերն ավաղ մոռացված են` չնայած իրենց հերոսական հետագծին:

1988-ի զարթոնքը սկզբունքորեն չփոխեց լրագրող, գրող, «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսական) ամսագրի գրական աշխատող Սամվել Շահմուրադյանի գործունեության բնույթը, սակայն նրա մասնագիտական տաղանդն, ունակություններն ամբողջովին ծառայեցվեցին շարժմանը:

Սամվել Շահմուրադյանը Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին (1988–1992) մամուլում հրապարակել է Շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ: 1990-ի մայիսին նա, ՀՀՇ աջակցությամբ, ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր և ԳԽ նստաշրջաններում պաշտպանել է արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնությունները Ադրբեջանի հայաբնակ շրջաններում։

Նույնիսկ պատգամավորական գործունեությունը չխանգարեց, որպեսզի Սամվել Շահմուրադյանը շարունակի մասնակցել մարտական գործողություններին: Նա «Նիկոլ Դուման» երկրապահ ջոկատի մարտիկ էր ու առաջիններից մեկն արձագանքեց Վազգեն Սարգսյանի մահապարտների կոչին:

Շահմուրադյանը «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին. նա հերոսի մահով նահատակվեց 1992-ի սեպտեմբերի 11-ին, Մարտակերտի շրջանում, Վաղուհասի համար մղվող մարտերում: ՀՀ նախագահի 1996-ի հրամանագրով Սամվել Շահմուրադյանին հետմահու շնորհվել է Մարտական Խաչ 1-ին Աստիճանի Շքանշան:

ԼՂՀ նախագահը 2014 թ-ին Շահմուրադյանին շնորհել է Արիության մեդալ: 2005 թ. մարտի 1-ին Հայաստանի գրողների տանը տեղի ունեցավ գրող, լրագրող, հրապարակագիր, Արցախյան պատերազմի հերոս նահատակ Սամվել Շահմուրադյանի «Մեր քաղցր հողը» հոդվածների և Էսսեների ծողովածուի շնորհանդեսը:

Սամվել Շահմուրադյանը հեղինակել է «Սումգայիթյան ողբերգություն ականատեսների վկայությամբ» գիրքը, որը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն լեզուներով։ Սամվել Շահմուրադյանը նահատակվեց, երբ ընդամենը 37 տարեկան էր: Հայաստանի խորհրդարանը կորցրեց իր լավագույն պատգամավորներից մեկին, համազգային շարժումը` նվիրյալին…

Spread the love