Ինչպես ՀՅԴ-ն «մենաշնորհեց» Հայ դատն ու Ցեղասպանության խնդիրը

- in Վերլուծական
HYD

88-ի համազգային շարժումն ակամայից մարտահրավեր դարձավ հայ ավանդական քաղաքական մտքի` հատկապես ՀՅԴ-ի համար:

ՀՅԴ-ն` 1918-ին ստանձնելով Առաջին հանրապետության ղեկը, իր չմտածված և մաքսիմալիստական արտաքին քաղաքականության հետևանքով ավելի խոցելի դարձրեց ցեղասպանությունից մազապուրծ մեր ժողովրդի անվտանգությունը: Դաշնակցության կառավարման տարիներին տեղի ունեցավ պատմության մեջ միակ հայ-վրացական պատերազմը:

Դաշնակցական կառավարությունը «Ազատ, անկախ, միացյալ Հայաստանի» լոզունգի ներքո ի վերջո կապիտուլացվեց բոլշևիկների առջև` նրանց հետ կնքելով նվաստացուցիչ պայմանագիր և պարզ չէ անգամ, թե ինչպիսին կլիներ Զանգեզուրի ճակատագիրը, եթե չլինեին արդեն այդ ժամանակ ՀՅԴ-ից, ըստ էության, օտարված Գարեգին Նժդեհի ջանքերը:

Առաջին հանրապետության կործանումից հետո ՀՅԴ-ն «մենաշնորհեց» Հայ դատն ու Ցեղասպանության խնդիրը` գաղթօջախներում իր ազդեցությունն ուժեղացնելու, կուսակցական դրամապանակը միշտ առատ պահելու համար: Համազգային շարժման հիմնական տարբերությունը ՀՅԴ-ից նրա հայատանակենտրոնությունն էր: Եթե ՀՅԴ-ն հայությանը փորձում էր միավորել հակաթրքականության իռացիոնալ հիմքով, ապա 88-ի համազգային շարժման ծրագրային նպատակը պետության ստեղծումն էր:

«Ազատ, անկախ, միացյալ Հայաստանի» կարգախոսը միայն արտաքուստ է գրավիչ, իսկ իրականում ենթադրում է մաքսիմալիստական արտաքին քաղաքականություն, անխուսափելի կոնֆլիկտ գրեթե բոլոր հարևանների հետ և Հայաստանի վերածում տարածաշրջանային չուլանի կամ ռուսական ֆորպոստի: Սրան համազգային շարժումը հակադրեց հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատման սկզբունքը` ԼՂ հարցը դուրս դնելով Հայ դատի համատեքստից և ներկայացնելով ինքնորոշման սկզբունքի գերակայության հիմքով:

ՀՅԴ օրակարգը նրա գործունեության որևէ փուլում ներդաշնակ չի եղել համաշխարհային զարգացման համատեքստին, իսկ ՀՀՇ-ն ու Երրորդ Հանրապետությունը ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին վայելել են համապարփակ միջազգային աջակցությունքաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրում ենթադրող իրենց օրակարգերով: Պատմությունը խիստ դատավոր է ու «եթե»-ներ չի հանդուրժում և պատահական չէ, որ ՀՅԴ արկածախնդրությունն ավարտվեց Առաջին հանրապետության փլատակների վրա, իսկ ՀՀՇ-ի իրապաշտությունը հայկական պետական վերահսկողությունն ու ինքնիշխանությունը տարածեցին 42000 կմ քառակուսու վրա 29,8-ի փոխարեն:

Spread the love