Dzerqer

«Ղարաբաղ» կոմիտեն համազգային շարժման միասնականության խորհրդանիշն է, սակայն հանրահավաքի հարթակը հենց շարժման առաջին ամիսներին ենթարկվել է փոփոխությունների: Փետրվարի առաջին հանրահավաքներում առաջին պլանում էին Իգոր Մուրադյանը, Վաչե Սարուխանյանը, մտավորականության ներկայացուցիչներ:

Իգոր Մուրադյանը «Ղարաբաղ» կոմիտեից հեռացավ մայիսին: Հասարակությունը գուցե անտեղյակ է այն բուռն քննարկումներից, որոնք մինչև մայիս կոմիտեի ավելի ընդլայնված կազմով տեղի են ունեցել Վազգեն Մանուկյանի և Բաբկեն Արարքցյանի բնակարաններում: Իգոր Մուրադյանը մասնավորապես եղել է այն տեսակետի կրող, որ Մոսկվայի հետ բանակցությունները պետք է շարունակել` լարվածությունից խուսափելու նպատակով:

Կոմիտեի հիմնական կազմը հակադրվել է այդ տեսակետին` Մոսկվայի հետ բանակցությունները համարելով ժամավաճառություն: Քննարկումները տրամաբանական ավարտին հասան մայիսի 21-ին, երբ հանրահավաքի հարթակից հրապարակվեց 11 գործիչների անուններ(ցուցակում չկար Իգոր Մուրադյանի անունը), որը հենց «Ղարաբաղ» կոմիտեի հիմնական միջուկն էր, որը հետո դարձավ ՀՀՇ-ի և Երրորդ հանրապետության առաջին իշխանության հիմքը: 1988-ի մայիսից «Ղարաբաղ» կոմիտեի կազմը մնաց անփոփոխ և հենց այդ կազմով ղեկավար կազմով էլ համազգային շարժումը ձևավորեց նորանկախ Հայաստանի առաջին իշխանությունը:

Կոմիտեն միասնական էր կայսրության դեմ պայքարում և շարժումային տրամաբանության մեջ, սակայն կոմունիստական իշխանության տապալումից հետո օբյեկտիվորեն երևան եկան քաղաքական և գաղափարական հակասությունները: Կոմիտեի բաժանման պատճառներից մեկը դարձավ 1991թ. Անկախության հանրաքվեի օրվա նշանակումը:

Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մտածում էին, որ անկախացումը պետք է տեղի ունենա օրինական ճանապարհովԽորհրդային Միությունից հանրապետությունների դուրս գալու մասին մոսկովյան նոր օրենքով: Վարչապետ Վազգեն Մանուկյանը և նրա կողմնակիցները պնդում էին, որ վեց ամիսը երկար ժամանակ է և պնդում էին հանրաքվեն անցկացնել ոչ սեպտեմբերին, այլ մայիսին: Լևոն Տեր-Պետրոսյանի գիծը հաղթանակ տարավ:

Ակնհայտ էր, որ ՀՀՇ-ում առաջացել են թևեր, ինչի հետևանքով Վազգեն Մանուկյանի կողմնակիցները հայտնվել էին փոքրամասնության մեջ: Այն բանից հետո, երբ Գերագույն խորհուրդը որոշում կայացրեց նախագահական ինստիտուտ ներդնելու մասին, Վազգեն Մանուկյանն ու նրա կողմնակիցները հեռացան ՀՀՇ-ից` ձևավորելով ԱԺՄ-ն:

Լևոն Տեր-Պետրոսյանը 1991-ի նախագահական առաջին ընտրություններում համոզիչ հաղթանակ տարավ: Սակայն սա արդեն ոչ թե համազգային շարժման միասնական թեկնածուի, այլ կուսակցության վերածված ՀՀՇ-ի ազդեցիկ ու խարիզմատիկ առաջնորդի հաղթանակն էր:

Spread the love