zenq

Երբ 1988թ-ին մեկնարկեց համազգային շարժումը, ռեժիսոր Մովսես Գորգիսյանը չէր բոլորել երեսունամյակը: Չնայած այս հանգամանքին` Մովսես Գորգիսյանը դեռ 88-ից առաջ ակտիվորեն ներգրավվել էր քաղաքական պայքարի մեջ:

Մովսես Գորգիսյանը համոզված անկախական էր: Նա 1987 թ. սեպտեմբերին դարձավ ԽՍՀՄ տարածքում առաջին բացահայտ գործող քաղաքական այլընտրանքային կազմակերպության՝ Պարույր Հայրիկյանի ստեղծած Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) վարչության անդամ։ Հայրիկյանի` ԱՄՆ-ում գտնվելու պայմաններում, Մովսեսը ԱԻՄ փաստացի առաջնորդն էր:

Համազգային շարժման հարթակում Գորգիսյանն առանցքային դերակատար չէր, որովհետև հատկապես առաջին ամիսներին անկախության գաղափարը պոպուլյար չէր ժողովրդի շրջանում: Միևնույն ժամանակ` Մովսես Գորգիսյանը լուսավոր կերպար էր և սիրված ժողովրդի կողմից:

Նա առաջինն էր, որ 1988 թ. մայիսի 28-ին Ազատության հրապարակում ծածանեց նվիրական Եռագույնը: Ի դեպ, 1988-ի մայիսի գլոբալ իմաստով բեկումնային էր շարժման համար, որովհետև վերջնական տեսքի եկան «Ղարաբաղ» կոմիտեի կազմն ու ծրագիրը. ՀԽՍՀ սուվերենիտետի հարցն աստիճանաբար գալիս էր առաջին պլան:

Մովսես Գորգիսյանն այն եզակի գործիչներից մեկն էր, ով կանխատեսում էր, որ Մոսկվան վաղ թե ուշ սադրելու է հայ-ադրբեջանական պատերազմ և կարևորում էր ինքնապաշտպանության կազմակերպումը: Նա, լուսահոգի Աշոտ Նավասարդյանի ընկերակցությամբ, ստեղծեց «Անկախության բանակ» ջոկատը որպես ապագա ազգային բանակի հիմք։

Հենց այդ ջոկատի կազմում էլ Մովսես Գորգիսյանը 29 տարի առաջ այս օրը մասնակցեց Երասխի ճակատամարտին` հերոսի մահով կնքելով իր մահկանացուն: Նրա հուղարկավորությունը նմանվեց համազգային երթի, որում միախառնված էին ցավն ու պայքարի վճռականությունը: Մովսեսը թաղված է Ծիծեռնակաբերդի բարձունքում:

1996 թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Մովսես Գորգիսյանն արժանացել է Ազգային հերոսի կոչման։

Spread the love