Մրցակցությունը պաշտպանելուն կոչված կառույցը ըստ էության վերածվել է գնաճը պաշտպանող կառույցի

- in Տնտեսական

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տարածել է տեղեկատվություն հունվարի 1-ից բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի գնաճի վերաբերյալ: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ըստ էության կնքել է թանկացումները, այսպես ասած՝ դրանք հայտարարելով «բացված»:

Բանն այն է, որ մրցակցությունը պաշտպանելուն կոչված կառույցը ըստ էության վերածվել է գնաճը պաշտպանող կառույցի՝ մանրամասն հիմնավորելով այդ ապրանքատեսակների թանկացումը: Հետաքրքիր է այն, որ երբ ՏՄՊՊՀ-ին հանրությունը և քաղաքական ուժերը հարցադրումներ են անում այս կամ այն շուկայում մենաշնորհների, գերիշխող դիրքերի, հակամրցակցային համաձայնությունների և այլնի մասին, այդ կառույցը ըստ էության երբեք չի տալիս նույնքան մանրամասն և, այսպես ասած, աշխատված պատասխան, որքան երբ հարկ է հիմնավորել այս կամ այն ապրանքային շուկայի գնաճը և հայտարարել, որ ամեն ինչ կարգին է: Այլ կերպ ասած՝ դե ֆակտո ստացվում է, որ Հայաստանի հասարակությունն առանց այդ էլ սուղ բյուջետային միջոցներով պահում է մի կառույց, որն այլ կերպ, քան օլիգոպոլ ու մոնոպոլ տնտեսության փաստաբանական գրասենյակ, անվանելը դժվար է:

Այդպիսով, հանրությունն ըստ էության պահում է այդ գրասենյակը, որ այդ գրասենյակը հանրությանը հիմնավորի, որ օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները միանգամայն արդարացիորեն և ամենակարևորը՝ թղթերով ամեն ինչ կարգին տարբերակով են հանրության գրպանից հանում լրացուցիչ դրամներ և ուղղում բյուջե, որտեղից էլ ամեն տարի իր բաժինն է ստանում այդ գործընթացի փաստաբանական սպասարկումն ապահովող կառույցը: Իհարկե սա ընդամենը գործառույթ է, որ դե ֆակտո իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության ցուցանակ կրող հանձնաժողովը, քանի որ գործնականում Հայաստանի իշխանության, կառավարման համակարգում մեծ հաշվով բոլոր գործառույթների դեպքում է միայն թղթով ամեն ինչ կարգին, իսկ իրականում պետական ամբողջ համակարգը աշխատել և աշխատում է տնտեսությունը բաժանած մի քանի խոշոր խմբերի շահերը ապահովելու և բալանսավորելու համար:

Ներկայումս այդ համակարգի համար առաջացել է լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք, քանի որ բալանսը խախտվում է, ինչը կարող է բերել խնդիրների: ՏՄՊՊՀ-ն այդ օղակում կամ շղթայում կատարում է ընդամենը իր դերը, որի միջոցով իշխանությունը կնիք է դնում թանկացումների վրա՝ ըստ էության բացելով մյուս թանկացումների կանաչ ճանապարհը:

Spread the love