Յարոսլավ Հաշեկ. «Ապուր՝ աղքատ երեխաների համար»

- in Մշակույթ
Chexia

Կիրակնօրյա ընթերցումներ.

Իշխան Ռոբերտը շատ բարի մարդ էր։ Նա իր ամրոցի մոտ գտնվող գյուղում որոշել էր աղքատ դպրոցականներին ձրի ճաշ բաժանել, որի համար, չխնայելով միջոցները, տաղավար կառուցեց և Վիենայից երթային խոհանոց բերել տվեց։ Երբ խոհանոցը տեղ հասավ, իշխանուհին ամուսնուն ծնկաչոք խնդրեց՝ հրաժարվել այդ մտադրությունից։ Սակայն իշխանը պատասխանեց․

― Ոչ մի դեպքում, իշխանուհի․․․ Անձամբ այդ տկլորների համար պիտի կարտոֆիլով ապուր եթեմ։

Նրան փորձեց համոզել նաև իշխանուհու եղբայրը՝ կոմս Մանգարդը՝ ապացուցելով, որ նման զբաղմունքը սազական չէ իշխանին։

Սակայն իշխան Ռոբերտը գոռաց, թե ինչ ուզում է լինի՝ ինքը պետք է կարտոֆիլով ապուր եփի և ուզածդ մեկին դուրս կշպրտի, եթե սա հանկարծ փորձի քիթ խոթել իր գործերի մեջ։

Իշխան Ռոբերտը թեև շատ էր մարդասեր, բայց միաժամանակ շատ էր դյուրագրգիռ։

Եվ ահա մի գեղեցիկ օր տաղավարը և երթային խոհանոցը զարդարեցին սոճու ճյուղերով, իսկ տաղավարի դռան վերևում ամրացրին «Հատուցիր, աստված» մակարգությունը, իսկ սոճու ճյուղերի արանքում փողփողացին դրոշակները, երկնագույն ժապավենները, և ֆրակ հագած ու ցիլինդր դրած ծառան մոտեցավ վառարանին ու ձեռնամուխ եղավ այն վառելու գործին։ Այդպես էր իշխան Ռոբերտը ցանկացել։

Իսկ ինքը նայում էր լուսամուտից՝ անհամբերությամբ սպասելով, թե երբ պիտի ծառան հանի ցիլինդրը՝ ի նշան այն բանի, որ ջուրը եռացել է, և ժամանակն է, որ նորին պայծառափայլությունը սկսի մաքրել կարտոֆիլը։ Դա նույնպես նախատեսված էր իշխանի կազմած ծրագրում։

Վերջապես իշխանը դուրս եկավ ամրոցից և կարևոր տեսքով, հանդիսավոր գնաց դեպի տաղավարը, որի մոտ դրված էր շարժական խոհանոցը։ Այստեղ էր գյուղապետը՝ զբաղված այն բանով, որ բռունցքով խփում էր աղքատ երեխաների կողերին։ Իսկ երեխաները նույնիսկ այն պահին, երբ հայտնվեց նորին պայծառափայլությունը, ուշադրություն չդարձնելով նրա վրա, շարունակեցին քչփորել իրենց քթերը։

Գյուղապետը գիտեր կարգը։ Նա հրամայեց բոլոր՝ քսաներեք դպրոցականներին իշխանի պատվին «ուռա» գոռալ, սրանց վրա արագ հայացք գցեց՝ մաքուր լվացված են արյդո՞ք, և նշան արեց գյուղական ոստիկան Պազոուրեկին։ Սա վառեց մի մորտիրի պատրույգը և վազեց մյուսի մոտ։ Որոտացին երկու կրակոցներ, և իշխանը դուրս եկավ մորտիրների վերևում գոյացած ծխի քուլաների միջից։ Երեխաները խլացուցիչ աղաղակ բարձրացրին։ Իշխանը ձեռքով ողջունելուց հետո նստեց երթային խոհանոցի մոտ։ Երկու լաքեյներ նրան մեկնեցին մեկական կարտոֆիլ։ Ճերմակ ձեռնոց հագած ձեռքով իշխանը վերցրեց դրանցից մեկը, մաքրեց ու նետեց եռման ջրով լի կաթսան։ Երեխաները չկարողացան երջանկության աղաղակ բարձրացնել, քանի որ ձայները խռպոտել էին։ Նորին պայծառափայլությունն անցավ երկրորդ կարտոֆիլը մաքրելուն։ Երբ այս մեկն էլ նետեց կաթսան, նորից լսվեց ուրախ աղաղակ։ Իշխան Ռոբերտը վեր կացավ ու ասաց․

― Տուք, երեխա, ուրախ լինել, որ ուտել ապուր և երջանկանալ, որ ես եփել։ Տուք, երեխա, պիտի հիշել, որ ես ձեզ համար լինել ինչպես մայրիկ, ես ձեր․․․

Նորից ուրախ աղաղակ բարձրացավ՝ ի նշան այն բանի, որ նորին պայծառափայլության ճառը պատանի ունկնդիրներին անկեղծ ուրախություն էր պարգևել։

― Տուք, երեխա, գիտենալ, որ ձեզ համար ամենալավ հուշարձան այն է, որ ես ձեզ համար ճաշ եփել,― հանդիսավոր շարունակեց իշխանը։― Տուք համ֊համ անել լավ ապուր, որի կարտոֆիլ անձամբ մաքերլ ես։ Աստծուն աղոթել ինձ համար։

Դրանից հետո քսաներեք աղքատ դպրոցականներից յուրաքանչյուրը մեկ կրոն ստացավ նորին պայծառափայլությունից։ Վերջում իշխանը մոտեցավ գյուղապետին, հանձնելով ձեռնոցները, տվեց նրան և ասաց․

― Որպես հիշատակ իմ մաքրած կարտոֆիլով եփված ապուրի, որ շուտով համ֊համ անել։ Աղոթել աստծուն ինձ համար։

Որսագետը իշխանին մոտեցրեց ձին, և նորին պայծառափայլությունը թեթև վարգեց դեպի անտառի արգելով, իսկ ծառան ու լայքեյները հպարտորեն գնացին ամրոց։

Գյուղապետը ձեռնոցները խցկեց գրպանը, նայելով աղքատ երեխաներին, ապա գյուղական ոստիկան Պազոուրեկին, նորից՝ ձեռնոնցներին՝ տեղում են դրանք, թե ոչ, որից հետո վերջապես այս տեսակ բառերով դիմեց համայնքի վարչության անդամ Վերժինային․

― Իսկ այս տկլորների համար ապուրն ո՞վ է եփելու։

― Պազոուրեկը երեխաների հետ թող մաքրի կարտոֆիլը,― պատասխանեց Վերժինիան։

― Ապուրը եփիր, Պազոուրեկ, իսկ դուք, աղջիկներ, անցեք կարտոֆիլ մաքրելուն,― կարգադրեց գյուղապետն ու հեռացավ համայնքի առաջին և երկրորդ անդամների հետ։

Անտանելի շոգ էր։ Պազոուրեկը սկսեց հայհոյել երեխաներին՝ աչքերը կատաղի ոլորելով։

― Ես ձեզ ցույց կտայի հա՜ ապուր ուտելու համար այստեղ գալ։ Երես է տալիս նորին պայծառափայլությունը ձեզ։

Հին զինվորի հաստատակամությամբ, ծխամորճը հանելով բերանից, նա եռացող ջրի մեջ լցրեց սեղանին առանձին֊առանձին դրված մթերքները։ Իսկ աղջիկներն արդեն հասցրել էին մաքրել ամբողջ կարտոֆիլը, և ոստիկանն անցավ կաթսան խառնելուն՝ թևքերով ճակատին հայտնված քրտինքը սրբելով։ Հանկարծ նա դարդարեց խառնելը․ գլխում ինչ֊որ միտք էր ծագել։ Տաղավարի մոտ խոտերի մեջ թռչկոտող երեխաներին նայելով, ձայն տվեց նրանցից մեկին․

― Հեյ, Մալինա՛, ապա այստեղ արի։

Ոչ մի վատ բան չկասկածելով Մալինան մոտեցավ։

― Լսիր, թոկից փախած,― նրան հայտարարեց Պազոուրեկը։― Երեկ ես տեսա, թե դու ինչպես էիր համայնքի դաշտից ոլոռ գողանում։ Դրա համար տուգանք է նախատեսված։ Այստեղ տուր կրոնը և կանչիր եղբորդ՝ Պեպիկին․․․ Պեպի՛կ, անպետք արարած, դու գիտես, որ եղբայրդ՝ Կարելը, քիչ մնաց բանտ ընկներ։ Նա երեկ ոլոռ էր գողանում։ Դրա համար տուգանք է նախատեսված։ Նա իշխանից մի կրոն էր ստացել, դու՝ նույնպես։ Շնորհակալ եղեք աստծուց, որ այդքան բարի իշխան ունեք։ Հակառակ դեպքում, փսլնքոտներ, ձեր փոխարեն ո՞վ էր վճարելու տուգանքը։ Այսպես, ուրեմն, մի կրոն դու տուր, Կարլ, մեկն էլ դու՝ Պեպիկ, և կստացվի այն, ինչ անհրաժեշտ է։ Միայն տեսեք, հա, ձեզ նորից ոլոռի դաշտում հանկարծ չտեսնեմ, թե չէ անմիջապես կբանտարկեմ վարչության մարագում։ Շալվարդներդ կիջեցնեմ ու ճիպոտով կձաղկեմ։ Գողությունը մեծ մեղք է, երեխաներ։ Բայց ձեզ ներում եմ։ Իսկ հիմա, Պեպիկ, վազ տուր ու մի կեսլիտրանոց բեր, իսկ դու, Կարել, խառնիր ապուրը։

Եվ ոստիկանը հանգիստ պառկեց կաթսայից քիչ հեռու՝ մարգագետնին։ Շուտով Պեպիկը բերեց կեսլիտրանոցը։ Ինչպես հարկն է խմելուց հետո Պազոուրեկը, շուրջն հավաքելով երեխաներին, երկար զրուցեց նրանց հետ՝ պետերին հարգելու անհրաժեշտության մասին։

― Պետք է նրանց հարգել, շանորդիներ, որովհետև նրանք աստվածատուր են,― ասաց նա վերջում և Պեպիկին երկրորդ անգամ ուղարկեց կեսլիտրանոց բերելու։

Արևը բարձրացել էր, և Պազոուրեկը հանեց սապոգները, այնուհետև, փռվելով խոտին, քնեց, իսկ այդ ժամանակ իշխանական հյուրասիրության սպասողները սկսեցին «ավազակներ» խաղալ։

Նրանց ճիչերը չէին արթնացնում Պազոուրեկին։ Բացի այդ շուտով բոլորն էլ վազեցին արգելով։

Կեսօրին իշխանը, որ ամրոց էր վերադառնում զբոսանքից, տեսավ լքված երթային խոհանոցը ու դատարկ տաղավարը։

Կաթսայից գոլորշի էր ելնում, լսվում էր քլթքլթոց, և ժամանակ առ ժամանակ մակերես էին դուրս գալիս համայնքի ոստիկան Պազոուրեկի սապոգները։ Իշխանը ոտքի հարվածով արթնացրեց նրան, քանի որ, բարի լինելով, դյուրագրգիռ մարդ էր։

Սարալանջի ճամփից, մամխենու թփերի մեջ թաքնված, Մալինա եղբայրները հրճվալից զմայլվում էին սապոգներով և ողջ տեսարանով։ Այդպես նկարիչներն են զմայլվում առաջին մրցանակի արժանացած իրենց ստեղծագործություններով։

Ինչպես երևում է, այդ տեսարանը լիովին հատուցում էր նրանց կորցրած երկու կրոնը։

Իշխանն անմիջապես վերացրեց անվճար ապուր բաժանելու իր որոշումը։ Իսկ նրա աներորդի կոմս Մանգարդը, որ չափազանց բարեսիրտ մարդ էր, երբ անտառում հանդիպեց համայնքի ոստիկան Պազոուրեկին, հետաքրքրությամբ հարցրեց, թե ինչպես են առաջին ու վերջին անգամ կարտոֆիլով ապուր եփել։ Պազոուրեկն անկեղծորեն խոստովանեց․

― Ախ, ձերդ բարեծնություն, սարսափելի էր։ Այնպիսի գարշահոտություն էր տարածվել, որ մարդու շունչ էր կտրվում։

Spread the love