Ներիշխանական հակադրությունները կամ դիմակայությունները

- in Տնտեսական
Samvel Akeqsanyan

Պատասխանը կարող էր լինել մի փոքր այլ կերպ, հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, անդրադառնալով օրերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի աղմուկ հանած ֆեյսբուքյան գրառմանն ու քննարկումներին:

Սարգսյանը բավական կոշտ էր պատասխանել իր նախաձեռնությանը կոշտ գնահատական տված օգտատերերից մեկին: ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետյանը փատորեն ոչ կոշտ, բայց հստակ ակնարկում է, որ Վիգեն Սարգսյանը պետք է պատասխաներ ավելի զուսպ: Սա ըստ էության բացառիկ դեպք է, երբ իշխող մեծամասնության ներկայացուցիչը այդպես է գնահատում պաշտպանության նախարարի վարքը: Սակայն, որոշակիորեն շատ բան իր տեղն է ընկնում, երբ դիտարկում ենք, թե ում «ներկայացուցիչն» է Նահապետյանն այդ մեծամասնության մեջ:

Կորյուն Նահապետյանը Սամվել Ալեքսանյանի այսպես ասած ներկայացուցիչն է, նրա ազդեցությամբ իշխող կուսակցությունում և պատգամավորական մեծամասնությունում հայտնված գործիչ: Այդ տեսանկյունից էլ ուշագրավ է դառնում նրա զուսպ, նուրբ, բայց «բացառիկ» քննադատությունը Վիգեն Սարգսյանի հասցեին: Այստեղ շահերի առավել լայն բախում է և այդ տեսանկյունից իհարկե խնդիրը միայն կոնկրետ անդրադարձը չէ, այլ նաև որոշակի հետաքրքիր իրավիճակները հենց այն հանձնաժողովում, որ գլխավորում է Նահապետյանն ու որտեղ քննարկվել են բանակի վերաբերյալ ՊՆ օրենսդրական նախաձեռնությունները: Հանձնաժողոում այդ նախաձեռնությունները ամենևին չեն դակվում այնպես, ինչպես կառավարության գրեթե բոլոր օրինագծերը: Մի կողմից սա իհարկե ողջունելի իրավիճակ է, որովհետև խորհրդարանը ոչ թե դակելու, այլ հենց կառավարության նախաձեռնություններն այսպես ասած մաղելու կամ ֆիլտրելու, քննելու գործառույթ է: Մյուս կողմից հետաքրքիր է, որ այդ գործառույթը ընդգծվում է հանձնաժողովներից մեկում միայն:

Իհարկե ներիշխանական նմանօրինակ հակադրությունները կամ դիմակայությունները վերջին տարիներին և վերջին շրջանում ամենևին բացառություն չեն, պարզապես դիտարկման ենթակա են դրանց այսպես ասած վեկտորները և ուղղությունները, մասնավորապես այս դեպքում Սամվել Ալեքսանյանի շահերի տիրույթում: Իսկ դրանք բավականին խոշոր շահեր են, հաշվի առնելով, որ Ալեքսանյանը Հայաստանի խոշոր սեփականատերերից մեկն է, որը հավակնում է թերևս դառնալ Հայաստանի թիվ մեկ օլիգարխը: Ամիսներ առաջ այդ մասին եղավ տեղեկություն, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա հենարան, միլիարդատեր Սամվել Կարապետյանը ցանկանում են Սամվել Ալեքսանյանին դարձնել թիվ մեկ օլիգարխ, Ծառուկյանի փոխարեն: Իսկ այս համատեքստում էլ հիշատակման է արժանի, որ օրինակ ներկայիս գործող թիվ մեկը, որ համարվում է Գագիկ Ծառուկյանը, նոյեմբերին Հայաստան հիմնադրամի համահայկական հանգանակության առիթով հայտարարեց, որ զորամաս է կառուցելու Արցախում:

Այլ կերպ ասած, այստեղ ուրվագծվում է ուշագրավ մի հանգամանք, որ Հայաստանում երկու խոշոր սեփականատերերի միջև ուղղակի, թե անուղղակի, բայց ուշագրավ բաժանարար գիծ է անցնում պաշտպանական ոլորտով: Իսկ խնդիրն այն է նաև, որ պաշտպանական ոլորտը գործնականում հավակնում է լինել Հայաստանի ներքին ու արտաքին զարգացումների այսպես ասած բազային ոլորտը, բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի համատեքստում:

Spread the love