Որևէ մեկն իրավունք չունի ԱԺ խորհրդին «իր մոտ կանչել». Փաշինյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին

Nikol Pashinyan

ՀՀ ԱԺ «ԵԼՔ» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին և ԱԺ խորհրդի մյուս անդամներին, որում նրանց կոչ է արել չմասնակցել ՀՀ նախագահի նստավայրում կայանալիք խորհրդակցությանը։

Այս մասին պատգամավորը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում։ Գրառումը մեջբերում ենք ամբողջությամբ.

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին,

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի անդամներին.

Հարգելի պարոն Բաբլոյան.

Ազգային ժողովի խորհրդի հարգելի անդամներ.

ԱԺ աշխատակազմից տեղեկացա, որ ս/թ հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։

Ազգային ժողովի խորհուրդը մի մարմին է, որին անդամակցում են Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները, երեք խմբակցությունների ղեկավարները, մեկ խմբակցության քարտուղար, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները՝ փաստացի Ազգային ժողովի ղեկավար կազմը։

Կարծում եմ՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարի հայտարարված 2018 թվականը այդ հայտարարության ոգուն և տրամաբանությանը հակասող հավաքով սկսելը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առանց այն էլ կասկածելի գործընթացը։ Որևէ մեկը իրավունք չունի և չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» և նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար։

Ելնելով վերը նշվածից՝ բոլորիդ կոչ եմ անում չմասնակցել վերը նշված խորհրդակցությանը։ Եթե կա ԱԺ խորհրդի հետ որևէ հարց քննարկելու անհրաժեշտություն, Սերժ Սարգսյանը ի՛նքը պետք է ԱԺ խորհրդին հարմար ժամանակ ներկայանա Ազգային ժողով»։

Spread the love