Համազգային շարժման ծավալմանը զուգահեռ թափ էր հավաքում ուսանողական շարժումը, որի առաջնորդների շարքում եղել է նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործ խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը: Այդ թվերի ուսանողական շարժման մասին հակասական կարծիքներ կան:

Ոմանք ասում են, թե այն ավտոնոմ շարժում է եղել, սակայն ավելի արժանահավատ է թվում այն վարկածը, որ գործ ունենք համազգային պայքարի ուսանողական դրսևորման հետ: Ասում են` «Ղարաբաղ» կոմիտեի և ուսանողական շարժման կապը հաստատել է Վանո Սիրադեղյանը, ով այդ շրջանում հաճախակի էր այցելում ԵՊՀ բանֆակ:

1988թ. մայիսին հայաստանյան բուհերի ուսանողները Օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնի աստիճանահարթակին կազմակերպեցին նստացույց` պահանջելով Գերագույն Խորհրդի նստաշրջան հրավիրել և քննարկել ԼՂԻՄ ներկայացուցիչների դիմումը Հայաստանի հետ վերամիավորվելու մասին:


Հայտնի լրագրող Աննա Իսրայելյանը եղել է պատմական նստացույցի մասնակիցներից մեկը և երանությամբ հիշում է այդ օրերը. «Պետք է անհամեստորեն նշեմ, որ 1988-ի մայիսի նստացույցը այն քիչ ակցիաներից մեկն էր, որն արձանագրեց պատմական արդյունք: Օպերայի աստիճանների վրա նստացույց նախաձեռնեց բանասիրականի ֆակուլտետը, որը ուսանողական շարժման առանցքն էր, հետո մեզ միացան այլ բուհերի ուսանողներ: Նստացույցը սկսվեց մայիսի 27-ին և ավարտվեց հունիսի կեսերին, երբ անվերապահորեն բավարարեցին մեր բոլոր պահանջները: Այդ օրերին Գերագույն Խորհուրդ բանակցությունների գնացած ցուցարարներիս ընդունեց Վլադիմիր Մովսիսյանը: Մենք վճռականորեն հայտարարեցինք, որ չենք հեռանալու Օպերայի հրապարակից, մինչև չկատարեն մեր պահանջները: Նա էլ հումորով ասաց, որ մինչև չհեռանանք հրապարակից, ինքը Սուրեն Հարությունյանին չի զեկուցի մեր պահանջների մասին: Նստացույցի ժամանակ բոլորը մեզ աջակցում էին: Ամբողջ գիշեր մեզ համար նվագում և երգում էին Ռուբեն Հախվերդյանը և Արթուր Մեսչյանը: Հենց առաջին գիշերը հարակից շենքերի բնակիչները սկսեցին ծածկոցներ բերել մեզ համար: Մարդիկ խմորեղեններ էին պատրաստում, մատաղ էին անում և բերում էին մեզ»:

Զարմանալ կարելի է, թե նման լուսավոր միջավայրից ինչպես կարող էր ծնվել ոճրագործ, որը դարձավ Հայաստանի պատմության ամենասև էջերից մեկի հեղինակը: Նաիրի Հունանյանին մոտիկից ճանաչողները պատմում են, որ դեռ շարժման տարիներին նա եղել է ինքնասիրահարված, ամբիցիոզ և բարդույթավորված երիտասարդ: Հունանյանը հատկապես չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ այդպես էլ օտարված մնաց քաղաքական, պետական կյանքից: Համազգային շարժումից հետո, տևական մի շրջան, ապագա ոճրագործը բացակայել է Հայաստանից:

Դարձյալ մեջբերենք Աննա Իսրայելյանին. «Նաիրիի կապը ինչ-որ պահ կտրվեց Հայաստանի հետ: Երբ նա վերադարձավ Ղրիմից, պարզվեց, որ իր մասին բոլորը մոռացել են: Նա մի հանդիպում նախաձեռնեց բանասիրական ֆակուլտետի 220 լսարանում, որտեղից ժամանակին նստացույցերն էին սկիզբ առնում: Նրան թվում էր, որ այդ հանդիպումն իր վերադարձն է հայկական իրականություն, սակայն դա մի սովորական միջոցառում էր և մեծ աղմուկ չբարձրացրեց: Ի դեպ, հրավիրել էր նաև Վազգեն Սարգսյանին: Նա ուզում էր վերադառնալ որպես հերոս, նրան առաջնորդում էին անձնական նկրտումները: Չգիտեմ` որքանո՞վ այդ ամենը ազդեցություն ունեցավ իր հետագա քայլերի վրա…»:

Նաիրի Հունանյանին հանգիստ չէր տսլիս Հերոստրատոսի «փառքը». նա դարձյալ դարձավ հանրահայտ` նույնանալով մեր պետության և ժողովրդի արյունարբու, ոխերիմ թշնամիների հետ:

Լուսանկարը`Աննա Իսրայելյանի

Spread the love