Պետք է առաջնորդվենք այն չափանիշներով, որը բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից

- in Պաշտոնական
LGHH

Երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ պետք է դրսեւորենք սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ անդրադառնալով զինծառայողների վիրավորվելու լուրը թաքցնելու մասին մամուլի հրապարակումներին: Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելով խոսքի ազատությունն ու հրապարակայնությունը, այդուհանդերձ մնում եմ այն կարծիքին, որ ունենալով դեռեւս չավարտված պատերազմի պայմաններում ապրող երկիր, մենք պարտավոր ենք, գոնե ռազմաքաղաքական ոլորտում, առաջնորդվել այն չափանիշներով, որը նախ բխում է մեր, նոր միայն հրապարակայնության շահերից: Ասել է թե՝ երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ դրսեւորենք սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն եւ գործենք Երկիրը պահող զինվորի հոգեբանությամբ: Սա վերաբերում է անխտիր մեր պետության յուրաքանչյուր քաղաքացու ու, առավել եւս նրանց, ովքեր կոչումով եւ գործունեության բնույթով ունեն հասարակության վրա ազդելու եւ վերջինիս ուղղորդելու համապատասխան լծակներ:

Հիշենք, որ պատմությունն ունի կրկնվելու հատկություն եւ բացառված չէ, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներկա բարդ պայմաններում մեր կողմից թույլ տրված ցանկացած վրիպում կարող է ունենալ այն հետեւանքները, ինչն ունեցել ենք Հայոց պատմության տարբեր հանգրվաններում: Եվ վերջում հետեւություն՝ խորհրդի կարգով. տիրապետել խոսքի արվեստին, դեռեւս չի նշանակում ասել այն, ինչին օբյեկտիվորեն չես տիրապետում: Այսքանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20