Դեկտեմբերի 30-ին Սերժ Սարգսյանը գեներալ-գնդապետի բարձրագույն կոչում շնորհեց Հայաստանի Զինված ուժերի գլ7284խավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին: Այդ կոչումն ըստ էության Հակոբյանին ցուցաբերված ժեստ էր այն հարցազրույցի դիմաց, որով նա մի քանի շաբաթ առաջ հայտարարեց բանակում Վիգեն Սարգսյանի առաջնորդության մասին, այդպիսով ըստ էության փակելով պաշտպանության նախարար-ԶՈՒ գլխավոր շտաբի պետ հակադրության թեման, որ հայկական բանակում առկա թեմաներից էր մի քանի տարի շարունակ:

Այդ թեման գերազանցապես զարգացել է Սեյրան Օհանյանի նախարարության և Յուրի Խաչատուրովի շտաբի պետ լինելու ժամանակաշրջանում: Իներցիայի ուժո՞վ էր այն շարունակվում նաև Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի պարագայում, թե՞ կային այդ խոսակցությունների հիմքեր, դժվար է ասել:

Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը ներկայիս իրենց պաշտոնները ստանձնել են համաժամանակ և այդօրինակ խոսակցությունների թերևս բուն առիթը այն էր, որ Վիգեն Սարգսյանը նախ բավական երիտասարդ էր, նաև զինվորական և մարտական ծառայության փորձ չունեցող, ինչը կարող էր ազդել բանակում նրա հանդեպ վերաբերմունքի վրա: Մովսես Հակոբյանի պարագան լիովին հակառակն էր և Սերժ Սարգսյանը թերևս փորձել էր բալանսավորել այդ հանգամանքը:

Մյուս կողմից սակայն, ժամանակի ընթացքում երևի թե նրա համար պարզ էր դարձել, որ բանակի հարցում այնքան էլ կիրառելի չէ «բալանսավորման» քաղաքականությունը, որ Սարգսյանը տասնամյակի ընթացքում կիրառում է իշխանական համակարգում ընդհանրապես: Բանակի հարցում այդ բալանսավորումը ըստ էության բերում է պարզապես կառավարման անարդյունավետության և այստեղ թերևս պետք է լինի որոշակի հիերարխիկ համակարգ: Ըստ երևույթին, Սարգսյանը Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պարագայում խնդրի պատճառ դիտարկում էր անձերը, սակայն Վիգեն Սարգսյան-Մովսես Հակոբյան ձևաչափը հուշեց, որ իրականում բուն խնդիրը երևույթը կամ մոտեցումն է, ինչից հետո Մովսես Հակոբյանը «զիջեց» և գործնականում ստանձնեց Վիգեն Սարգսյանի «անվտանգության բուֆերի» դերը բանակում:

Գեներալ-գնդապետի կոչումը թերևս այդ դերի՝ Սերժ Սարգսյանի գնահատականն էր, և հայկական զինված ուժերում նախարար-ԳՇ շտաբի պետ «թարախապալարի» հեռացումը: Որքա՞ն ժամանակով է այն հեռանում, և արդյո՞ք Սերժ Սարգսյանը չի նախընտրի վերադառնալ «բալանսավորման» քաղաքականությանը, դժվար է ասել: Իհարկե շատ բան կախված է նաև արտաքին իրողություններից և մարտահրավերներից, որովհետև ներկայիս անվտանգության միջավայրը հայկական զինված ուժերի համար ուղղակի ներքին և դանդաղ գործողության ական է դարձնում բարձրագույն երկու պաշտոնյաների միջև որևէ հակադրությունը:

Անվտանգային հարցերը տվյալ դեպքում ստիպում են պարզապես հետին պլան մղել ներիշխանական կոնյուկտուրան և առաջնորդվել անվտանգության հրամայականով, հատկապես ունենալով ապրիլյան պատերազմի օրինակը: Այդ պատերազմը ոչ միայն հայկական զինուժի և հասարակության սխրանքի ու կամավորականության վառ օրինակ էր, այլ նաև անվտանգության խնդիրները իշխանական կոնյուկտուրային և նպատակներին ստորադասելու հետևանքի վատ օրինակ:

Միևնույն ժամանակ, հայկական բանակին անհրաժեշտ է կառուցվաքային այնպիսի արդիականացում, որ գործնականում չեզոքացվի բանակի կառավարման գործում նախարար-շտաբի պետ հակադրության այսպես ասած գերատեսչական-քաղաքական հենքը և խնդիրը չմնա լոկ Սերժ Սարգսյանի միջամտության կամ մոտեցումների, կամ երկու անձերի դիրքորոշումների հույսին: Այդ տեսանկյունից շատ կարևոր է նաև, որպեսզի բանակի կառավարման հարցում բացառվի ստվերային միջամտության որևէ հանգամանք: Իսկ այդ առումով էլ խիստ հատկանշական է պաշտպանության նախարարի տարեվերջյան հեռուստահարցազրույցը, որտեղ նա անդրադառնում է դե  յուրե և դե ֆակտո կառավարման կենտրոնների մեկ տեղում լինելու հանգամանքի գերկարևորությանը:

Ինչն էր Վիգեն Սարգսյանի ակնարկը, առայժմ պարզ չէ և այդ իմաստով նա գուցե պատրաստվում է 2018-ի վերադասավորումներին, Սերժ Սարգսյանին ակնարկելով, որ արդյունավետության տեսանկյունից խոշոր հաշով սկզբունքային տեղաշարժ լինել չի կարող, եթե Սերժ Սարգսյանը նախարար-շտաբի պետ հակադրությունը հանգուցալուծում է ոչ թե Վիգեն Սարգսյանի, այլ իր դե ֆակտո առաջնորդության համար, երբ բանակը կարող է կառավարվի Մելիք-Ադամյանի կուսակցական գրասենյակից: