Aleksandr Arzumanyan

Դանիայում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահել է Հայաստանի դեմ ներկայացրած հայցի գործով դատը, և այժմ պետական բյուջեից ՀՀ կառավարությունը Արզումանյանին պետք է վճարի 2,5 հազար եվրո: Ստեղծվել է թերևս աննախադեպ մի իրավիճակ, երբ իշխանությունը պետք է փոխհատուցում վճարի երբեմնի ընդդիմադիր գործչի իրավունքների ոտնահարման համար, որին հետագայում նշանակել է դեսպան:

«Գործն առնչվում է (Հայաստանի) նախկին արտգործնախարար և «Քաղաքացիական անհնազանդություն» քաղաքական շարժման առաջնորդի կալանավորմանը՝ փողերի լվացման համար: Հայցվորը՝ Ալեքսանդր Արզումանյանը, ձերբակալվել է 2007 թ. մայիսին և կալանավորվել: Դատարանը որոշում է կայացրել նրա կալանավորման մասին՝ հիմք ընդունելով հանցագործության ծանրությունը, նրա թաքնվելու, արդարադատությանը խոչընդոտելու կամ վերստին հանցագործություն գործելու ռիսկը:

Չնայած Արզումանյանի առարկություններին՝ դատարանն այնուհետև մի քանի անգամ նույն հիմքով երկարաձգել է նրա կալանքի ժամկետը, մինչև ազատ արձակումը սեպտեմբերին՝ պայմանով, որ նա չի լքելու իր բնակության վայրը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Արզումանյանը գանգատ է ներկայացրել առ այն, որ տեղական դատարանները ձախողվել են իր կալանավորումը բավարար ծավալով հիմնավորելու հարցում»,- ասված է ՄԻԵԴ-ի վճռում:

Եվրադատարանն, ըստ էության, ապօրինի է համարել Արզումանյանի կալանավորումը և Հայաստանի իշխանությանը պարտավորեցրել է փոխհատուցել նրան՝ անկախ այն հանգամանքից, որ այս ընթացքում շատ ջրեր են հոսել, ու փոխվել է նաև Արզումանյանի քաղաքական կարգավիճակը, ավելի ստույգ՝ նա դարձել է իշխանության մաս: Եթե անկեղծ լինենք, փոխվել է նաև իշխանությունը, որովհետև Արզումանյանի հանդեպ քինախնդրություն ցուցաբերել է Ռոբերտ Քոչարյանը, ով էլ 2017-ի մայիսին նրան կալանավորելու ցուցում է տվել. գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես միշտ, պարտաճանաչ «թխել» է այս գործը:

2006 թվականին ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Արզումանյանն ու մի խումբ համախոհներ հիմնել էին «Քաղաքացիական անհնազանդություն» շարժումը, որը 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո խոստացել էր երկրում «Ցախավելների հեղափոխություն» իրականացնել: Ալիկ Արզումանյանի, Վահան Շիրխանյանի, մյուսների հռչակած քաղաքական օրակարգն իրատեսական չէր, այդ օրերի ընդդիմությունը գտնվում էր բարոյալքված վիճակում: Թերևս այս հանգամանքից օգտվեց Ռոբերտ Քոչարյանը՝ տալով Ալիկ Արզումանյանի կալանավորման հրամանը: Քոչարյանը մի կրակոցով «երկու նապաստակ խփեց». շինծու քրեական գործի մյուս ֆիգուրանտը մոսկվաբնակ հայ գործարար Լևոն Մարկոսն էր, ով բազմաթիվ անգամներ հրապարակավ արտահայտվել է, թե ինչպես են Հայաստանի նախկին և գործող նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խլել իր բիզնեսը: Փաստորեն Արզումանյանը և Շիրխանյանը (նա հաջողեց խուսափել կալանավորումից) մեղադրվում էին Մարկոսի փողերը կամ նրա միջոցով ուղարկված «կեղտոտ» փողերը «լվանալու» մեջ:

Ինչևէ, արդեն 2017-ի սեպտեմբերին Ալիկ Արզումանյանն ազատ արձակվեց: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արզումանյանի կինը խնդրանքով դիմեց այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանին: Փաստորեն Սերժ Սարգսյանը Արզումանյանի կենսագրության վերջին տասնամյակում երկու անգամ առանցքային դերակատարություն է ունեցել, մի դեպքում՝ նպաստելով նրա ազատությանը, մյուս դեպքում՝ գնահատելով նրա դիվանագիտական կարողությունները և նշանակելով դեսպան:

Այնուամենայնիվ, հենց Սերժ Սարգսյանի իշխանությունն է հատուցում Ռոբերտ Քոչարյան-Աղվան Հովսեփյան դուետի իրավական «բեսպրեդելի» համար: Ու սա առաջին ու վստահաբար վերջին դեպքը չէ, որովհետև իր նախագահության տասը տարիներին Սերժ Սարգսյանը այդպես էլ քաղաքական կամք չունեցավ Ռոբերտ Քոչարյանի արատավոր համակարգից ձերբազատվելու համար: