Սերժ Սարգսյանը տոն օրերին եղել է Մոսկվայում և Եվրոպայում. ի՞նչ է թաքցնում նախագահականը

- in Մամուլ
Serj Sargsyan

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սուրբ ծննդյան պատարագից Սերժ Սարգսյանի բացակայությունը պաշտոնապես մեկնաբանվեց վերջինս թեթև մրսածությամբ:

Այդ ընթացքում, սակայն հերքվեց տեղեկությունը, թե Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն: Այդպես էլ անհայտ մնաց, թե ինչ է պատահել Սերժ Սարգսյանին: Եվ մինչ փորձում էինք Սերժ Սարգսյանի առողջական խնդիրների հետքերով գնալ, բախվեցինք սենսացիոն տեղեկատվության:

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Սարգսյանը հունվարի առաջին օրերին իսկական վոյաժների մեջ է եղել:

Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը հունվարին 3-ին եղել է Մոսկվայում, դրանից առաջ, 1-2-ին՝ եվրոպական երկրներից մեկում: Թե որն է եղել Մոսկվա և Եվրոպա մեկնելու նպատակը, մեզ չհաջողվեց պարզել:

Համենայնդեպս, Սարգսյանի՝ երկրից բացակայելու վերաբերյալ տեղեկատվությունը նախագահականը սահմանված կարգով չի ներկայացրել հանրությանը: Բացի այդ, նախագահի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը երեկվանից համառորեն չի պատասխանում մեր զանգերին, ուստի այսօր ևս նրանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց սույն տեղեկության վերաբերյալ:

Սովորաբար Սերժ Սարգսյանի գործուղումների, ինչպես նաև արձակուրդի մեկնելու մասին տեղեկատվությունը տեղադրվում է նախագահական նստավայրի պաշտոնական կայքում: Դեկտեմբերի 31-ից հետո մինչ օրս միայն մեկ հաղորդագրություն է տարածվել, այն էլ՝ այսօր ֆինանսների նախարարին ընդունելու մասին: Սրանից առնվազն կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը հաղթահարել է թեթև մրսածությունը և վերադարձել աշխատանքային ռեժիմի:

Երեկ գրել էինք, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել Սուրբ Պատարագին, Ռիտա Սարգսյանը միայնակ էր Մայր Աթոռում: Դրանից հետո «Ժամանակ» օրաթերթը գրեց, որ Սարգսյանն առողջական խնդիրներ ունի և գտնվել է «Նաիրի» ԲԿ-ում: Բժշկական կենտրոնից մեզ հետ զրույցում հերքեցին այդ լուրը, իսկ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը «aysor.am»-ին տված մեկնաբանությունում ասել էր, որ Սարգսյանի մոտ թեթև մրսածություն է եղել և գտնվել է տանը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20