Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի օրակարգերը

- in Հրապարակ
Sezh Karen

Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ը կլինի Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում, որտեղ նախ՝ Փարիզում կհանդիպի այդ երկրի ղեկավարությանը՝ նոր նախագահ Մակրոնի գլխավորությամբ, իսկ հետո Ստրասբուրգում հունվարի 24-ին ելույթ կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում:

Հունվարի 22-ին Եվրոպա մեկնելու մասին հայտարարել է նաև Կարեն Կարապետյանը, որն առաջին անգամ կուղևորվի հին մայրցամաք վարչապետի կարգավիճակում՝ աշխատանքային այց կատարելով շվեյցարական Դավոս, որտեղ տեղի է ունենալու համաշխարհային տնտեսական ամենամյա հեղինակավոր համաժողովը: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Դավոսում հանդիպելու է նաև այլ պետությունների ղեկավարների հետ, և այդ իմաստով խիստ հետաքրքրական կլինի տեսնել, թե հատկապես ո՞ր երկրների ղեկավարների հետ է իր եվրոպական առաջին այցի ընթացքում հանդիպելու Կարապետյանը:

Թե՛ Սարգսյանի, թե՛ Կարապետյանի դեպքում ամենահետաքրքիր հարցերից մեկն այն է, թե արդյո՞ք այցերը կլինեն առաջինն ու վերջինը երկուսի դե յուրե իշխանական կարգավիճակում: Մյուս կողմից, իհարկե, միարժեք չէ, որ այդ հարցերը, ուղղակի թե անուղղակի, կլինեն Սերժ Սարգսյանի կամ Կարեն Կարապետյանի օրակարգերում: Սակայն հատկանշական է թերևս մի պահ, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուին, բավականին հետաքրքիր թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին: Սարգսյանի թեկնածության առաջադրումը շատերը գնահատեցին իբրև մեսիջ նաև արտաքին ուղղվածությամբ՝ հատկապես, այսպես ասած, արևմտյան՝ հաշվի առնելով Արմեն Սարգսյանի կենսագրությունը:

Ըստ այդմ, ստացվում է, որ Ֆրանսիա մեկնելուց առաջ Սերժ Սարգսյանը բացեց մի խաղաքարտ, ընդ որում՝ բավականին ուշագրավ խաղաքարտ: Ֆրանսիա այցը կարևոր է թե՛ Մակրոնի հետ հանդիպման, թե՛ նաև ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթի տեսանկյունից: Մի դեպքում ակնհայտ է, որ Ֆրանսիան Հայաստանի համար ունի յուրօրինակ «միջազգային հարաբերությունների փրովայդերի» դերակատարում, հատկապես Եվրամիության ու Եվրաատլանտյան բևեռի մասով: Իսկ ԵԽԽՎ-ում Սերժ Սարգսյանի ելույթը ըստ էության թերևս եթե ոչ ամբողջական, ապա նկատելի որոշակիություն կարող է մտցնել նրա հետնախագահական հավակնությունների հարցում:

Բոլոր դեպքերում հետաքրքիր կլինի, թե արդյոք հատկապես Մակրոնի հետ հանդիպումից հետո Սարգսյանը ԵԽԽՎ ամբիոնի իր ելույթում կպահպանի՞ այն անորոշությունը, որ կա նրա հետնախագահական կարգավիճակի հարցում, ինչպես անում է հայաստանյան ամբիոններից ելույթներով: Ի՞նչ նպատակով է Սարգսյանը Ֆրանսիա մեկնելուց առաջ բացել կարևոր խաղաքարտը՝ այսպես ասած, հաշվետվությա՞ն, թե՞ մանևրի:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20