Սերժ Սարգսյանն իշխանությունը կենտրոնացնում է միայն իր կողմից վերահսկվող արտահամակարգային գործիչների ձեռքերում

Serzh Sargsyan

Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի և Արմեն Սարգսյանի առաջադրումը նախագահի պաշտոններում ունեն և ընդհանուր, և միայն առանձին դեպքի համար ունիկալ մոտիվներ, բայց Սերժ Սարգսյանի կադրային քաղաքականության առանցքում «կարմիր թելի» պես անցնում է ՀՀԿ այսօրվա վերնախավին իշխանությունից զրկելու մոտիվը:

Կարեն Կարապետյանը, Արմեն Սարգսյանը, անգամ Արա Բաբլոյանը որևէ առնչություն չունեն ՀՀԿ այսօրվա վերնախավի հետ և նրանց նշանակումները տեղի են ունեցել նույնիսկ ի հեճուկս Հանրապետականի «ծերակույտի»: Իրականում Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժառանգությունից և կադրերից փորձել է ձերբազատվել իր նախագահության ողջ շրջանում: Քաղաքական զուգահեռ նախագծերով այդ խնդիրը լուծել հնարավոր չեղավ: Նույն ՄԻԱԿ-ը նոր ՀՀԿ ձևավորելու փորձ էր, սակայն նախագիծը տապալվեց, որովհետև համարժեք ռեսուրսի կրող չէր: Պետական իշխանության հետ սերտաճած ՀՀԿ վերնախավի համար ՄԻԱԿ-ը չեզոքացնելը մեծ դժվարություն չէր ներկայացնում, մանավանդ, որ Սարգսյանը համակարգի կայունությունն ապահովում էր կոմպրոմիսների միջոցով:

Համակարգային նշանակության ֆիլտրումներըՀովիկ Աբրահամյանի և Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկությունները, Մհեր Սեդրակյանին «խաղից դուրս» թողնելը, նույնպես ՀՀԿ-ն նորացնելու նպատակ ունեին, մանավանդայդ ֆիլտրումները ժամանակագրորեն համընկան Կարեն Կարապետյանի վարչապետության և իշխանությանն ու ՀՀԿ-ին «նոր ոգի» հաղորդելու շրջանի հետ: 2016-ի երկրորդ կեսից Սերժ Սարգսյանը բացահայտ պատերազմ հայտարարեց ՀՀԿ վերնախավին, որին որոշեց «ջախջախել» դրսից բերված կադրերի Կարեն Կարապետյանի, Արմեն Սարգսյանի, նույնիսկԱրա Բաբլոյանի և Վիգեն Սարգսյանի միջոցով: Սերժ Սարգսյանը թերևս հասկացավ, որ այսօրվա ՀՀԿ-ն կարող է «շնչահեղձ» անել նրան պետական ռեսուրսից հեռացնելու միջոցով:

Սերժ Սարգսյանն իշխանությունը կենտրոնացնում է միայն իր կողմից վերահսկվող արտահամակարգային գործիչների ձեռքերում` ՀՀԿ վերնախավը թողելով «խաղից դուրս» վիճակում: ՀՀԿ այսօրվա վերնախավը շատ շուտով հայտնվելու է Հովիկ Աբրահամյանի կամ Մհեր Սեդրակյանի իզգոյ կարգավիճակում: Ապրիլին ամբողջական տեսք կունենա Հայաստանի նոր իշխանությունը, որից հետո, անկասկած, կնորացվի նաև ՀՀԿ վերնախավը: Նույնիսկ «ընդարձակ մեծամասնության» բանաձևով Սերժ Սարգսյանը փորձում է սահմանափակել ՀՀԿ ազդեցությունը:

Դժվար է այս պահին կանխատեսել, թե ինչպիսին կլինի նոր ՀՀԿ-ն քաղաքական բովանդակության տեսանկյունից, բայց այն հաստատապես ձերբազատված կլինի Քոչարյանի մնացորդներից` կազմելով Սերժ Սարգսյանի նոր թիմի միջուկը:

Spread the love