Սկանդալ․ Ռուբեն Հայրապետյանը դիմել է ԱԱԾ՝ «ծախված խաղի» վերաբերյալ

- in Հասարակություն
ruben hayrapetyan

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու ՀՀ առաջին խմբի 2017-2018թ-ի մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր -ՖԱ Էրեբունի հանդիպման կազմակերպիչներին և մասնակիցներին հնարավոր կաշառք տալու կամ նրանց կողմից կաշառք ստանալու հանգամանքները:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը 2017 թվականի դեկտեմբերի 14-ին դիմել է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն՝ նշելով, որ նույն թվականի նոյեմբերի 20-ին կայացել է ՀՀ առաջին խմբի 2017-2018 թվականների մրցաշրջանի ՖԱ Լոռի Վանաձոր-ՖԱ Էրեբունի հանդիպումը, որն ավարտվել է 5:0 հաշվով:

Հանդիպման պայմանավորված լինելու վերաբերյալ զեկույց է կազմվել ՈՒԵՖԱ-ի կողմից, որում մանրամասն վերլուծության են ենթարկվել ամբողջ խաղի ընթացքն ու դրա վրա կատարված խաղադրույքները, ինչի արդյունքում կասկածներ են առաջացել, որ, մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով, հնարավոր է՝ խաղի կազմակերպիչներին և մասնակիցներին տրվել, իսկ վերջիններիս կողմից ստացվել կամ ընդունվել է կաշառք ստանալու առաջարկ:

Դեպքի առթիվ 2017թ-ի դեկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու նպատակով: 2018թ. հունվարի 8-ին քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի քննչական վարչություն, որտեղ նույն օրն այն ընդունվել է վարույթ:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանդիպման բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Մամուլում այսօր տարածված անլեգալ խաղադրույքների կամ պայմանավորված խաղի կասկածի վերաբերյալ Ռուբեն Հայրապետյանի կողմից ՀՀ իրավապահ մարմիններին դիմելու կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Ֆուտբոլային հանդիպումների մրցակցային և արդար խաղի սկզբունքի ապահովումն ինչպես միջազգային ֆուտբոլային կառույցների` ՈւԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի որդեգրած քաղաքականության կարևորագույն հենասյուներից մեկն է: Նշված խնդրի դեմ պայքարը շատ կարևոր է ինչպես ֆուտբոլային կառույցների, այնպես էլ ողջ հասարակության համար: Այդ համատեքստում, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործառույթներից է նաև ֆուտբոլային հանդիպումների այդ տեսանկյունից վերլուծությունների կատարումը և/կամ միջազգային կառույցների կողմից կատարված վերլուծությունների ՀՀ իրավապահ մարմիններին տրամադրելը:

Նշված գործառույթները, ինչպես նաև ողջ տեղեկատվությունն ըստ համաձայնագրերի և կանոնակարգերի կրում են խիստ կոնֆիդենցիալ բնույթ և հրապարակման ենթակա են օրենքով սահմանված կարգով»:

Spread the love