Vazgen Sargsyan

Վազգեն Սարգսյանը 88-ի համազգային շարժման ղեկավարներից մեկն էր` թեև հանրահավաքի հարթակներից ելույթներ ունենալ չէր սիրում: Տեսակետ կա, որ Վազգենին համազգային դեմք դարձրեց պատերազմը:

Սրա մեջ ճշմարտության հատիկ, իհարկե, կա, մյուս կողմիցՎազգեն Սարգսյանն ուներ մեծ խարիզմա, ինչի արդյունքում դեռ 1989-ի նոյեմբերին նա ընտրվեց ՀՀՇ վարչության անդամ, իսկ 1990-ի մայիսին Գերագույն խորհրդի պատգամավոր: Հենց այդ խարիզմայի շնորհիվ էր, որ Վազգեն Սարգսյանը դարձավ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարը, պաշտպանության առաջին նախարարը, հանրային ընկալման մեջ` Սպարապետ:

Պատերազմը Վազգեն Սարգսյանի համար սոսկ տարածքի կամ պատմական արդարության խնդիր չէր: Վազգեն Սարգսյանն արցախյան պատերազմը մոտիվացված էր համարում արժեքային, նույնիսկ գաղափարական հարթությունների վրա: «Ես այս պատերազմին տվել եմ ինչ որ կարող էի, ձեռք եմ բերել հպարտություն: Հանե՛ք այդ հպարտությունը, հանե՛ք այդ գաղափարըտակը բան չկա: Ես կռվել եմ, կռվում եմ և կռվելու եմ գաղափարի համար, նպատակի համար. իմ նպատակի ճանապարհին ոչ ոք ինձ լռեցնել չի կարող, հանգի՛ստ եղեք»,-մի առիթով ասել է Սպարապետը: Բնականաբար, Վազգենը խոսել է ոչ թե անհատական, այլ հավաքական, այսպես կոչված, համազգային հպարտության մասին: Այս գաղափարի մասին է խոսում Սպարապետըդրա կրող համարելով Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն և մեր հավաքականությունն որպես պետություն:

Հպարտ Հայաստանն էր Վազգենի տեսլականը, երբ նա առաջնագծում էր կամ պաշտպանության նախարարի պաշտոնում, քաղաքականության մեջ կամ վարչապետի կարգավիճակում: Վազգեն Սարգսյանը 1999-ի խորհրդարանական ընտրություններին անմիջական մասնակցություն ունեցավ` հստակ հասկացնելով, որ Հպարտ Հայաստանի կայացման բանալին այլևս տեսնում է քաղաքական, տնտեսական հարթություններում:

Պատերազմում հաղթանակը ոչինչ է, եթե դա չի ծառայում քաղաքացու բարեկեցությանն, անվտանգությանը: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն հենց Վազգեն Սարգսյանն էր Հայաստանի էլիտայի այն գործիչը, ով կարող էր կայուն խաղաղության երաշխավոր լինել: Միայն Վազգեն Սարգսյանի առաջարկած խաղաղության ծրագիրը կարող էր լեգիտիմացվել հասարակության համաձայնությամբ, որովհետև հաղթանակի խորհրդանիշ համարվող գործիչը չէր կարող կապիտուլացվել հակառակորդի առջև:

Թյուր է այն կարծիքը, թե Վազգեն Սարգսյանը «պատերազմի կուսակցության» ներկայացուցիչ էր, որովհետև նրա ողջախոհությունը, լայնախոհությունը հուշում են, որ Վազգեն Սարգսյանն արժանապատիվ խաղաղության, ողջամիտ փոխզիջումների ջատագովն էր: «Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին»,-ասում էր Վազգեն Սարգսյանը:

Վազգեն Սարգսյանի իշխանությունն ասոցացվում էր հենց ուժեղ Հայաստանի և տարածաշրջանային կայունության հետ: Մի հանգամանք, որն ամենևին ձեռնտու չէր աշխարհաքաղաքական այն կենտրոնին, որը Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանում է հակամարտության կողմերին սպառազինելու և տարածաշրջանային միլիտարիզացիայի բարձր մակարդակի հետևանքով: Վազգեն Սարգսյանի համար խաղաղությունն այլընտրանք չուներ. այդ նպատակին էր նա ծառայեցնում անգամ բանակի մարտունակության բարձրացումը:

Spread the love