Վիճակագրական մանիպուլյացիան կառավարության կեղծարարությունների միայն այսբերգային դրսևորումն է

- in Տնտեսական
Hashvark

«Ոչ մի խնդիր չկա, ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, կանաչի կերեք։ Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք։ Խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք։ Բենզինը թանկացել է, բրդեք ձեր մեքենաները»,- այսօր թանկացումներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ կառավարությանը հեգնել է Նիկոլ Փաշինյանը:

Վերջինս պատկերավոր ներկայացրել է նաև կառավարության վիճակագրական մանիպուլյացիայի սխեման: Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ ստեղծվել է պատկերավոր մի կշեռք, որի մի նժարին դրվել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները։ Հանրագումարի արդյունքում ստացվում է այն, որ համատարած գնաճի պայմաններում վիճակագրական ծառայությունը եկել է եզրակացության, որ գնաճն ընդամենը 2.6 տոկոս է։

Ընդդիմադիր պատգամավորը խոսել է փաստերով, և այս պարագայում կառավարության ներկայացուցիչների համար շատ դժվար է հակափաստարկ բերելը. նրանց մնում է ժողովրդին հորդորել՝ կանաչի կամ կանաչ սոխ ուտել, կամ էլ՝ ավանսով խոստանալ, որ կարագի գինը շուտով էժանանալու է:

Սակայն խնդիրը միայն վիճակագրական մանիպուլյացիան չէ. դա կառավարության կեղծարարությունների միայն այսբերգային դրսևորումն է, որի միջոցով փորձում են մարդկանց ուղեղները «լվանալ» ոչինչ չասող թվերի ու մասնագիտական տերմինների տարափով:

Նույն կեղծիքի դրսևորումն են նաև խորհրդարանական այսօրվա լսումները, որոնց ընթացքում խոսվում է գործնականում ամեն ինչից, վերլուծվում է անգամ միջազգային շուկայի կոնյուկտուրան, սակայն շրջանցվում է հիմնական թեման՝ ինչպե՞ս անել, որ կանխվեն սպեկուլյատիվ թանկացումները, որոնք առաջին հերթին հարվածում են հասարակության անապահով խմբերի գրպանին:

Խիստ կենսական է, նույնիսկ անհրաժեշտություն՝ պարզել, թե թանկացումների որ հատվածն է բաժին ընկնում միջազգային ոչ բարենպաստ կոնյուկտուրային, որը՝ մեր տնտեսության կառուցվածքին:

Հենց այս հարցի պատասխանին պետք է հետամուտ լինի ընդդիմությունը, որովհետև, եթե կառավարությունն անզոր է ազդել, օրինակ, կարագի կամ բենզինի միջազգային գների վրա, ապա կարող է ու պարտավոր է վերացնել դրանց ներկրման մենաշնորհը, որպեսզի միջազգային կոնյուկտուրան Հայաստանում գնային սպեկուլյատիվ քաղաքականության պատճառ չդառնա:

Կարեն Կարապետյանի կառավարությունը գուցե իսկապես մեղավոր չէ, որ համաշխարհային շուկայում թանկանում են բենզինի գները, բայց հաստատ մեղավոր է այն հարցում, որ Հայաստանի տնտեսական հարաբերություններում բացակայում է մրցակցության բաղադրիչը, ինչը բերում է նրան, որ դրսի թանկացումները աղետի առաջ են կանգնեցնում Հայաստանի տնտեսությունը, իսկ համաշխարհային շուկայում գնանկումը, որպես կանոն, շրջանցում է Հայաստանը:

Մաքսային միությունն անհրաժեշտաբար պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը, բայց եթե Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին պարբերաբար բերելու է շուրջ 800 անուն ապրանքների թանկացմանը, ապա անհրաժեշտություն է առաջանում քննարկել այդ միությունում Հայաստանի գտնվելու նպատակահարմարության հարցը, մանավանդ, որ ինտեգրացիոն այդ մոդելը հեռանկարներ չի ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման համար:

Սրանք գլոբալ հարցեր էին, որոնք շրջանցվեցին խորհրդարանական այսօրվա լսումների ժամանակ: Մենք լսեցինք կառավարության ներկայացուցիչների դասախոսություններ հիշեցնող զեկույցները, ընդդիմադիր պատգամավորների միտինգային ելույթները, սակայն դրանցից հասարակության դարդն ու ցավը չպակասեց՝ ևս մեկ անգամ փաստելով, որ քաղաքական համակարգն անհուսալիորեն օտարված է հասարակությունից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20