Տարոն Մարգարյանն անցնում է Կարեն Կարապետյանի կո՞ղմը

- in Տնտեսական
karen-karapetyan

Կառավարության նիստում Կարեն Կարապետյանը ՏԻՄ կառույցներին հանձնարարել է լուծումներ առաջարկել գույքի և հողի հարկի ու այլ պարտադիր վճարների գծով կուտակված պարտավորությունների խնդիրը լուծելու մասով՝ հայտարարելով, որ պետք է սկսել մաքուր էջից:

Կարեն Կարապետյանի այդ հայտարարությունը կամ հանձնարարությունը խիստ բնորոշ է նախընտրական տրամաբանությանը, քանի որ տողատակում խոսքն անկասկած վերաբերում է յուրօրինակ «համաներման», համենայնդեպս՝ քաղաքացիների համար բեռի որոշակի թեթևացման: Այլ կերպ դժվար է պատկերացնել հանձնարարականը, քանի որ հակառակը պարզապես պարտքի կոշտ գանձումն է: Ընդ որում, ուշագրավ է, որ հարկային դաշտում, օրինակ, ոչ պոպուլյար բարձրացումների գնացող կառավարությունը, ինչի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նախօրեին խորհրդարանում պարզապես բաց տեքստով հայտարարեց, որ փող է պետք, և հենց այդ պատճառով էլ բարձրացնում են հարկերը, ՏԻՄ մակարդակում գնում է հակառակ տրամաբանության՝ պարտքային բեռը որոշակիորեն լիցքաթափելու և «մաքուր էջից» սկսելու:

Չի բացառվում, որ այդ քայլով կառավարությունը փորձում է պարզապես հավասարակշռել հարկային բեռի թանկացումն ու դրա հետևանքով գնաճը, որը առաջացրել է բավականին մեծ սոցիալական դժգոհություն և որոշակի ճնշում իշխանության վրա: Մի մակարդակում բարձրացնելով հարկային բեռն ու բերելով գնաճի՝ շատ փող հավաքելու համար, մյուս մակարդակում կառավարությունը փորձում է պարտքային յուրօրինակ «համաներման» տրամաբանություն աշխատեցնելով մեղմել դժգոհությունը:

Մյուս կողմից՝ Կարեն Կարապետյանի, ըստ տրամաբանության, նախընտրական քայլի տողատակում կա նաև մյուս խնդիրը՝ 2018-ի հարցը, որը իր բնույթով ըստ էության հենց նախընտրական հարց է, որը, սակայն, կատարվելու է իշխանության ներսում: Այդ դեպքում իհարկե հարց է ծագում, թե ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հանձնարարում անել քայլ, որն ըստ էության «դրսի» համար է, ոչ թե ներսի:

Այստեղ խնդիրը թերևս այն է, որ Կարեն Կարապետյանը փորձում է հավասարակշռել արդեն այլ բան՝ ներսն ու, այսպես ասած, դուրսը: Ներսում թերևս տեսնելով Սերժ Սարգսյանի որոշակի առավելություն՝ Կարեն Կարապետյանն ըստ երևույթին փորձում է առավելություն ձեռք բերել կամ փոխհատուցել ներսում դիրքերի որոշակի աննպաստությունը դրսում դիրքերն ամրացնելով, այսինքն՝ հանրային որոշակի ռեսուրս ավելացնելով, հատկապես նվազող վարկանիշի ֆոնին:

Մյուս կողմից՝ Կարեն Կարապետյանն ըստ էության թեթևացնում է նաև ՏԻՄ կառույցների բեռը, քանի որ կուտակված հարկային և այլ վճարային պարտավորությունները ի վերջո մնալու էին այդ կառույցների ուսերին, դրանք պետք է կատարեին կամ հավաքագրեին, այսինքն՝ հանրության հետ այդ մակարդակում կոնֆլիկտի գնային այդ կառույցները: Այդպիսով Կարապետյանը գուցե փորձում է որոշակի, այսպես ասած, դրական տրամադրվածություն կամ ընկալում ունենալ ՏԻՄ համակարգում:

Հատկանշական է, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ նրան դիմել է, որպեսզի հանձնարարականում ներառվի նաև ինքը: Դա իր հերթին հետաքրքիր դրվագ է, որն էլ իր տողատակում արտացոլում է Տարոն Մարգարյանի անվստահությունը Սերժ Սարգսյանի նկատմամբ, որը անկասկած կարող էր, սակայն ոչինչ չարեց Երևանի ավագանիում Տարոն Մարգարյանին «Երկիր ծիրանիի» ներկայությունից զերծ պահելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20