«Ցռան մոզու» գործը սկսվեց. Պավել Մանուկյանն է ասել դատավոր Արտուշ Գաբրիելյանին

- in Իրավունք
Pavel Manukyan

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ մեկնարկեց «Սասնա Ծռերից»՝ Պավել Մանուկյանի գործի դատական քննությունը:

Պավել Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Սասնա Ծռերի» գործով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ 2017 թվականի հուլիսի 26-ի նիստի ժամանակ նա չի ենթարկվել տեղից չխոսելու վերաբերյալ նախագահողի պահանջին, շարունակել է խոսել, իսկ երբ դատավոր Գաբրիելյանը նրա նկատմամբ սանկցիա է կիրառել՝ 10 ժամով հեռացնելով դատական նիստից, նա դատավորին անվանել է «ցռան մոզի»:

Ըստ մեղադրանքի՝ Պավել Մանուկյանը անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով:

Պետք է ասել, որ Սերգեյ Մարաբյանը բավական հմուտ հոգեբանական ու մասնագիտական վերաբերմունքով կարողացավ նիստն ընթացքի մեջ պահել, անգամ՝ անցնել դատաքննությանն ու սահմանել ապացույցների հետազոտման կարգը:

Դատական նիստի սկզբում Պավել Մանուկյանը պահանջեց իրեն «ամբաստանյալ» չանվանել. «Տերմինաբանությունը մեզ մոտ չի աշխատում, կարող եք ասել՝ պարոն Մանուկյան կամ՝ Արդարության մարտիկ»,- ասաց նա դատավորին:

Դատավորը չկենտրոնացավ այդ հարցի վրա՝ խաղաղ ընթացք տալով հարցին. «Կասենք՝ Մանուկյան»: Նիստի ընթացքում դատավորը Պավել Մանուկյանին նաև «պարոն Մանուկյան» անվանեց մի քանի անգամ:

Երբ դատավորն առաջարկեց պարզաբանել նախագահողին ինքնաբացարկի միջնորդություն անելու՝ օրենքի պահանջները, Պավել Մանուկյանն ասաց. «Էնքան դատավոր ենք փոխել, մեզ լրիվ պարզ ա»:

Պավել Մանուկյանի շահերը պաշտպանում են նրա պաշտպանները՝ փաստաբաններ Ինեսա Պետրոսյանն ու Հարություն Բաղդասարյանը:

Մեղադրանքն այս գործով պաշտպանում է դատախազ Պետրոս Մարտիրոսյանը:

Պավել Մանուկյանն ասաց՝ առայժմ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չունեմ:

Երբ դատարանն անցավ Պ. Մանուկյանի ինքնությունը ճշտելուն, նա ասաց. «Էս անգամ ես ներկայացողը չեմ»:

Այնուամենայնիվ, Պավել Մանուկյանը շեշտեց՝ «Իրերն իրենց անուններով կոչելու բացառիկ տաղանդով եմ օժտված… Երբ իրերն իրենց անուններով եմ կոչում, դատավորների ջանը քոս ա ընկնում…»: Այնուհետև նա հայտարարեց. «Իմ պայքարի ձևը չեք կարող փոխել՝ անկախ նրանից՝ ինչ վճիռ կկայացնեք… Ինչ էլ վճռեք, ես իմ կողմից կկրկնապատկեմ… Եթե, օրինակ, զրո որոշեք, ես էլ իմ կողմից դրա կրկնապատիկը կավելացնեմ՝ զրո…»:

Պավել Մանուկյանը հայտնեց, որ գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում: Կրթության վերաբերյալ հարցին պատասխանեց, որ սովորել է բարձրագույն զինվորական սպայական կուրսերում, հայերենին տիրապետում է, թարգմանչի կարիք չունի: Վերջին հարցի վերաբերյալ նկատեց, որ նման հարց իրեն պետք չէր տալ, իսկ դատավորի խոսքին՝ թե օրենքի տառն է այդ պահանջում, Պավել Մանուկյանն ասաց. «Էս ամեն ինչն արել ենք, որ օրենքի տառը պահվի»:

Այնուհետև նա դատավորին հարցրեց. «Իսկ ո՞ւր է հանցագործը՝ նա, ում պատճառով ես էստեղ եմ»:

Դատավորը նշեց, որ Պավել Մանուկյանը մեղադրվում է դատարանի՛ն վիրավորելու համար:

«Պատե՞րն են բողոքում»,- հարցրեց Պավել Մանուկյանը:

Դատավորը պարզաբանեց տվյալ հոդվածի հանցակազմը՝ հանրային շահի խնդիր կա, մասնավոր անձի խնդիր չէ… Սա կոչվում է հանրային մեղադրանքի գործ՝ երբ արդարադատության շահն է տուժել…

Պաշտպան Հարություն Բաղդասարյանն առարկեց՝ նշելով, որ եթե գործը հանրային մեղադրանքի է, չի նշանակում, որ կոնկրետ տուժող չկա…

Պաշտպան Ինեսա Պետրոսյանը միջնորդեց կարճել այս քրեական գործի վարույթը՝ նշելով, որ մեղադրանքում կոնկրետ ասված է՝ Պավել Մանուկյանը ոտնձգել է դատավոր Գաբրիելյանի պատվի ու արժանապատվության դեմ, սակայն դատավորը դրա վերաբերյալ հաղորդում չի տվել, նա նույնիսկ չի հարցաքննվել. «Դատավորը նախաքննության ժամանակ պե՛տք է հարցաքննվեր, պե՛տք է հայտներ իր դիրքորոշումը՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորվե՞լ են, թե՞ ոչ… Մի քանի կարգադրիչների ուղղորդված ցուցմունքներն են դրվել մեղադրանքի հիմքում… Կարգադրիչնե՞րն են որոշել, որ վիրավորվել է դատավորի պատիվն ու արժանապատվությունը…»:

Պաշտպանը նշեց, որ մեղադրանքը փորձում են ներկայացնել այնպես՝ իբր սուբյեկտը դատարանն է, որին հարցաքննել հնարավոր չէ… Նման պայմաններում քրեական գործի վարոյւթը ենթակա է կարճման:

Պաշտպանը հիշատակեց նաև, որ նույն դատարանի նույն դահլիճում Պավել Մանուկյանի հիշյալ միջադեպից դեռ մեկ ամիս առաջ երեք Ծռերի նկատմամբ բռնություն է գործադրվել, լրատվամիջոցներն անմիջապես արձագանքել են, սակայն այդ գործով նույնիսկ ներգրավված մեղադրյալ չկա, չնայած՝ լավ էլ հայտնի է՝ ով է բռնություն գործադրել…

Նախագահողը այս վերջին հիշատակումը համարեց տվյալ գործի ու առաջադրված մեղադրանքի հետ առնչություն չունեցող:

Պաշտպանի միջնորդության քննարկման ժամանակ Պավել Մանուկյանն ասաց. «Երկիրը ծանր վիճակում է, իսկ մենք էստեղ դատախազ-դատավոր ենք խաղում… Զարմանում եմ՝ ոնց եք էս գործը ձեր վարոյթ ընդունել…»:

Դատավորն ասաց, որ իր պարտականություններն է կատարում: Եվ ոչ ոք դեռ չգիտի՝ ինքն ինչ որոշում է կայացնելու: Միայն թե նախ՝ պետք է քննել գործը…

Պավել Մանուկյանը Արտուշ Գաբրիելյանի նախագահած դատարանի վերաբերյալ ասաց. «Էդ դատարանը չհասկացավ՝ մենք պատանդ վերցնող չենք, մենք պատանդառված Հայաստանը փրկողներն ենք… Ես էդ դատարանն անվանել եմ «Գարշելի դատարան»:

Ինչ վերաբերում է քրեական գործի վարույթը կարճելու՝ պաշտպանի միջնորդությանը, դատարանը քննարկումից հետո որոշեց միջնորդության լուծումը հետաձգել, դրան անդրադառնալ ապացույցների հետազոտումից հետո:

Պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատավոր Մարաբյանին հիշեցրեց, որ նա ժամանակին դիմել էր Սահմանադրական դատարան՝ գործի վարույթը՝ մինչև դատաքննության նշանակումը կարճելու հարցով:

Նախագահողը նշելով, որ իր ու պաշտպանի միջև իրավաբանական դիսկուրս է տեղի ունենում, չխուսափեց պատասխանից ու ասաց, որ Սահմանադրական դատարանը պատասխանել է՝ եթե բավարար հիմքեր չկան գործի վարույթը կարճելու համար, այն պետք է տեղափոխել դատաքննության փուլ, առկա բոլոր հարցերը քննարկել դատաքննության փուլում: Մինչդատական խախտումներին էլ կարելի է անդրադառնալ միայն դատաքննության փուլում…

Պաշտպան Ինեսա Պետրոսյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց: Քանի որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ում պատվի ու արժանապատվության դեմ, ըստ մեղադրանքի, ոտնձգել է Պավել Մանուկյանը, նախաքննության փուլում չի հարցաքննվել, նա ընդգրկված չէ դատակոչի ցուցակում, ապա լրացնել դատակոչի ցուցակը, Արտուշ Գաբրիելյանին հրավիրել դատարան ու հարցաքննել՝ պարզելու համար՝ նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորվե՞լ են: «Մենք չգիտենք նրա կարծիքը»,- պնդեց պաշտպանը:

Պավել Մանուկյանը այս միջնորդության քննարկման ժամանակ իր կարծիքը հայտնեց Արտուշ Գաբրիելյանի մասին. «Ես անպայման եմ ուզում նրան այստեղ տեսնել… Սկզբից էլ նրան ասել եմ՝ դուք լավ մարդ եք: Ես նրա հետ քեֆի կգնայի, բայց նա որպես դատավոր՝ անզոր է, նա ուղղորդված դատավոր է… Նրա ներկայությունը այս գործի քննությանը անհրաժեշտ է…»:

Նախագահողը պաշտպանի այս միջնորդության լուծումը ևս հետաձգեց՝ նշելով, որ դրան կանդրադառնա անհրաժեշտությունն առաջանալուն պես, երբ եղած ապացույցների հետազոտումից հետո դրա անհրաժեշտությունն ակնհայտ կլինի…

Պաշտպան Հարություն Բաղդասարյանը միջնորդության լուծումը հետաձգելը պատճառաբանեց այսպես՝ Եթե բավարարեիք, լրատվամիջոցները պիտի գրեին՝ դատավորը դատավորին է կանչել…

Դատավորն ասաց՝ Ես հանրային կարծիքով չեմ առաջնորդվում, մեղադրանքը դեռ չի հրապարակվել, եկեք նախ անցնենք դատաքննության…

Ընդմիջումից հետո պաշտպան Հարություն Բաղդասարյանը միջնորդեց հետաձգել նիստը երկու պատճառով՝ ինքը ցանկանում է պատրաստվել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը, բացի այդ՝ Պավել Մանուկյանի վիրավոր ոտքը սկսել է ուժեղ ցավել. «Ոտքի մետաղական մասը ցրտից սկսում է ցավել»:

Պավել Մանուկյանն ասաց, որ իրեն տեղափոխել են «Վիլիսով», ինչը սաստիկ անհարմար է իր վիրավոր ոտքի համար, նա նույնիսկ դատավորին խնդրեց միջամտել, որ գոնե դատարանից Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխեն «Գազելով»:

Նախագահողը ուղեկցողներին հորդորեց հնարավորինս նորմալ պայմաններում իրականացնել տեղափոխումը:

Այնուհետև նախագահողը կարողացավ պաշտպանական կողմին համոզել, որ այս նիստի ընթացքում մեղադրողը հրապարակի մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ու դատարանը սահմանի ապացույցների հետազոտման կարգը:

Մեղադրողի հրապարակումից հետո դատավորը Պավել Մանուկյանին պարզաբանեց՝ Դուք հիշյալ նիստում նախագահող դատավորին անվանել եք «Ցռան մոզի»՝ դատավորին վիրավորելու ձևով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եք դրսևորել…

Պավել Մանուկյանն իր դիրքորոշումը հայտնեց. «Ես երբեք մեղավոր չեմ եղել, չեմ լինի ու չեմ լինելու… Ես սերված եմ մի պատվարժան, հայրենասեր, հայրենապաշտ ընտանիքից, որտեղ հանցագործներ լինել չեն կարող, իմ սերունդն էլ է էդպիսին…»:

Երբ պաշտպան Հարություն Բաղդասարյանը ապացույցների հետազոտման կարգի վերաբերյալ խոսելիս կրկնեց, որ հաջորդ նիստին դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու, դատավորն ասաց՝ միգուցե ձեր պաշտպանյալը կհրաժարվի ձեր միջնորդությունից…

Լսելով կողմերին՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման այսպիսի կարգ՝ կհարցաքննվեն վկաները, կհետազոտվեն գործի նյութերը: Ինչ վերաբերում է մեղքը չընդունող Պավել Մանուկյանի հարցաքննությանը, դատավորը հատուկ ընդգծեց՝ Պավել Մանուկյա՛ն, դուք կարող եք հարցաքննվել ցանկացած պահի՝ դա ձեր բացառիկ իրավունքն է, դուք կարող եք օգտվել այդ իմունիտետից ու ցանկացած պահի ցուցմունք տալ, միայն՝ նախապես հայտարարեք այդ մասին…

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 2-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20