Փիրուզյանի սպանությունը նախապատմություն ուներ

- in Հասարակություն
Dzernashxta

Այսօր առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ձերբակալվել է անցած տարի սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի բակում հրազենային վիրավորում ստացած Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը՝ Ալավերդցի Վահագը։

Մեր տեղեկություններով` նա ձերբակալվել է անցած տարի Ալավերդիի շուկայի տարածքում կատարված սպանությունը կազմակերպելու կասկածանքով։

2017 թվականի հունիսի 13-ին 12:10-ի սահմաններում, Ալավերդու կենտրոնական Թումանյան փողոցի ամենաբանուկ հատվածում «Կատա» սուպերմարկետի շենքում գտնվող և մայրուղուն հարող ծաղկի խանութից արձակված հրազենային կրակոցներից սպանվել է Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 22 շենքի բնակիչ, 30-ամյա Կամո Փիրուզյանը: Կամո Փիրուզյանը շտապօգնության մեքենայով Ալավերդու բժշկական կենտրոնի հիվանդանոց տեղափոխելիս ճանապարհին մահացել էր։ Կամո Փիրուզյանին հրազենային կրակոցներով սպանող անձը տեղում հանձնվել էր ոստիկանությանը:

Փիրուզյանի սպանությունը նախապատմություն ուներ։ Կամո Փիրուզյանի եղբայրը՝ Վարդան Փիրուզյանը, մեղադրվում էր 2016թ.-ի մայիսի 19-ի կեսգիշերին Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի 22 շենքի բակում հրազենային կրակոցներով Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանին և Երևան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանին սպանելու համար:

Կամո Փիրուզյանի սպանությունը Ալավերդիում 2016թ.-ի հունիսի 6-ի քաղաքապետի ընտրության ընթացքում սկսված «ռազբորկաների» շարունակությունն էր։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 14-ին օրը ցրեկով վերնիսաժի հարևանությամբ գտնվող Թուֆենկյան հյուրանոցի բակում ավտոմատից կրակոցներ էին արձակվել Վահագն Աբգարյանի ուղղությամբ։ Արձակված կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի անվտանգության աշխատակիցը՝ Գագիկ Մոսինյանը, իսկ մյուսները կրակոցներից չէին տուժել: Ալավերդցի Վահագը կրծքավանդակի հարևանությամբ ծանր հրազենային վիրավում էր ստացել և տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել էին՚ Դեպքից հետո սպանության համար հետախուզվում էր հայտարարվել Ալավերդիի բնակիչներ Ալբերտ Բլբուլյանի, Արմեն Կարադավիդովի եւ Ռաֆիկ Խաչատրյանի նկատմամբ, որոնք հետագայում հայտնաբերվել էին։