Փոփոխության իշխանությունը կգնա գերազանցապես հանրային ճնշման պարագայում

- in Հասարակություն
nikol-aram-edmon

Մինչև ժողովուրդը դուրս չգա փողոց, որևէ փոփոխություն տեղի չի ունենա և իշխանությունը չի գնա տնտեսական որևէ քայլի՝ հանրության խնդիրները լուծելու և սոցիալ-տնտեսական ծանրությունը թեթևացնելու համար: Այդ միտքը արտահայտել է խորհրդարանի «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Դաշինքի մեկ այլ առաջնորդ, Էդմոն Մարուքյանը ևս հայտարարել է, որ խորհրդարանական հարթակը սպառված է և հնարավոր է միայն փողոցային պայքար: Այդ ելույթները հնչել են նախօրեին խորհրդարանում, երբ իշխանությունը մերժել է «Ծառուկյան» դաշինքի առաջարկը՝ եկամտահարկը 3000 դրամով նվազեցնելու վերաբերյալ:

«Ելք»-ը Ծառուկյան դաշինքի առաջարկի այդ մերժումը փորձել է օգտագործել որպես առիթ ոչ միայն հունվարի 19-ին թանկացումների դեմ հայտարարված իր երթը ևս մեկ անգամ ազդարարելու և հնարավորինս շատ հանրային շրջանակներ ներգրավելու համար, այլ նաև «Ծառուկյան» դաշինքին ինչ-որ իմաստով պատասխանելու: Բանն այն է, որ դաշինքը չընդունեց փողոցային պայքարի «Ելք»-ի առաջարկը, ասելով, որ խորհրդարանական հնարավորությունները չեն սպառվել:

Այժմ «Ելք»-ը կոնկրետ «Ծառուկյան» դաշինքի առաջարկի մերժման օրինակի վրա հրատապ ցույց է տալիս, թե սպառվել են, «Ծառուկյան» դաշինքը չունի խորհրդարանում որևէ հնարավորություն և հնարավորությունը փողոցում է: Որքան էլ գրեթե անհերքելի է թվում այն, որ խորհրդարանում բոլոր հնարավորությունները կախված են ՀՀԿ-ից, փողոցում հնարավորությունների հարցը մեղմ ասած չի դառնում միարժեք:Բանն այն է, որ փողոցային պայքարի մեթոդաբանությունը Հայաստանում ներկայումս, կամ գոնե առայժմ իր արդյունավետությամբ և հեռանկարայնությամբ ամենևին ավելին չի խոստանում, քան ասենք ինստիտուցիոնալ որևէ հարթակ: Ընդհանրապես իհարկե բանը ոչ միայն համեմատությունը չէ, այլ համեմատությունն ընդհանրչապես սխալ է: Եվ բանն ընդհանրապես պայքարի այսպես ասած հարթակները չեն՝ փողոց, հրապարակ, խորհրդարան, թե որևէ այլ տեղ: Բանը պայքարի տրամաբանությունն է, օրակարգը, ձևակերպված խնդիրների հստակությունն ու հետապնդվող նպատակների ու դրանց ուղղությամբ կատարվելիք քայլերի հնարավորինս երկարաժամկետ հաջորդականությունը: Կառուցվում է որևէ պայքար դրա՞նց վրա, թե՞ օրինակ փողոցում հնարավորինս շատ մարդ հավաքելու:

Հայաստանում մինչ այժմ տրամաբանության և մեթոդաբանության հիմքում եղել է «մարդաշատությունը»: Բայց, արի ու տես, որ փողոցում մարդիկ ոչ միայն չեն ավելացել, այլ հակառակը՝ սկսել են նվազել: Եվ այստեղ իհարկե խնդրի լուծում տեսնել միայն կոչերում, թե մարդիկ են մեղավոր, որ միայն խոհանոցում են խոսում, իսկ դուրս չեն գալիս, դարձյալ մոլորություն է և անհամարժեքություն: Առանցքային խնդիրը այս դեպքում այն է, որ Հայաստանում ընդդիմությունն այդ իմաստով կամաց-կամաց վերածվեց «ոչ պետական մեղադրողի», հանրային օրակարգ ձևավորողի փոխարեն: Լուծումներ թերևս պետք է փնտրել այստեղ՝ ինչպես ձևավորել օրակարգ, դուրս գալով «ոչ պետական մեղադրողի» կարգավիճակից, որում ընդդիմությունն անմիջապես հայտնվում է առաջին իսկ առիթի դեպքում: Հակառակ դեպքում, անգամ ամենաբազմամարդ փողոցային գործընթացներն ավելի շուտ անցնում են իշխանության անուղղակի կամ ուղղակի կառավարման ներքո, միանա՞ դրանց «Ծառուկյան» դաշինքը, թե ոչ:

Մի բան սակայն անկասկած է, որ կոսմետիկայից դուրս որևէ հիմնարար սոցիալ-տնտեսական փոփոխության իշխանությունը կգնա գերազանցապես հանրային ճնշման պարագայում: Ամբողջ հարցն այդ ճնշումը ստանալն է, որովհետև եղել են ճնշման բազմաթիվ նախադեպեր, բայց հանրությունն այդպես էլ չի ստացել կոսմետիկ փոփոխությունից ավելի: Հետևաբար, ըստ երևույթին արժե լրջորեն հասկանալ հանրային ճնշում ասվածը, մեխանիկական տեղապտույտում չհայտնվելու համար:

Spread the love