Քաղաքական գարուն՝ ձմռանը. վարչապետի և նախագահի թեկնածուների առաջադրման և ընտրության կարգը

AJ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականին Հայաստանի քաղաքական «գարունը» կսկսվի ձմռան կեսին՝ հունվարի 15-ից, քանի որ Հայաստանի խորհրդարանն իր աշխատանքները սկսելու է հունվարի 15-ից, իսկ փետրվարից, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետությունն անցում է կատարում կառավարման խորհրդարանական համակարգին:

Սա էլ ենթադրում է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 5-րդ գլխի համաձայն մինչև ապրիլի առաջին կիսամյակ խորհրդարանը պետք է հասցնի ընտրել երկրի նոր նախագահ և վարչապետ:

Ի դեպ, ընտրվելու է Հայաստանի 15-րդ վարչապետը և 4-րդ նախագահը: Վերջինիս ընտրության հարցում քաղաքացիներն այլևս անելիք չունեն: Խորհրդարանի ընտրած նախագահն իր լիազորությունները կստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից: Այդ պահից սկսած կդադարեն Սերժ Սարգսյանի լիազորությունները, իսկ կառավարությունը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հրաժարական կտա:
2015 թվականին ընդունված Սահմանադրության համաձայն, փետրվարի վերջին 10 օրերին՝ փետրվարի 19-ից 28-ը, խորհրդարանական ուժերի կողմից առաջադրվելու են ՀՀ նախագահի թեկնածուները: Արդեն մարտի առաջին տասնօրյակում խորհրդարանը պետք է ընտրի նոր նախագահին:

Նախագահի ընտրությունն ընթանալու է հետևյալ կերպ. պատգամավորների ¼-ը կառաջադրի նախագահի թեկնածու, իսկ եթե թեկնածուն ստանա պատգամավորների ¾-ի ձայները, որը համարժեք է 75 տոկոսի, ապա տվյալ թեկնածուն կհամարվի ընտրված: Եթե որևէ թեկնածու չստանա ձայների նշված քանակը, ապա պետք է տեղի ունենա նախագահի ընտրության 2-րդ փուլը: Այս փուլում երկրի նախագահ դառնալու համար անհրաժեշտ է լինելու պատգամավորների 3/5-ի ձայները, որը համարժեք է 60 տոկոսի: Եթե ստացվի այնպես, որ նախագահը չընտրվի նաև այս փուլով, ապա տեղի է ունենում 3-րդ փուլը: Երրորդ փուլում պայքարելու են միայն երկու թեկնածուները, որոնք 2-րդ փուլում ստացել են ամենաշատ ձայները, իսկ 3-րդ փուլում նախագահ կընտրվի նա, որն ամենաշատ քվեները կստանա. այստեղ թվային շեմը հաղթահարելու խնդիր չկա: Խորհրդարանական երկրում նախագահը պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով:

Այնուհետև՝ ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ԱԺ խմբակցությունները Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն, պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որևէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու է պատգամավորների 1/3-ը:

Ի դեպ, խորհրդարանի ընտրած վարչապետին նշանակում է նորընտիր նախագահը: Սահմանադրության համաձայն՝ նոր վարչապետը հինգ օրվա ընթացքում պետք է առաջադրի փոխվարչապետերի և նախարարների թեկնածուներին, իսկ նախագահը նրանց թեկնածությունը պետք է հաստատի երեք օրվա ընթացքում: Վարչապետի ընտրությունից 15 օր հետո լիարժեք ձևավորված կլինի ՀՀ նոր կառավարությունը:

Սահմանադրության համաձայն, կառավարությունում փոխվարչապետերի թիվը 3-ից ավելի չի կարող լինել, իսկ նախարարներինը՝ 18-ից»:

Spread the love