Serj Robert

Հայաստանի երեք նախագահներն էլ համազգային շարժման ծնունդ են: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը եղել է համազգային շարժման «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ապա 1988-90թ-ին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն ակտիվ դերակատարություն են ունեցել Արցախում, մասնավորապես` Քոչարյանը համակարգել է «Կռունկ» կոմիտեի գործունեությունը:

Այնուամենայնիվ, Հայաստանի երեք նախագահները տարբեր վերաբերմունք են ունեցել 88-ի, նրա արժեքների, շարժման և պատերազմի մասնակիցների հանդեպ: Դրա դրսևորումներից մեկը նախագահների կողմից Ազգային հերոսի կոչումով պարգևատրվածների ցանկի ուսումնասիրությունն է:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում Ազգային հերոսի կոչմանն է արժանացել 10 գործիչ, որոնցից յոթըՄոնթե Մելքոնյանը, Ջիվան Աբրահամյանը, Վիտյա Այվազյանը, Մովսես Գորգիսյանը, Թաթուլ Կրպեյանը, Գեղազնիկ Միքայելյանը և Յուրա Պողոսյանն, առնչություն ունեն համազգային շարժման կամ Արցախյան առաջին պատերազմի հետ: Ընդ որում, Տեր-Պետրոսյանը հատվածական վերաբերմունք չդրսևորեց շարժման տարբեր հոսանքների հանդեպ: Օրինակ Մովսես Գորգիսյանը և Թաթուլ Կրպեյանը համապատասխանաբար ԱԻՄ և ՀՅԴ անդամներ են եղել, որոնք ընդդիմադիր էին առաջին նախագահին:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ազգային հերոսի կոչմանն է արժանացրել չորս գործչի, որոնցից միայն Վազգեն Սարգսյանը կապ ունի համազգային շարժման հետ: Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանը Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո հարկադրված էր Ազգային հերոսի կոչում շնորհել Վազգեն Սարգսյանին ու Կարեն Դեմիրճյանին, որպեսզի մեղմի իր անձի հանդեպ հանրային հարաճուն դժգոհությունը և կասկածները:

Սերժ Սարգսյանը Ազգային հերոսի կոչում է շնորհել երեք գործչի, որոնցից որևէ մեկը առնչություն չունի 88-ի համազգային շարժման հետ: Բերված փաստերը պատահականություն չեն և բացահայտում են Հայաստանի երեք նախագահներից յուրաքանչյուրի արժեքային համակարգը, վերաբերմունքը համազգային շարժման, մեր ժողովրդի իդեալների ու երազանքների հանդեպ:

Spread the love