2018-ի նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության համար

- in Հասարակություն
AJ

2018 թվականը Հայաստանի համար անկասկած լինելու է նորագույն պատմության առանցքային տարիներից մեկը, քանի որ տեղի է ունենալու լիարժեք անցում կառավարման մի մոդելից մյուսին:

Ընդ որում, ի տարբերություն, օրինակ, նախագահականից կիսանախագահական մոդելի անցման՝ խորհրդարանական մոդելին անցումը իր նշանակությամբ և խորքային ազդեցությամբ շատ ավելի առանձնահատուկ է, քանի որ վերանում են նախագահի ընտրությունը և նախագահական առաջնային մանդատը:

Այդ տեսանկյունից 2018-ի նշանակությունը Հայաստանի նորագույն պատմության համար ամենևին վարչապետի հարցը չէ, 2018-ի ապրիլի կադրային խնդիրը չէ: Դրանք իհարկե կարևոր հարցեր են, թե ով է լինելու վարչապետ, կառավարությունն ինչ կազմ է ունենալու, ով է լինելու նախագահ՝ թեկուզ խորհրդարանում նշանակվող: Բայց այդ ամենը ըստ էության ընթացիկ նշանակության հարցեր են, քանի որ մի քանի ամիս անց, մի տարի կամ երկու տարի անց այդ կադրերը հանգիստ կարող են փոխարինվել, մինչդեռ կառավարման մոդելի փոփոխության ազդեցությունը ավելի հիմնարար է: Պարզապես այդ ազդեցությունը Հայաստանն իր վրա կզգա ավելի ուշ, գուցե մի քանի տարի անց կամ գուցե հաջորդ խորհրդարանի ընտրությունից հետո, կամ տասը տարի անց: Սակայն տեղի ունեցող փոփոխությունը հիմնարար է, և որքան էլ իշխանությունն իներցիայով մնա Սերժ Սարգսյանի «անփոխարինելիության» տրամաբանության ներքո՝ լինի դա վարչապետի, թե ՀՀԿ նախագահի պաշտոնում, այդուհանդերձ տարիների ընթացքում իր ազդեցությունն է թողնելու այն, որ առաջնային մանդատը այդուհանդերձ տնօրինում է պատգամավորը, ոչ թե վարչապետը կամ ՀՀԿ նախագահը:

Այսինքն՝ նախագահական կամ կիսանախագահական մոդելի իներցիան ինչ-որ պահի ավարտվելու է, և գալու է նոր մոդելի արդեն պրակտիկ գործողությունը, ինչն էլ իր հերթին բերելու է արդեն լիովին նոր հոգեբանության և նոր իրավիճակի թե՛ իշխանության ներսում, թե՛ իշխանություն-հասարակություն հարաբերությունում:

Այստեղ ահա ամբողջ խնդիրը դառնում է այն, թե ինչպիսին է լինելու իշխանությունը այն պահին, երբ ավարտվի իներցիան, և ինչպիսին է լինելու հասարակությունը: Ըստ այդմ, խորքային առումով Հայաստանում 2018 թվականը մեկնարկային ու առանցքային տարի է հենց այդ տեսանկյունից: Որովհետև, եթե առաջնային մանդատի գիտակցման պայմաններում Հայաստանում, օրինակ, խորհրդարանական մեծամասնությունն ունենա այն պատկերը, ինչ կա այժմ, ապա դա Հայաստանի համար կլինի պարզապես քաղաքական և ռազմաքաղաքական իմաստով աղետալի իրողություն:

Ըստ այդմ՝ ներկայումս Հայաստանի համար թիվ մեկ խնդիրն ու մարտահրավերը դառնում է ոչ թե այն, թե ով կլինի վարչապետը, կամ ինչպիսին կլինի կառավարությունն ապրիլին, այլ այն, թե ինչպիսին կլինի Հայաստանի խորհրդարանը 2022-ի ապրիլին, քանի որ իներցիան մինչ այդ թերևս կարող է շարունակվել, իսկ ահա դրանից հետո «հույս դնել» իներցիայի վրա, թերևս կլինի խիստ վտանգավոր:

Այդ տեսանկյունից իշխանության ներսում մեկնարկում են իսկապես բազմաշերտ ու բարդ գործընթացներ, և ներիշխանական շահերի բախումն ու թևերի պայքարը կրելու են անկասկած շատ ավելի կոշտ բնույթ՝ լինի դա առերևույթ, թե կուլիսներում:

Ինչպես կկարողանա այդ հանգամանքը օգտագործել հասարակությունը: Դա է նաև կարևոր հարցերից մեկը, թեև այստեղ կա մի ակնառու պատասխան՝ հանրությունը ներկայումս օժտված չէ այդ հանգամանքը օգտագործելու ինստիտուցիոնալ կարողություններով, և այստեղ հարցն այն է, թե կհասցնի՞ հանրությունն ինքն էլ դուրս գալ իներցիայից և ի վերջո հենվել կարող ինստիտուտների վրա:

Spread the love