88-ի շարժումը ժամանակակից պետության ակունքն էր, որը պղտորվեց ասիական «ռաբիսով»

- in Վերլուծական
Ashot Manucharyan

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ուշագրավ միտք է արտահայտել: Նա ասել է, որ 88-ի ամենամեծ ուժը ժողովրդի իշխանությունն էր: Մանուչարյանը միանգամայն ճիշտ է, որովհետև Հայաստանի ու Արցախի վերաբերյալ բոլոր սկզբունքային որոշումները կայացվում էին Ազատության հրապարակում, հետո դրանք պարտադրվում էին Գերագույն խորհրդին, որտեղ կոմունիստ պատգամավորները քվեարկում էին ոչ թե հարազատ կուսակցության որոշմամբ, այլ` հասարակության ճնշման տակ: Իհարկե, սա դեմոկրատիայի, այսպես կոչված, ուղիղ դրսևորումն է, որը մշտական լինել չի կարող, որովհետև փողոցը մշտապես չի կարող «եռալ»:

1990-ին իշխանության եկած ՀՀՇ-ի հիմնական առաքելությունը պետք է լիներ ժողովրդի իշխանության ֆորմալացումը, այսինքն` ընտրական և քաղաքական ինստիտուտների ստեղծումը, ինչը թույլ կտար իշխանության ձևավորում բացառապես ընտրությունների միջոցով: Սակայն 1995-96թթ-ի ընտրությունների որակը բացահայտեց, որ իշխանությունները մտադիր չեն ինստիտուցիոնալիզացնել շարժման հիմնադրման ձեռքբերումը:

Պետության դեմոկրատական լինելու հիմնական հատկանիշն այն է, որ իշխանությունը լինի ժողովրդի խոսնակը կամ` ինչպես Մանուչարյանն է ասում, փոստատարը, որը հասարակության խոսքը պետք է հասցնի համաշխարհային հանրությանը: Եթե այս բանաձևը չի գործում, ապա իշխանությունը դառնում է օտարի մահակը սեփական ժողովրդի գլխին:

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը պետության առաջին տարիներին հաջողեց, հաղթանակ տարավ ղարաբաղյան պատերազմում, որովհետև ժողովրդի, հասարակության խոսնակն էր: Այսօր Հայաստանը ձախողվում է, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանությունը, մեծ հաշվով, ռուսական մահակ է մեր հասարակության գլխին:

Խնդիրը բազմաշերտ է ու ավելի խորքային, քան առաջին հայացքից թվում է: Եթե իշխանության և հասարակության միջև ներդաշնակություն չկա, ապա երկրի ներսում կառուցվում են բարիկադներ` մսխելով պետության պոտենցիալը, բովանդակությունը:

Ժամանակակից դեմոկրատական պետությունները բարիկադների կարիք չեն ունենում` երկրի ներսում կամ դրանից դուրս:

88-ի շարժումը հենց ժամանակակից պետության ակունք էր, որը սակայն պղտորվեց ասիական «ռաբիսով»:

88-ի շարժման 30-րդ տարեդարձը պետք է դառնա հասարակության սուբյեկտության մեծացման ազդակ: Եթե հասարակությունը գործոն լինի, Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան երկընտրանքը նույնիսկ կեղծ օրակարգ կդառնա, որովհետև այդ պարագայում նույնիսկ երկրորդական է, թե նրանցից ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: Ավելի շուտ` ժողովրդի իշխանության ինստիտուցիոնալիզացիան կբացառի նրանցից որևէ մեկի վարչապետությունը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20