Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ

- in Հրապարակ
Ilham Aliev

Երեկ Մյունխենի իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև ԼՂ խնդրինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին աղմկահարույց ելույթի համատեքստում: Սարգսյանն այս թեմայով, ըստ էության, նոր շեշտադրում չի կատարել թերևս, այն բացառությամբ, որ ակնկալիք է ձևակերպել Եվրոպայից. «Հելսինկիի ոգու աղաղակող ոտնահարում է Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ: Դա հատկապես ակնառու է հարևան երկրում մեկնարկած նախընտրական շրջանում:

Նախագահ Ալիևը ոչ ավել, ոչ պակաս տարածքային նկրտումներ է հայտարարում Հայաստանի մայրաքաղաք Երևանի հանդեպ՝ անվանելով այն պատմական ադրբեջանական տարածք: Զառանցանք է, իհարկե, բայց Եվրոպայի լռության պայմաններում այդպիսի անհեթեթությունները կարող են ունենալ շատ լուրջ հետևանքներ»:

Միջազգային հանրությունը գուցե իսկապես ադեկվատ չի արձագանքում Ալիևի ելույթին, հասցեական չէր նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերջին հայտարարությունը: Սա ակնհայտ է, մյուս կողմիցԵրևանում նույնպես համարժեք չեն գնահատում թե Ադրբեջանի նախագահի ելույթը և թե այն գլոբալ գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում: Միջազգային հանրությունն օբյեկտիվորեն չի կարող համարժեք արձագանքել Ալիևի ելույթին, ավելին գործնական քայլերի մակարդակում պատժել Բաքվին: Միաբևեռ համակարգը փլուզվում է, միջազգային նորմերը, օրենքները չեն գործում, ձևավորման սաղմնային փուլում է բազմաբևեռ աշխարհը` գլոբալ անվտանգությանն ու կայունությանն ուղղված իր մարտահրավերներով:

Ռուսաստանի նման երկրները, հանուն իրենց կայսերապաշտական շահերի, թուլացրեցին անվտանգության գլոբալ համակարգը: Նույնն անում է Ադրբեջանը լոկալտարածաշրջանային մակարդակի վրա, մանավանդ, որ 2016-ի ապրիլին, ըստ էության, չպատժվեց միջազգային նորմերը խախտելու համար: Եթե չեն գործում միջազգային նորմերը, չկա դրանց երաշխավորը, ապա Ադրբեջանը կարող է մտածել, որ կարող է վարել ագրեսիվ քաղաքականություն և դրա համար անպատիժ մնալ: Հայաստանում սովորաբար ոգևորությամբ ենք արձագանքում Ռուսաստանի միջազգային դերի մեծացման փաստին և, ըստ էության, հատուցում ենք դրա համար, որովհետև բազմաբևեռ աշխարհը ծնում է ազդեցության գոտիներ, իսկ Ադրբեջանն` օգտվելով դրանից, լոկալ հարթության վրա իրեն պահում է հար և նման Ռուսաստանին:

Մյուս կողմիցեթե Հայաստանի նախագահը պահանջում է, որ միջազգային հանրությունը համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին, առաջին հերթին դա պարտավոր է անել հենց ինքը: Առիթ ունեցել ենք արձանագրելու, որ «Երևանի ու Զանգեզուրի պատմական հողեր» վերադառնալու Ալիևի հայտարարության հիմնական մոտիվը, առիթը դատարկվող Հայաստանն է, վտանգավոր չափերի հասնող արտագաղթը, որը Բաքվին թույլ է տալիս` մշակել հեռուն գնացող ռազմավարական հայտարարություններ: Ի դեպ, Սերժ Սարգսյանի ելույթից մեկ օր առաջ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ալիևը խոսել է ոչ թե «Երևանի ու Զանգեզուրի վերադարձի», այլ «իրենց պատմական հողեր ադրբեջանցիների վերադարձի» մասին:

Նույնիսկ առանց այս պարզաբանմանակնհայտ էր, որ աղմկահարույց ելույթում Ալիևը խոսել է ոչ այնքան Երևանը կամ Զանգեզուրը գրավելու, այլ այդ տարածքներ թուրքական տարրը վերադարձնելու, այլ խոսքով այսպես կոչված, տնտեսական և էթնիկ «էքսպանսիայի» մասին: Հենց այս հարթության վրա ենք խոսում Երևանի ոչ ադեկվատ արձագանքի մասին:

Ալիևի ելույթը զառացանք կամ հիմարություն անվանելը, Եվրոպայի և միջնորդների աջակցությունն ակնկալելն ոչինչ չի փոխի, եթե Հայաստանը չդառնա մրցունակ, արդյունավետ պետության մոդել: Միայն այդ ճանապարհով է հնարավոր զսպել Բաքվի ախորժակն ու հավակնությունները:

Spread the love