Ալիևը որոշակի դիվանագիտական փակուղում է

Ilham Aliev

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ասելով հրադադարը պահպանելուն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին՝ նկատի ունեն Բաքվին և նրան են հասցեագրում իրենց հայտարարությունները:

Այդ տեսակետը Հայաստանի իշխանության արձագանքն է հարցերին, որ վերաբերում են համանախագահների ընդհանրական հայտարարություններին:

Դրանցից մեկն էլ հնչեց տարածաշրջան նրանց հերթական այցից հետո, այդ այցի արդյունքում, որտեղ նշվում էր սահմանին զոհի ցավալի հանգամանքը և կոչ արվում դադարեցնել կրակը՝ առանց մատնանշելու կոնկրետ, որ զոհը եղել է ադրբեջանական դիպուկահարի կրակոցից: Եվ առավել ևս, երբ համանախագահներին ընդունելուց նույնիսկ ժամեր անց Ալիևը հայտարարում էր անգամ Երևանը գրավելու մտադրության մասին, համանախագահների ընդհանրական կոչը հնչում է պարզապես քաղաքական անհամարժեքության տրամաբանությամբ:

Մյուս կողմից, սակայն, այստեղ հարց է առաջանում հայկական դիվանագիտության համարժեքության կապակցությամբ: Ստեղծվել է իրապես հետաքրքիր և ուշագրավ մի վիճակ: Ակնհայտ է, որ Ալիևը որոշակի դիվանագիտական փակուղում է, և նրա քայլերն ու ագրեսիան ավելի շուտ հենց դրա, քան ինքնավստահության դրսևորում են: Ալիևն այդ վիճակում է ապրիլյան քառօրյայում տապալվելուց հետո, երբ ադրբեջանական ամբողջ ագրեսիան կարողացավ լուծել ընդամենը մի քանի դիրքի հարց:

Մյուս կողմից՝ ինչո՞վ է արտահայտվում այդ վիճակը: Ըստ էության, ստացվում է, որ փակուղում գտնվող Ալիևը այդուհանդերձ դեռ ունի «անաղմուկ մարդասպանության» իրավունք և նաև ագրեսիվ հայտարարությունների իրավունք: Սա փակուղու գի՞նն է, այսինքն՝ մանր խուլիգանության իրավունք, երբեմն նույնիսկ թույլատրելի մահվան ելքերով: Եվ սա հայկական դիվանագիտության հաղթանա՞կ է, թե՞ պարզապես հայկական զինուժի ապրիլյան քառօրյայի ապահոված պաշտպանության շարունակվող արդյունք, որը այդպես էլ չի ստանում դիվանագիտական համարժեք թիկունք, որը պետք է արտահայտվեր ագրեսորի նկատմամբ միջնորդների ավելի բաց, թիրախային վերաբերմունքով:

Նախօրեին Սերժ Սարգսյանը Երևանում Բուլղարիայի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Երևանը պատրաստ է Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցության, բայց որևէ կարգավորում չի լինի, քանի դեռ Բաքուն չի հրաժարվել առավելապաշտությունից և Երևանը նվաճելու զառանցանքի մեջ է: Ալիևը խոսում է Երևանը նվաճելու մասին, Սերժ Սարգսյանը Երևանում հայտարարում է, թե պետք չէ առավելապաշտություն: Այսինքն՝ Երևանը խոսում է այն մասին, որ Բաքուն շատ է ուզում, եթե քիչ ուզի, Երևանը պատրաստ է:

Սա, իհարկե, բանակցային օրակարգի տրամաբանությունն է, կամ այսպես ասած՝ Մադրիդյան սկզբունքների, որոնք կազմում են օրակարգի առանցքը: Սրան զուգահեռ՝ Երևանն, իհարկե, առաջնորդվում է մտայնությամբ, թե Բաքուն միշտ էլ ուզելու է ամբողջը, և այդ ֆոնին Երևանը նման հայտարարություններով կարող է «ուշիմ» տեսք ստանալ Բաքվի խուլիգանության ֆոնին:

Բայց խոսքը վերաբերում է մարդասպանությանը, և ըստ այդմ՝ հարց է առաջանում՝ ժամանակը չէ՞ արդյոք Երևանին փոխել հռետորաբանությունը ոչ միայն պահի տակ, այլ ռազմավարական իմաստով, այսինքն՝ այլ լեզվով խոսել համանախագահների հետ և ոչ թե փորձել խելոք երևալ Բաքվի ֆոնին, այլ Բաքվի ֆոնին լինել ավելի նախաձեռնող և 3+2 ֆորմատը՝ երեք միջնորդներն ու երկու հակամարտ կողմերը, առնվազն գաղափարական-հռետորաբանական իմաստով ենթարկել կազմի փոփոխության՝ 3 միջնորդներ և երկու հայկական կողմեր՝ փորձելով աստիճանաբար ղարաբաղյան գործընթաց ասվածը լցնել այդ ֆորմատը բնորոշող տեքստային բովանդակությամբ:

Spread the love