Արմեն Աշոտյանն ակնարկում է, որ ավարտը Սերժ Սարգսյանի վարչապետությունն է

Armen Ashotyan

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարում է, որ 2018-ի վարչապետի հարցը ֆիլմ է կամ գիրք, որի ավարտը բոլորը գիտեն, սակայն, միևնույն է, դիտում են ընթացքը հետաքրքրությամբ: Արմեն Աշոտյանն ակնարկում է, որ ավարտը Սերժ Սարգսյանի վարչապետությունն է:

Ստացվում է իսկապես հետաքրքիր մի իրավիճակ, երբ ֆիլմի կամ գրքի երկրորդ պլանի հերոսները ավելի շատ բան գիտեն, համենայնդեպս՝ ավելի շատ բան են խոսում սցենարի, ավարտի մասին, քան գլխավոր հերոսները, համենայնդեպս՝ նվազագույնը երկուսը՝ Սերժ Սարգսյանը և ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը, որին արդեն փաստորեն պաշտոնանկ են արել:

Եթե իշխող կուսակցության փոխնախագահը, Ազգային ժողովի պատգամավորն ու այն էլ բավականին կարևոր նշանակություն ունեցող հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը «Ազատության» եթերում հայտարարում է այդպիսի բան, որը մի քանի օր առաջ էլ հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ, ապա դա այլ բան չի նշանակում, քան գործող վարչապետի պաշտոնանկություն:

Կարեն Կարապետյանն այժմ գրեթե կիսապաշտոնապես հայտարարված վարչապետի ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է: Եթե այդպես չէ, ապա պետք է հնչի որևէ այլ հայտարարություն: Կհնչի՞, այդ դեպքում գուցե հնարավոր կլինի ասել, որ չի եղել պաշտոնանկություն: Իսկ առայժմ գործ ունենք ընդամենը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, ոչ ավելի:

Մյուս կողմից՝ չափազանց բարդ է միջազգային իրավիճակը, Սիրիայում պատերազմը մտնում է նոր փուլ, և այստեղ տեղի են ունենում անսպասելի զարգացումներ, գրեթե բաց իրանա-իսրայելական բախում, որը հայտնի չէ, թե ինչ շարունակություն կունենա, ինչ ծավալում կամ գեներացիա: Միևնույն ժամանակ խիստ ուշագրավ է այդ ֆոնին, որ Իսրայել է մեկնում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը՝ հայ-իսրայելական բարեկամության խումբը: Դրան զուգահեռ՝ բավականին թեժ իրավիճակում է Թուրքիան, որը Աֆրինում է, Ռուսաստանը, որը դուրս է եկել Աֆրինից կամ Սիրիայից, բայց ներկայումս թվում է, թե պարզապես շտապել է:

Այդ ֆոնին տեղեկություն է տարածվում, որ Հայաստանում ռուսական ավիաբազայի օդաչուները օրերս վարժանքներ են իրականացրել, որոնց «լեգենդը» հակառակորդի ռազմական օդանավակայանների և տեխնիկայի խոցումն է: Պլանավորվա՞ծ է եղել այդ վարժանքը, թե՞ իրավիճակից բխող՝ դժվար է ասել, սակայն ծագում են իրապես ուշագրավ հարցեր:

Այդ ֆոնին էլ Իլհամ Ալիևը համանախագահներին ընդունելուց հետո հայտարարում է Երևանի հանդեպ հավակնության մասին: Նա հիմա՞ր է, թե՞ գնում է վա բանկ այդպիսի հայտարարություններով, իսկ գուցե Հայաստանի՞ն է ինչ-որ բանով սադրում կամ փորձում թելադրել որևէ ռեակցիա:

Այդ ամենի ֆոնին Հայաստանի վարչապետի հարցը անշուշտ ստանում է բոլորովին այլ երանգ, ինչպես և այդ մասին խոսել ենք բազմաթիվ անգամներ՝ նշելով, որ գլխավոր ու վճռորոշ գործոնները գուցե ավելի շատ Հայաստանից դուրս են՝ Հայաստանից անկախ, քան ներսում: Իսկ այդ հանգամանքը մի կողմից՝ դառնալով կարծես թե Սերժ Սարգսյանի «վարչապետության» հիմնավորում, մյուս կողմից՝ այդուհանդերձ, հարց է առաջացնում՝ խոսքը ֆիլմի կամ գրքի՞ մասին է, թե՞, այդուհանդերձ, հեռուստասերիալի, որի ոչ միայն վերջը երբեք հայտնի չի լինում, այլև նույնիսկ հաջորդ սերիան, և ռեժիսորն ու սցենարիստը իրավիճակը կարող են կտրուկ փոխել նույնիսկ եղանակի փոփոխության ազդեցությամբ:

Ի դեպ, տեղեկություն է տարածվել նաև, որ Հայաստանում եղանակը կշարունակի տաքանալ՝ ավարտին հասցնելով «Գազպրոմ»-ի համար երևի ամենավատ ձմեռը Հայաստանում:

Spread the love