Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական կյանքում հայտնվեց, երբ ամբողջովին սպառված էր Կարեն Կարապետյանի «նոր ոգու» էֆեկտը

- in Կարծիք
Karen Karapetyan

Երեկ ուշ երեկոյան հանդիպել են Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը: Այս հանդիպումը խիստ ուշագրավ է, որովհետև հանդիպում են, ամենայն հավանականությամբ, ապրիլի 9-ին պաշտոնից հեռացող վարչապետը և նույն օրը պաշտոնը ստանձնող նախագահը:

Հետաքրքիր է նաև, որ Կարապետյանն ու Սարգսյանը երեկ մտքեր են փոխանակել երկրի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ: Սերժ Սարգսյանի վերջին շրջանի կադրային նշանակումների հիմքում, այսպես կոչված, ներդրումային համատեքստն է: Այդ առաքելությամբ Հայաստան եկավ Կարեն Կարապետյանը, ըստ ամենայնիդա է եղել նաև Արմեն Սարգսյանին Երևան նախագահի պաշտոնին հրավիրելու Սերժ Սարգսյանի մոտիվը:

Հենց ներդրումների ներգրավելու նրանց պոտենցիալն էլ դառնում է այս պաշտոնյաների գործունեության գնահատման հիմնական չափանիշը: Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի վարչապետության մեկնարկը, խորհրդարանական ընտրություններում նրա ձևակերպած իշխանական հայտը շատ նման էր քաղաքական սակարկության, երբ նա և Ռուսաստանի նրա տնտեսա-քաղաքական հովանավորներն, ըստ էության, առաջարկում էին 3 միլիարդանոց ներդրումային ծրագիրիշխանության վերահսկիչ փաթեթին տիրանալու նպատակով: Խոստացած ներդրումային բումը փուչիկի նման պայթեց. գործը գլուխ չբերեց անգամ Կարապետյանի վիճակագրական աճպարարությունն, որի միջոցով փորձ արվեց «նկարել» խոստացված ներդրումները բյուջետային ծախսերի հաշվին:

Արմեն Սարգսյանը նույնպես խոստանում է ներդրումներ: Այս դեպքում, իհարկե, պարզ չէ դրանց ծավալի ու ապագա նախագահի քաղաքական, համակարգային ազդեցության փոխկապակցվածությունը: Սակայն ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը Հայաստանի քաղաքական կյանքում հայտնվեց, երբ ամբողջովին սպառված էր Կարեն Կարապետյանի «նոր ոգու» էֆեկտը, այլ խոսքով` Սերժ Սարգսյանին պետք էր արտահամակարգային նոր կերպար, իշխանության «քաղաքակրթական» նոր այցեքարտ: Կարեն Կարապետյանի և Արմեն Սարգսյանի միջոցով Սերժ Սարգսյանը ձևավորել է հանրային որոշակի սպասումներ, նաև համակարգում լուծել է և մտադիր է լուծել որոշակի խնդիրներ:

Իշխանության մեջ Կարեն Կարապետյանը և Արմեն Սարգսյանը հազիվ թե համագործակցեն վարչապետի և նախագահի կարգավիճակով, որովհետև մեկը հեռանում է իր պաշտոնից, մյուսը պատրաստվում է ստանձնել այն: Բայց նրանք երկուսն էլ մաս են կազմելու Սերժ Սարգսյանի նոր իշխանությանը և դատելով իրենց «առաքելություններից»` ավելի շուտ «ներդրումային» հարթության վրա լինելու են մրցակիցներ, որոնցից յուրաքանչյուրին Սերժ Սարգսյանն, ըստ ամենայնի, խոստացել է ժառանգորդի կարգավիճակ:

Սակայն փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատում ժառանգորդների չի հանդուրժում և, ամենայն հավանականությամբ, Կարեն Կարապետյանի և Արմեն Սարգսյանի ու նրանց տնտեսա-քաղաքական հովանավորների «աշխարհաքաղաքական» մրցակցությունն ավելի է ամրապնդելու Սերժ Սարգսյանի դիրքերը` հընթացս սպասարկելով վերջինիս «և, և»-ի արտաքին քաղաքական կոնցեպտը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20