Գագիկ Ծառուկյանը՝ Սերժ Սարգսյանի «ընդարձակ մեծամասնության» կոմբինացիային մասնակցելուց առաջ

Gagik Tsarukyan

Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ և այդ ընթացքում, խմբակցության պատգամավորների հավաստիացմամբ, սուր հարցադրումներ են հնչել: Պատգամավորները չեն թաքցնում, որ Արմեն Սարգսյանից դրական տպավորություն են ստացել, բայց ասում են` որոշում դեռ չունեն:

«Որոշողը» հանդիպմանը չի մասնակցել. Գագիկ Ծառուկյանը Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու է առանձին: Բայց նույնիսկ այդ հանդիպումից հետո որոշում չի հրապարակվի, որովհետև դրան հաջորդելու է խմբակցության և քաղաքական խորհրդի համատեղ նիստը:

Գագիկ Ծառուկյանն ամեն ինչ անում է խաղի դասական կանոններով: Խնդիրն այստեղ Արմեն Սարգսյանը չէ և ոչ էլ` նրան պաշտպանել-չպաշտպանելու հարցը, այլ սեփական անձի, կուսակցության սուբյեկտությունն արձանագրելու Գագիկ Ծառուկյանի մարտավարությունը:

ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին առաջադրելու հարցում դերակատարություն չունեցավ. միանձնյա որոշում կայացրեց Սերժ Սարգսյանը: ԲՀԿ-ումառավել ևս, որոշումները միանձնյա են կայացվում Գագիկ Ծառուկյանի մակարդակով, սակայն այս պարագայում նա ընտրեց Արմեն Սարգսյանին աջակցելու բազմափուլ մարտավարությունը, որովհետև, ի տարբերություն ՀՀԿ-ի, համարում է, որ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում անհրաժեշտ է պահել սուբյեկտության գոնե մինիմալ նշաձողը` համակարգային նոր ստատուս-քվոյում ավելի սոլիդ ներկայություն ունենալու համար: Ի վերջո, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, ըստ ամենայնի, գոյություն ունի փաթեթային համաձայնություն, որի համատեքստում նախագահական ընտրությունները վստահաբար ամենակարևոր դրվագը չեն:

Ավելի ստույգդրանք «գլխավոր փորձն» են «ներկայացումից» առաջ: Սերժ Սարգսյանի «ընդարձակ մեծամասնության» կոմբինացիային մասնակցելուց առաջ Գագիկ Ծառուկյանին անհրաժեշտ է կատարել վերջին հստակեցումները, որովհետև խոսքը գործընթացի մասին է, որը կանխորոշում է համակարգային սեգմենտների կշիռն ու հարաբերությունների բնույթը առաջիկա ոչ թե մի քանի տարիների, այլ առնվազն 2022-ի համատեքստում: Թերևս սրանով պայմանավորվածԳագիկ Ծառուկյանը վարում է բազմաշերտ մարտավարություն, որի իմաստը Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների համալիր ու վերջնական ճշգրտումն է: Արմեն Սարգսյանը կստանա «Ծառուկյան» խմբակցության պաշտպանությունը, սակայն դա կլինի փուլային տարբերակով, որի յուրաքանչյուր հանգրվանում Գագիկ Ծառուկյանը կստանա երաշխիքների իր փաթեթը, իհարկե ոչ թե Արմեն, այլ` Սերժ Սարգսյանից:

Կարեն Կարապետյանի կառավարության մասով Գագիկ Ծառուկյանն ու նրա խմբակցությունն ընտրել են ագրեսիվ հարձակման մարտավարությունը, որովհետև Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը, այլ խոսքով` ապրիլից հետո նրա վարչապետության հեռանկարը, Գագիկ Ծառուկյանի հիմնական երաշխիքն է, որ կյանքի կկոչվի իր և գործող նախագահի փաթեթային համաձայնությունը: Իսկ դրա համար առաջին հերթին Կարեն Կարապետյանին պետք է հստակ հասկացնել, որ ապրիլից հետո նա կարող է առավելագույնը հավակնել առաջին փոխվարչապետի պաշտոնին:

Ի վերջո, «ընդարձակ համաձայնությունը» Կարեն Կարապետյանի «հագով» չէ և կարող է կայանալ միայն համակարգային կոնսենսուս համարվող Սերժ Սարգսյանի շուրջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20