Եթե Հայաստանն ունենար ռեսուրսներ, Սերժ Սարգսյանն, անկասկած, կհետևեր «բազմաբևեռ աշխարհի» հարազատ կենտրոնների օրինակին

- in Կեղտոտ լվացք
Serzh Sargsyan

Չինաստանի կոմունիստական կուսակցությունն այսօր առաջարկել է չեղարկել նախագահի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումը, ինչը ներկայիս նախագահ Սի Ծինպինին կընձեռի 2023 թվականից հետո երկրի ղեկավարումը շարունակելու հնարավորություն:

Ըստ Xinhua լրատվական գործակալության, կոմունիստական կուսակցությունն առաջարկել է խմբագրել Չինաստանի սահմանադրության համապատասխան հոդվածը, որի համաձայն, «նախագահը և փոխնախագահը կարող են պաշտոնավարել առավելագույնը երկու անգամ անընդմեջ»: Սա հեղափոխական փուլ է Չինաստանի պատմության մեջ, ինչը հնարավոր է դառնում ոչ միայն ու ոչ այնքան Սիի անձնական մեծ հեղինակության ու խարիզմայի, որքան` միջազգային համատեքստի շնորհիվ:

Ինչքան էլ Չինաստանը տասնամյակներ շարունակ ընթանում է «առանձնահատուկ», ուրույն ճանապարհովայնուամենայնիվ, գոյություն ուներ համաշխարհային թրենդ, որին հետևում էր նաև Պեկինը: Երրորդ անգամ անընդմեջ կառավարելու տաբուն այդ թրենդի համատեքստում է: 2008-ին համաշխարհային կարգի ֆորմալ կողմը պահպանեց նույնիսկ Վլադիմիր Պուտինը երկիրը փաստացի ղեկավարելով վարչապետի պաշտոնից:

Լիբերալ- դեմոկրատական արժեհամակարգի վրա խարսխված աշխարհակարգն արագ փլուզվում է. այլևս գոյություն չունեն միասնական նորմեր և մեկ կենտրոն, որը գնահատում է դրանց այս կամ այն երկրի համապատասխանությունը: Չինաստանը և Ռուսաստանն իրենց համարում են գերտերություններ, որոնք իրավունք ունեն իրենք արտահանել քաղաքական «մշակույթ»` միջազգային նորմերին հետևելու փոխարեն: Թերևս սա է խորքային պատճառներից մեկը, որ Ռուսաստանում կամ Չինաստանում դեմոկրատիայի նույնիսկ արտաքին ատրիբուտներն այլևս շռայլություն են համարվում:

Եթե Հայաստանն ունենար ռեսուրսներ, Սերժ Սարգսյանն, անկասկած, կհետևեր «բազմաբևեռ աշխարհի» հարազատ կենտրոնների օրինակին և, ասենք, Չինաստանի օրինակով կգնար նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրվելու սահմանադրական տաբուի վերացմանը կամ գոնե, Պուտինի օրինակով, հինգ տարով Բաղրամյան 26 կգործուղեր իր դրածոյինսեփական վերադարձը երաշխավորող մեխանիզմներով: Բայց Հայաստանը չունի անհրաժեշտ ռեսուրսներ լիակատար ավտորիտարիզմ հաստատելու համար, ինչը Սերժ Սարգսյանին անընդհատ ստիպում է «կրեատիվ» լուծումներ փնտրել: Խնդիրը նույնիսկ հասարակության ու ընդդիմության դիմադրությունը չէ, այլհենց ռեսուրսների բացակայությունը, որը Սերժ Սարգսյանին ստիպում է ֆորմալ առումով հետևել դեմոկրատիայի միջազգային նորմերին, բովանդակային հարթության վրա` երազելով Պուտինի կամ Սիի «ուրույն», «մենթալիտետային» համակարգերի մասին:

Սերժ Սարգսյանը կամ Արմեն Աշոտյանը ժամերով կարող են խոսել եվրոպական մոդելի պետություն կայացնելու հաստատակամության մասին, մանավանդ, որ վերջինս Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման նախադեպ է համարում Մերկելի հաջողության էֆեկտը: Հայաստանում կառավարման համակարգի փոփոխության մոտիվներից մեկը հենց այն էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունն լեգիտիմության ընկալում ունենա նաև Եվրոպայում:

Իշխանությունը պահելու ձևը Սերժ Սարգսյանը կարող է սովորել ավելի հոգեհարազատ մայրաքաղաքներից, Մերկելից և եվրոպական մյուս առաջնորդներից նրան պետք է փող և լեգիտիմություն: Հայաստանը ֆորմալ առումով հետևում է միջազգային նորմերին` ոչ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը կամ իշխանությունը մեր երկիրն իրապես ուզում են տեսնել Եվրոպայի հետ քաղաքական, քաղաքակրթական ընդհանրության համակարգում, այլ, որովհետև Հայաստանի համակարգն այնքան խոցելի է, որ կարող է փլուզվել, եթե լուրջ խնդիրներ ունենա «բազմաբևեռ աշխարհի» կենտրոններից որևէ մեկի հետ: Պրագմատիզմը Սերժ Սարգսյանին ստիպել է մշակել իր «բազմաբեռությունը». բովանդակությամբ լինել եվրասիական քաղաքական մշակույթի կրողը, ֆորմալ առումով ընդօրինակել եվրոպական պառլամենտարիզմը:

Հայաստանը Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում է և խնդիրը միայն աշխարհագրությունը չէ. Հայաստանում ձևավորվում է տիպիկ անձնակենտրոն, ավտորիտար իշխանություն` եվրոպական նախադեպերով ու դիզայնով:

Spread the love