Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ ապագա նախագահի լիազորությունները

Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ ապագա նախագահի լիազորությունները։

Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե գործող նախագահի հետ քննարկե՞լ է ապագա վարչապետի և ապագա նախագահի լիազորությունները։

Հարցին, թե վարչապետի հետ քննարկել ե՞ք ապագա նախագահի լիազորությունների հարցը՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում նրա լիազորությունները, որտե՞ղ՝ նախագահի լիազորությունները, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ հասկանում Ձեր հարցը, չեմ հասկանում, թե ո՞ւմ հետ պետք է խոսեմ, որովհետև նախ՝ ես ընտրված նախագահ չեմ՝ մեկ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է հանրապետության հաջորդ վարչապետը։ Ինձ համար պարզ չէ, ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի քննարկեմ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, երրորդը՝ հանրապետության նախագահի հետ ընդհանրապես մենք իհարկե քննարկել ենք Սահմանադրությունը, օրենքները, բայց այսօր հանրապետությունում՝ Ազգային ժողովում, կառավարությունում տեղի է ունենում շատ ինտենսիվ աշխատանք, մեծ քանակությամբ օրենքներ են ընդունվում, և քանի այդ օրենքներն ընդունված չեն, քանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետին և կառավարությանն, աբստրակտ քննարկումը՝ հիմնված լինելով եթեների վրա, կարելի է անվանել որպես ակադեմիական։

Բայց այս պահին դեռևս օրենքների ողջ փաթեթը չկա՝ չկան այն բոլոր օրենքները, որոնք կարգավորելու են բացի Սահմանադրությունից առանձին նախարարությունների, առանձին վարչությունների, պետական կառույցների, հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի․․․ բոլոր օրենքները դեռ տեղում չեն, այսինքն՝ քննարկել մի բան, որը դեռևս ամբողջական չէ, կարող է քննարկվել որպես ակադեմիական»։

Ինչ վերաբերում է նրան, թե իր կարծիքով, ո՞վ կառաջադրվի վարչապետ, նախագահի թեկնածուն նշել է. «Որպես անհատ, չունեմ թեկնածու, որպես տրամաբանող մարդ, կարող եմ տրամաբանել, թե ովքեր են լավագույն թեկնածուները, սակայն զբաղվելով սպեկուլյացիայով՝ եթեներով․․․ եթեները շատ ծանր արժեք ունեն, եթեները մաթեմատիկայում կոչվում են ռեկուրսիվ ֆունկցիաներ, որոնք ունեն մի նպատակ՝ համակարգն ավելի բարդացնելու, և եթե շատ եթեներ ունեք, շատ դժվար է ճշգրիտ լուծումներ գտնել։ Այնպես որ, ես չեմ պատրաստվում զբաղվել եթեներով, մանավանդ ես ինքս դեռևս նախագահ չեմ, ուրեմն՝ եթե նախագահ դառնամ, կսկսեմ ավելի լուրջ Ձեր հարցի մասին մտածել»։

Spread the love