Իշխող կոալիցիան այսօր որոշել է Արմեն Սարգսյանին առաջադրել Հայաստանի չորորդ նախագահի թեկնածու: Նախագահի ընտրությունը խորհրդարանում տեղի կունենա մարտի 2-ին: Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման մասին որոշման մեջ անկասկած որևէ սենսացիոն բան չկա և սա իրադարձությունների ընթացքի տրամաբանական շարունակությունն է:

Սակայն երաշխավորվա՞ծ է արդյոք Արմեն Սարգսյանի նախագահության նույն սահուն ընթացքը մինչև վերջ, այսինքն մինչև ընտրության արդյունքը, թե՞ ոչ: Համենայն դեպս առայժմ մնում է բաց հարց, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու Ծառուկյան խմբակցությունը: Բանն այն է, որ այստեղ դեմ լինելու դեպքում Արմեն Սարգսյանը չի ընտրվի առաջին փուլով, քանի որ դրա համար պետք է 75 կողմ ձայն, իսկ այդքան ձայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն չունեն:

Հետևաբար Ծառուկյան դաշինքի առնվազն 14 պատգամավոր պետք է քվեարկի Արմեն Սարգսյանի օգտին: Իսկ ընտրության հարցում, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն ակնկալել է «ընդարձակ մեծամասնություն», «համերաշխ» քվեարկություն: Այն, որ Սարգսյանն ունի խորհրդարանում այդպիսի մեծամասնություն, կասկածի ենթակա չէ: Ըստ այդմ մեղմ ասած քիչ հավանական է թվում, որ Ծառուկյան դաշինքը հայտարարի դեմ լինելու մասին: Այդ դեպքում դաշինքը կարող է հայտնվել անհարմար վիճակում, երբ լինելով դեմ, կպարզվի, որ 14 պատգամավոր այդուհանդերձ քվեարկել է կողմ: Ըստ այդմ, թերևս կկայացվի ռացիոնալ որոշում և առնվազն կորդեգրվի չեզոք դիրքորոշում, հայտարարելով, որ ամեն ոք ազատ է դաշինքում քվեարկել ինչպես կամենա:

Մյուս կողմից, թերևս չկա հիմք համարելու, որ Ծառուկյան խմբակցությունը կքվեարկի Արմեն Սարգսյանի օգտին, կամ դեմ չի լինի թեկնածությանը միայն նրա համար, որ Սերժ Սարգսյանն է այդպես ուզում: Որևէ մեկին պարզ չէ, թե ինչ պայմանավորվածություններ են ձևավորվել Արմեն Սարգսյանի և Ծառուկյանի հանդիպման արդյունքում, ինչ պայմանավորվածություններ կան Սերժ Սարգսյան-Ծառուկյան ֆորմատով: Ըստ այդմ պետք չէ բացառել, որ Գագիկ Ծառուկյանը ստացել է առաջարկներ, որոնցից դժվար է հրաժարվել և միանգամայն պատրաստակամորեն դաշինքը կաջակցի Արմեն Սարգսյանին:

Խնդիրն այն է, որ մարտի 2-ին ոչ թե ավարտվում է ինչ որ բան, այլ խաղը նոր է միայն սկսվում: Ձևավորվում է ներհամակարգային մի նոր բևեռ և ներիշխանական խաղը դառնում է ավելի բազմադեմ ու բազմաշերտ: Ծառուկյան դաշինքը խաղացող է, ընդ որում մեղմ ասած ամենևին ոչ երկրորդական խաղացող: Ըստ այդմ, զուտ այդ տրամաբանությունից ելնելով դաշինքի համար պարզապես անտրամաբանական և անիմաստ է լինելու դուրս մնալ խաղից: Առավել ևս, որ տվյալ պարագայում այդ խաղն ամենևին զուտ իշխանություն-ընդդիմություն ձևաչափային տիրույթում չէ:

Արմեն Սարգսյանը խոշոր հաշվով լինելով մեծամասնության թեկնածուն, ակնհայտորեն չունի այդ մեծամասնության վստահությունը և ինքն էլ անկասկած լավ պատկերացնում է, որ այդ մեծամասնությունը կամ թակարդ է իր համար, կամ այսպես ասած վարկանիշային կորուստ:

Հետևաբար այստեղ խաղի ուղղությունները և սլաքները ամենևին միարժեք չեն, ըստ այդմ խիստ հարաբերական է նաև այն, թե քվեարկելով Արմեն Սարգսյանի օգտին քվեարկում ես ՀՀԿ-ի օգտի՞ն, թե՞ ՀՀԿ դեմ: Ինչ վերաբերում է ֆորս մաժորներին, ապա այստեղ կարող է լինել տեսականում թերևս մեկ հնարավոր մոտիվատոր՝ եթե Սերժ Սարգսյանը չնայած բարձրաձայն արտահայտած ցանկությանը, այդուհանդերձ ներքին ցանկություն ունենա Արմեն Սարգսյանին ցույց տալ իրենից կախվածությունը և այդուհանդերձ ստեղծել վիճակ, երբ նա թեթև հարված կստանա խորհրդարանում: Ունի՞ սակայն Սերժ Սարգսյանն այդպիսի անհրաժեշտություն, համենայն դեպս ներկայումս, թե ոչ: Առերևույթ, այդպիսի ցանկության նախադրյալ կամ հնարավոր առկայության դրսևորում՝ չկա, թեև իհարկե Հայաստանում որևէ բան երաշխավորված չէ, քանի որ իրավիճակը խորքում փոխվում է շատ արագ:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •