serzh-robert

Եթե չլիներ 1988-ի համազգային շարժումը, Սերժ Սարգսյանը թերևս կուսակցական պատկառելի կարիերա աներ` չնայած խորհրդային Ադրբեջանի մաս կազմող ԼՂԻՄ-ում դա այդքան էլ դյուրին բան չէր հայերի համար:

Համենայն դեպս, 1979թ-ից Սերժ Սարգսյանը ԼՂԻՄ կոմերիտական և կուսակցական սանդղակով վեր էր բարձրանում և շարժման արշալույսին ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղարի Հենրիկ Պողոսյանի օգնականն էր։ Շարժումն արմատապես փոխեց շատերի կյանքը, այդ թվում` Սերժ Սարգսյանի:

Տարածված կարծիքի համաձայնՍերժ Սարգսյանը սերտ կապերի մեջ է եղել համազգային շարժման Երևանի կոմիտեի հետ և, ըստ ամենայնի, Ստեփանակերտում նույնացել է հենց «Ղարաբաղ» կոմիտեի, հետո արդեն ՀՀՇ-ի հետ: Ինչքան էլ Սերժ Սարգսյանի այսօրվա շրջապատի որոշ մարդիկ փորձեն «խմբագրել» նրա կենսագրությունը` փաստ է, որ Սարգսյանն անգամ ՀՀՇ անդամ է եղել, նույնիսկ հիմնադիր համագումարում փորձել է ընտրվել վարչության անդամ, սակայն մրցակցությունը շատ մեծ է եղել, և Հայաստանի երրորդ նախագահի անունը տեղ չի գտել ՀՀՇ առաջին վարչության կազմում:

Չնայած այս հանգամանքինՍերժ Սարգսյանը ՀՀՇ-ից և Լևոն Տեր-Պետրոսյանից նեղանալու առիթ չունի, որովհետև նրանց իշխանության տարիներին զբաղեցրել է պաշտպանության, ազգային անվտանգության, ՆԳ և ԱԱ նախարարների պաշտոնները: Ասում են Սարգսյանը եղել է Տեր-Պետրոսյանի վստահելի կադրերից մեկը և հենց առաջին նախագահի շնորհիվ է տեղ գտել իշխանության «պոլիտբյուրոյում»:

Տեր-Պետրոսյանին ու Սարգսյանին կապել են ոչ միայն պետական ծառայությունն ու մարդկային հարաբերությունները, այլ նաև շախմատը, որի հանդեպ Հայաստանի առաջին և երրորդ նախագահներն ունեն ընդհանուր թուլություն: Սակայն մինչև երևանյան էլիտայում հայտնվելը` Սերժ Սարգսյանն առաջնագծում էր. 1989-93թթ-ին նա ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:

Իրազեկ մարդիկ ասում են, որ Սարգսյանը բավականին հմուտ է եղել իր գործում և այս կարծիքն արժանահավատ է թվում, որովհետ Սերժ Սարգսյանն ավելի ուշ երկու անգամ տևական ժամանակով արդյունավետ ղեկավարել է Հայաստանի ՊՆ-ն: Սակայն անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը 1993-ին, երբ դեռ ավարտված չէր պատերազմը, հեռացել Արցախից, ապա նշանակվել Հայաստանի պաշտպանության նախարար:

Իրազեկ մարդիկ ասում են, որ Ստեփանակերտի և Երևանի միջակայքում Սարգսյանը մի քանի ամսով եղել է Մոսկվայում: Ոմանք ասում ենՌուսաստանի մայրաքաղաք Սերժ Սարգսյանին տարել է դարձյալ արցախյան պատերազմի հետ կապված առաքելություն, մյուսներն ասում են Սարգսյանն Արցախից հեռացել է, որովհետև հակասություններ է ունեցել նրանից հետո ԼՂՀ ՊԲ հրամանատար դարձած Սամվել Բաբայանի հետ: Սա այն դեպքն է, որ երկու վարկածները իրար կարող են ոչ թե հակասել, այլ` փոխլրացնել: Համենայն դեպս, փաստ է նաև, որ 90-ականներից Սարգսյանի ու Բաբայանի «ջրերը նույն առվով չեն հոսել»:

1993-ին Սերժ Սարգսյանը Հայաստան եկել և ՊՆ նախարար է դարձել Վազգեն Սարգսյանի երաշխավորությամբ: Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը գոնե արտաքուստ թիմակիցներ են եղել մինչև 1999-ի սկզբները: 1999-ի սկզբին, երբ տեղի ունեցան Վահան Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունները, Վազգեն Սարգսյանի շրջապատի քննադատության սլաքներն ուղղվեցին ՆԳ և ԱԱ միացյալ նախարարության ուղղությամբ, որը ղեկավարում էր Սերժ Սարգսյանը:

Վերջինս քննադատություններին պատասխանեց «Արմենիկումի» հայտնագործության մասին հեռուստատեսային հայտարարությամբ և երկրապահ մի քանի հրամանատարների տների խուզարկություններով: Խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետ դարձած Վազգեն Սարգսյանն էապես թուլացրեց Սերժ Սարգսյանի ազդեցությունը` միացյալ նախարարությունը լուծարելով և նրան նշանակելով միայն ԱԱ նախարար:

…«Վերջին բոլշևիկ»տարիներ առաջ այսպես դիմեց Սերժ Սարգսյանին գեներալ Մանվել Գրիգորյանը: Վերջինս թերևս ակնարկում էր, որ Սարգսյանը համազգային շարժման առանցքային վերջին գործիչն է, որ գտնվում է իշխանության օլիմպոսում: Թերևս այդպես էլ կա. իշխանությունը համալրվում է նոր մարդկանցով, ովքեր ոչ Ազատության հրապարակում են մաշեցրել իրենց ջահելությունը, ոչ էլ առաջնագծում…

Spread the love