Իշխանության ներսում ձևավորվել է լիակատար կոնսենսուս Սերժ Սարգսյանի ապագա վարչապետության շուրջ

- in Կեղտոտ լվացք
HHK

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը, թե պատրաստ է վարչապետության համար առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ըստ էության կանխորոշում է ապրիլյան համատեքստը, եթե հաշվի առնենք հայտարարության հեղինակի կարգավիճակը կուսակցության ներսում և Սերժ Սարգսյանի շրջապատում:

Իշխանության ներսում ձևավորվել է լիակատար կոնսենսուս Սերժ Սարգսյանի ապագա վարչապետության շուրջ: Այս վիճակը մի կողմից՝ բխում է անցած տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, մյուս կողմից՝ բացահայտում է վերջին մեկուկես տարվա քաղաքական օրակարգի սնանկությունը:

2016-ի սեպտեմբերից քաղաքական քննարկումների առանցքում եղել է Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան մրցակցության հարցը, այդ նշանաբանով են անցել խորհրդարանական ընտրությունները: Դրանց մասնակից, առավել ևս՝ խորհրդարանում ներկայացված որևէ ուժ, ի դեպ, օբյեկտիվորեն չի կարող վիճարկել Սարգսյանի վարչապետության հեռանկարը, որովհետև իր չափով մասնակցություն է ունեցել այն ստատուս քվոյի ձևավորմանը, որը կանխորոշված է համարել նման հեռանկարը: Մինչև աշնան կեսերն ընդդիմության թաքուն հույսը եղել է Կարեն Կարապետյանը, ու որևէ մեկը, ըստ էության, չի վիճարկել 2018-ի ապրիլից նոր իշխանություն ձևավորելու ՀՀԿ-ի իրավունքը: Համենայնդեպս, մենք ականատես չենք եղել քաղաքական որևէ նախաձեռնության, որը կհանգեցներ ֆորս-մաժորային իրավիճակների կամ խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման: Դա ինքնաբերաբար ենթադրում է ՀՀԿ-ի իշխանության լեգիտիմացում, նրա կողմից վարչապետի թեկնածուի առաջադրման իրավունքի անվերապահ ընդունում, եթե նույնիսկ թեկնածուն ընդդիմության վերջին հույս Կարեն Կարապետյանը չէ:

Սերժ Սարգսյանի վարչապետության անխուսափելի հեռանկարի դեմ սուր ճոճելն աղերս չունի իրական քաղաքականության հետ և նույնիսկ քաղաքական սուբյեկտության փոշիացման ամենակարճ ճանապարհն է, որովհետև բոլորի համար ակնհայտ է` ՀՀԿ-ի իշխանությունը վիճարկելի չէ, իսկ այդ համատեքստում առնվազն երկրորդական է, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը: Գուցե պարադոքսալ հնչի, սակայն Սարգսյանի վարչապետության դեմ կամ նրա հեռացման պահանջով այսօրվա կամպանիան նույնիսկ կոնսոլիդացնում է գործող օլիգոպոլ համակարգը՝ գրեթե անհնար դարձնելով այն բարեփոխելու հնարավորությունը, եթե անգամ Սերժ Սարգսյանը նման ցանկություն ունի իշխանության նոր մանդատի համատեքստում:

Քսաներկու տարվա մեջ Հայաստանի ընդդիմությունը փոխվել է անվանապես, սակայն նրա բովանդակությունը, որակը մնացել են նույն մակարդակի վրա: Հայաստանում ընդդիմության կայացման ցուցիչ է համարվել իշխանության առաջին դեմքի հրաժարականի պահանջը, ավելի խորքային խնդիր ձևակերպողները համարվել են իշխանության «հաճախորդ»: Պրիմիտիվ այս բանաձևը մշտապես նպաստել է համակարգի վերարտադրությանը և ընդդիմության փոշիացմանը: Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, նրա հետ միասին՝ առաջին նախագահի հրաժարականի առանցքով ձևավորված ընդդիմությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, բայց ասպարեզում մնաց ավելի «քյարթու» և անվերահսկելի համակարգը՝ արագ գտնելով իր նոր դեմքին՝ Ռոբերտ Քոչարյանին: Վերջինիս իշխանության մայրամուտը նաև նրա հեռացման առանցքով ձևավորված ընդդիմության մայրամուտն էր, և պատահական չէ, որ իշխանության նոր ֆավորիտի քաղաքական հայտը մարմնավորող՝ 2007-ի խորհրդարանում Ռոբերտ Քոչարյանի ընդդիմությունը մանդատ չստացավ:

Հիմա պոպուլյար է դարձել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը, որը հրապարակավ հնչեցնողները ոչ թե քաղաքականություն են ստեղծում կամ հեղափոխության են պատրաստվում, այլ ընդամենը քննություն են հանձնում լյումպենի առաջ՝ վերջինիս հիմնավորելու համար, որ իրենք Սարգսյանի ոչ թե «հաճախորդներն» են, այլ արմատական «չուզողները»:

Քսաներկու տարի անց ընդդիմության որակը չի փոխվել, բայց այս անգամ նրա բախտը բերել է. Սերժ Սարգսյանը չի հեռանում՝ պահելով նաև այն ուժերի «կենսունակությունը», որոնք «հերոսաբար» պահանջում են իր հրաժարականը: Այլ խնդիր է, որ երկիրը գործնականում որևէ բան չի շահում Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումից ու մշտապես նրա հրաժարականը «հերոսաբար» պահանջող ընդդիմության «կենսունակությունից»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20