Խնդիրը քաղաքակրթական, ոչ թե «տղայական» է

Aram Simonyan

Թշնամու ատամները փշրել ենք և պետք է փշրենք: Ինչ եք կարծում, ով է այդ բառերի հեղինակը: Այդ բառերի հեղինակը արցախյան առաջին պատերազմի, և ոչ էլ քառօրյա պատերազմի մասնակից որևէ հերոս չէ, կամ զինված ուժերի որևէ հրամանատար չէ, որոնց դեպքում նմանօրինակ հռետորաբանությունը թերևս կլիներ ընկալելի և որոշակիորեն համադրելի այն կարգավիճակի հետ, որ ունեն նրանք:

Այդ բառերի հեղինակը Երևանի Պետական համալսարանի, այսինքն Հայաստանի Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանն է, որն էլ նա հնչեցրել է Երևանում կազմակերպված միջազգային գիտաժողովում:

Առաջին հայացքից այստեղ չկա որևէ արտառոց բան, ի վերջո ադրբեջանցիները առաջնագծից այն կողմից Հայաստանի և Արցախի հասցեին անում են անհամեմատ ավելի կոշտ և անգամ վայրագ հայտարարություններ: Խնդիրը սակայն ամենևին դա չէ, առավել ևս ադրբեջանցիների հետ համեմատվելը: Հայաստանը չպետք է ունենա այդպիսի խնդիր, և ոչ էլ ատամները փշրելու խնդիր, առավել ևս ակադեմիական մակարդակում, ինչպիսին ենթադրվում է պետք է որ լինի Մայր Բուհը: Ակադեմիական մակարդակում Հայաստանի դրսևորումները պետք է լինեն այնպիսին, որոնք կվկայեն հայկական կողմի քաղաքակրթական առավելության մասին, որովհետև 21-րդ դարում անգամ զենքի ուժով հակառակորդի որևէ հարծ լուծելու համար առաջնային պլանում է ոչ թե «ատամ փշրելու» ֆիդայականությունը, այլ ակադեմիական քաղաքակրթականությունը:

21-րդ դարում ռազմական հաղթանակի տեխնոլոգիաները սերում են ակադեմիականությունից, գիտությունից, նորարարությունից, ստեղծագործական ներուժի գիտատեխնիկական գեներացիոն կարողություններից, որոնք դառնում են համալիր տնտեսություն և տալիս արդեն պրոֆիլային պրոդուկտներ, ձևավորելով պետության քաղաքակրթական նկարագիրն ու ըստ այդմ նաև մրցունակության, կենսունակության, պաշտպանունակության քաղաքակրթական բազան: Միայն այդ խորքի դեպքում է պետությունը 21-րդ դարում մրցունակ, պաշտպանված, հարկ եղած դեպքում էլ հակահարված կամ կանխարգելիչ հարված հասցնելու ռազմական կարողության և դիվանագիտական-քաղաքական հմտության տեր: Այլընտրանք չկա, այլընտրանքը հետ մնալն է՝ ժամանակից և ամեն ինչից:

Հետևաբար, հակառաորդի վրա հոխորտացողների քանակը չէ, որ պետք է լուծի մեր խնդիրը, այլ այն մարդկանց քանակը, որոնք կձևակերպեն, կձևավորեն և աշխարհին կմատուցեն Հայաստանի քաղաքակրթական առավելությունը, ակադեմիական ուժը: Իսկ դրա ներուժի պակաս, բարեբախտաբար Հայաստանը չի ունեցել և չունի:

Այն, ինչ պակասում է, ներուժը ձևավորելու, ձևակերպելու, կազմակերպելու և գեներացնելու ունակ ակադեմիական էլիտայի բացակայությունն է, ինչը հանգեցնում է պետական որակների գլոբալ խնդրի, դա էլ իր հերթին հանգեցնելով Ադրբեջանի հետ «տղայական հոխորտանքի» մակարդակի: Այն դեպքում, երբ խնդիրը քաղաքակրթական, ոչ թե «տղայական» է, ու Հայաստանը պետք է չընկնի այդ ծուղակը:

Spread the love