Կառավարման համակարգի անբնականության համար պետությունները վաղ թե ուշ վճարում են թանկ գին

Serzh Sargsyan

Այն, որ Սերժ Սարգսյանի վարչապետության պարագայում խորհրդարանական կառավարման մոդելի մասին խոսակցությունը Հայաստանում կվերածվի լիակատար պայմանականության, թերևս կասկածից վեր է, և այդ տեսանկյունից դժվար է չհամաձայնել պնդումներին, որ խորհրդարանը կվերածվի ձեռնածու մարմնի:

Սակայն ի՞նչ անել դե յուրե լիազորության հետ, որ ունի իշխանությունը, և որը թիվ մեկ ու միակ մանդատն է Հայաստանում: Որքա՞ն է այդ հանգամանքը անտեսելու ռեսուրսը Հայաստանում: Կարո՞ղ է լինել հստակ հաշվարկ այդ կապակցությամբ: Սա թերևս ապրիլի 9-ից հետո առկա իրականությունը բնորոշող հիմնարար հարցերից ու գործոններից մեկն է, որը չունի պատասխան: Հայաստանում դա աննախադեպ իրավիճակ է, և հերքել այդ իրողությունն անհնարին է:

Իշխանության այս կամ այն կառույցի ձեռնածությունը նորություն չէ, սակայն խնդիրն այն է, որ այդ ամենը եղել է առկա բուրգի տրամաբանությանը համահունչ, այսինքն՝ «դե յուրե» հիմնավորված՝ նախագահական իշխանության ներքո: Հայաստանում շատ կարճ ժամանակ է եղել, այսպես ասած, անհամադրելի կամ աններդաշնակ, դե յուրե տրամաբանությանը հակասող «ձեռնածությամբ» համակարգ՝ 1998-ից հետո, երբ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը, սակայն գրեթե անկասկած էր, որ դե ֆակտո իշխանությունը գտնվում է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի և նրա հենարան դարձած ՀՀԿ ձեռքում:

«Անբնական» այդ վիճակը Հայաստանում հանգեցրեց պետականության այնպիսի անկենսունակության և դիմադրունակության այնպիսի անկման, որ ավարտվեց հոկտեմբերի 27-ի ահաբեկությամբ ու ողբերգությամբ: Այդ ոճրագործությունն անկասկած բուն շարժառիթների, դրդապատճառների, կազմակերպիչների մասով, իհարկե, այլ համախմբի հետևանք է, սակայն, խոշոր հաշվով, այն հետևանք էր նաև պետական դիմադրունակության հետ կապված խնդրի, ինչը բերեց պետությանը հասցված ուժգին հարվածի:

Այդ իմաստով, երբ ներկայումս էլ Հայաստանը կանգնում է մի իրավիճակի առաջ, երբ կա դե ֆակտո և դե յուրե համակարգային համադրության անբնականության մեծ վտանգ, առաջանում է մտավախություն, թե ինչ հետևանք կարող է ունենալ այդ անբնականությունը պետական կենսագործունեության արդյունավետության և պետական դիմադրունակության առումով: Անբնականությունն այն է, երբ դե յուրե թիվ մեկ մանդատը խորհրդարանում է, սակայն դե ֆակտո իշխանությունը կենտրոնացած կլինի վարչապետի շուրջ:

Կառավարման համակարգի անբնականության համար պետությունները վաղ թե ուշ վճարում են թանկ գին, և դա գլխավոր ռիսկերից մեկն է, որ պարունակում է իր մեջ 2018 թվականի ապրիլը՝ որոշակի սցենարի դեպքում: Եվ խնդիրը տվյալ պարագայում Հայաստանի դեմ նոր ահաբեկչական վտանգը չէ: Ի վերջո, հետևանքներն ամենևին միայն այդ կերպ չէ, որ դրսևորվում են այդպիսի պարագաներում: Պետական դիմադրունակության անկումը կարող է արտահայտվել ամենատարբեր հարցերում և ամենատարբեր դրսևորումներով ու հետևանքներով: Առավել ևս, որ ժամանակակից աշխարհն այդ առումով, դժբախտաբար, գտնվում է անկանխատեսելի առատության կամ առատ անկանխատեսելիության շրջափուլում:

Spread the love