Կարելի է ղեկավարել կառավարելով կամ առաջնորդելով

Հայաստանի hանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը համարում է, որ Հանրապետության ապագա նախագահի լիազորությունները բավականին մեծ են:

Երևանի ֆիզմաթ դպրոցում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ տարբեր օրենքներով ՀՀ ապագա նախագահին զրկում են բազմաթիվ լիազորություններից, ասաց. «Այս պահին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանն եմ և օրենքների ընդունման վրա ազդեցություն չունեմ: Ես ուշի ուշով հետևում եմ զարգացումներին և կարող եմ ասել, որ ապագա նախագահին Սահմանադրությամբ տրված են բավականին լայն լիազորություններ»,-նշեց Սարգսյանը:

Նա հավելեց, որ Հանրապետության ապագա նախագահի պաշտոնին ինքն ավելի լայն տեսանկյունից է նայում: «Կարելի է ղեկավարել կառավարելով և կարելի է ղեկավարել առաջնորդելով: Կառավարելով ղեկավարելու դեպքում անհրաժեշտ են լծակներ, իսկ առաջնորդելու դեպքում կարելի է ղեկավարել գաղափարներով, ծրագրերով և տեսլականով»,-շեշտեց նա:

Հարցին, թե որոշում կայացրե՞լ է ՀՀ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հարցում, նա պատասխանեց, որ իր որոշման մասին կհայտնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ հաջորդ հանդիպման ժամանակ:

Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում առաջադրվելու և ընտրվելու դեպքում չի բացառում հանդիպումները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:

Արմեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել առաջին նախագահի ղեկավարած Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել:

«Մենք ունեցել ենք բավականին բաց քննարկումներ: Որոշ հարցերի վերաբերյալ նրանց գնահատականների հետ ես համաձայն չեմ. կային նաև այլ հարցեր, որոնց վերաբերյալ մենք ընդհանուր կարծիք ունենք: Կարծում եմ` մեր հարաբերությունները նույն կերպ կշարունակվեն»,- նշեց Արմեն Սարգսյանը:

Լրագրողներից մեկի հարցին` պատրաստվո՞ւմ է առանձին հանդիպում ունենալ Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, նա պատասխանեց. «Ես կարծում եմ, որ նման հանդիպման մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ ես որոշում կայացնեմ առաջադրվել և երբ ընտրվեմ ՀՀ նախագահի պաշտոնում: Այս ժամանակ գուցե հանդիպեմ հանրապետության և’ առաջին, և’ երկրորդ նախագահների հետ»,-շեշտեց նա:

Փետրվարի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպեցին Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս խնդրանքով, տեղեկացնում են ՀԱԿ մամուլի գրասենյակից:

Հայտնելով, որ նա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, Արմեն Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այդ մասին։

Կոնգրեսի ներկայացուցիչները նշեցին.

«1. Հայաստանը կանգնած է մի շարք ծանրագույն մարտհրավերների և խնդիրների առջև, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի Հայաստանի գոյատևման և զարգացման համար։ Դրանք են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնացող չկարգավորված ղարաբաղյան հակամարտությունը, աղետալի արտագաղթը, պետականության հիմքերը խարխլող վերից վար տարածված կոռուպցիան և տնտեսության մոնոպոլիզացիան, ժողովրդավարական մեխանիզմների, մասնավորապես ազատ և արդար ընտրությունների ինստիտուտի վերացումը։ Ցավոք, այս գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը։

  1. Համապետական մի շարք ընտրությունների և 2015 թ. Սահմանադրական հանրաքվեի կեղծմամբ Հայաստանում հաստատվել է արատավոր ավտորիտար մի քաղաքական համակարգ, որը լեգիտիմ չի կարող համարվել, օտարված է ժողովրդից, հաշվետւ չէ նրա առջև և չի կարող արդյունավետ կառավարել երկիրը։ Մասնավորապես, 2017 թվականին համատարած զանգվածային կեղծիքներով ընտրված Ազգային Ժողովը նույնպես լեգիտիմ չէ։ Նրա կողմից ընտրված նախագահը, անկախ անձից, չի կարող հետևաբար լեգիտիմ համարվել։ Ուստիև, նախագահի ընտրության գործընթացին մասնակցելը՝ թե՛ որպես թեկնածու առաջադրվելու, և թե՛որպես որևէ քաղաքական ուժի կողմից թեկնածու առաջադրելու միջոցով, հավասարվում է իշխող ռեժիմին օգնելու, ստեղծված ապօրինի համակարգը լեգիտիմացնելու անպատվաբեր գործին։

Հայ Ազգային Կոնգրեսը վստահ է, որ գալու է այն օրը, երբ կկարագավորվի ղարաբաղյան հակամարտությունը և Հայաստանում ազատ և արդար ընտրությունների միջոցով կհաստատվի ժողովրդավարություն, ինչը դուռ կբացի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության և կայուն զարգացման համար։ Այս նպատակների իրագործումը շարունակում է մնալ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնային ծրագիրը, որի իրականացման համար կուսակցությունը որևէ ջանք չի խնայի»,- ասված է ՀԱԿ հաղորդագրության մեջ:

Spread the love