Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվարի տնտեսական ակտիվության ցուցանիշը, որը ամբողջ տասը տոկոսով և նույնիսկ ավելի գերազանցում է նախորդ հունվարը:

Այդ ամենը հիանալի և ուրախալի կլիներ, եթե չլիներ այդքան զավեշտալի: Որովհետև հանրության համար ներկայիս հունվարին՝ նախորդ հունվարի համեմատ, տասը տոկոսով ավելի եղել է միայն գների, ոչ թե տնտեսության աճ:

Մյուս կողմից՝ հենց գների աճն էլ թերևս բերել է տնտեսական ակտիվության ցուցանիշի վիճակագրական աճի, որը ներկայացվում է իբրև իշխանության տնտեսական քաղաքականության արդյունք: Իրականում դա Հայաստանի շարքային քաղաքացու արդյունքն է, որ նա ապահովել է՝ գնելով ապրանքներ մի քանի անգամ ավելի թանկ գնով, քան նախորդ հունվարին: Խոշոր հաշվով, դրանից ավելի բան փնտրել Հայաստանի տնտեսական կյանքում և տնտեսական քաղաքականության մեջ, մեղմ ասած՝ կլինի ինքնախաբեություն: Համենայնդեպս, հակառակ պարագայում, երբ խորհրդարանի ամբիոնից վարչապետին հարց են տալիս ներդրումային աճի կոնկրետ մեկ-երկու օրինակի մասին, նա կունենա գոնե այդքան օրինակ, ոչ թե կհայտնվի 2003 թվականի նախագահի ընտրության ընդդիմադիր թեկնածուի վիճակում՝ խոստանալով անպայման ավելի ուշ ներկայացնել ցուցակը:

Թեև խոշոր հաշվով Կարեն Կարապետյանը ներկայումս հենց ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակում է՝ դատելով, օրինակ, 2018 թվականի ապրիլին վարչապետի թեկնածուի վերաբերյալ իշխող մեծամասնություն-կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններից: Համենայնդեպս, իշխող կուսակցության ակնհայտ մեծամասնությունը հայտարարում է, որ միանգամայն պատրաստակամորեն կառաջադրի վարչապետի պաշտոնին Սերժ Սարգսյանին: Նրա անփոխարինելի առաջնորդության և ըստ էության այլընտրանք չունենալու մասին հայտարարում են ոչ միայն գրեթե բոլորը, այլ նաև ավելի ու ավելի անկաշկանդ և բաց տեքստերով:

Ինչ է այդ պարագայում Կարեն Կարապետյանը, եթե ոչ՝ իշխող մեծամասնությանը ընդդիմադիր թեկնածու: Այսինքն՝ մեծամասնությունն է նրան տվել այդ կարգավիճակը: Կարապետյանը, իհարկե, կարող է հրաժարվել դրանից, եթե հայտարարի, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին և պատրաստ չէ զբաղեցնել այն: Բայց քանի դեռ ուժի մեջ է մնում նրա հայտարարությունը, որ ինքը պատրաստ է զբաղեցնել վարչապետի պաշտոնը 2018 թվականի ապրիլից հետո, քանի դեռ Կարապետյանը չի հրաժարվել դրանից, իսկ Սերժ Սարգսյանն էլ՝ վարչապետ լինելու մտադրությունից կամ հեռանկարից, Կարեն Կարապետյանը հայտնվում է 2018 թվականի ապրիլի ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակում:

Ի դեպ, «Ելք» դաշինքը հայտարարել է, որ ներկայացնելու է վարչապետի իր թեկնածուն:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •