Իմ առջև դրված պատասխանատվությանը ոչ ասելը ինչ-որ իմաստով դասալքության նման կեցվածք կլիներ։

Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը դրդեց իրեն համաձայնել Սերժ Սարգսյանի առաջարկին և առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու։

«Շատ լավ տեղյակ եմ՝ ինչ է կատարվում Հայաստանում, բայց երբ հանդիպում ես պարզ մարդկանց, լրիվ ուրիշ մոտեցում է և՛ քո մեջ, և՛ այն մարդկանց, որոնց հանդիպում ես: Մարդիկ ավելի բաց ցանկությամբ շփվում են, իրենց սպասելիքն են քեզ ասում: Շատերը կարծում են, որ ՀՀ հաջորդ նախագահը լիազորություններ չի ունենալու, հետևաբար նրանից սպասելիքներ պետք չի ունենալ, կա նաև մյուս ծայրահեղությունը՝ որ ՀՀ նախագահը ամեն ինչ կարող է. իրականությունը երկուսի մեջտեղում է»,-ասաց Արմեն Սարգսյանը։

Նրա խոսքով, ՀՀ նոր Սահմանադրությամբ, քանի որ ՀՀ նախագահը շատ վարչական լծակներ չունի, սակայն ունի իրեն տրված մեծ պարտականություններ ու լիազորություններ, նախևառաջ մեծ խնդիր է, թե ինչպիսի էություն կլցվի այդ շրջանակի ներսում, հետևաբար մեծ խնդիր է դրվում 4-րդ նախագահի վրա՝ ինչ-որ ձևով ձևավորել նախագահի կերպարը և նոր խորհրդարանական նախագահի մշակույթ ստեղծել»։

Արմեն Սարգսյանը նշեց, թե ինչպիսին կցանկանար տեսնել նոր նախագահի ինստիտուտը: Նրա խոսքով, հաշվի առնելով Սահմանադրությունը և նոր ընդունվող օրենքները, բնական է, որ վարչական մեծ ուժը կենտրոնանալու է կառավարությունում։ «Սակայն կա նաև այլ ձև ղեկավարելու, որի համար պարզ բառ կարող եմ օգտագործել՝ «առաջնորդել»։ Առաջնորդել կարող ես գաղափարով, տեսլականով, սեփական օրինակով, քո կարծիքով և վերաբերմունքով, նաև օգտագործելով այն բոլոր քաղաքական լծակները, որոնք Սահմանադրության մեջ են և տրված են նախագահին, որոնք բազմաթիվ են: Նախագահը կարող է չհամաձայնել այս կամ այն որոշման հետ, ստորագրել կամ չստորագրե՝ դրանով համապատասխան վերաբերմունք ցուցաբերելով»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանը խոստովանեց, որ ըստ նոր օրենքների, անգամ եթե ՀՀ նախագահը դեմ լինի որևէ որոշման, այն կարող է ընդունվել նաև առանց իր համաձայնության. «Բայց հանրության մեջ որևէ որոշում, որը չի ստացել ՀՀ նախագահի հավանությունը և համաձայնությունը, դա արդեն ազդանշան է հանրությանը, որ ինչ-որ մի բան սխալ է այդտեղ։ Այնպես որ, ես կարծում եմ, որ նախագահը բավական մեծ լծակներ ունի»։

Անդրադառնալով երկրի առջև ծառացած խնդիրներին, Արմեն Սարգսյանն ասաց. «Խնդիրները բազմաթիվ են, կարելի է խոսել կոռուպցիայի մասին, վստահության պակասի, հույսի ու հավատի պակասի, գուցե կարող ենք խոսել քաղաքացու մասին, քաղաքացիական հասարակության մասին։ Դդրանք բոլորը լուծում ունեն և հստակ են. լուծումները պետք գան վերևից ներքև։ Ցանկացած օրենք, որ ընդունվում է պետք է հակակոռուպցիոն թեստ անցնի։ Պետք է ունենանք մարմիններ, որոնք հստակ վերահսկում են այդ պորցեսները։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարը նաև ներքևից վերև է, հասարակությունն իր մշակույթով չպետք է ընդունի կոռուպցիան։ Այստեղ նախագահն անելիք ունի՝ հասարակության կարծիքը ուղղորդելու։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •