Կոտրվածքներով դուրս գրված 81-ամյա պապիկը մահացել է հիվանդանոցի պատի տակ

- in Իրավունք
hivandanoc

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ  վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթանում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի չորս բժիշկների՝ Ահարոն Մարգարյանի, Վարդան Անափիոսյանի, Արսեն Ասատրյանի և Նարեկ Պեպանյանի գործի դատական քննությունը:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ բժշկական կենտրոնի բժիշկ-վնասվածքաբան Ահարոն Մարգարյանը, բժիշկ-ռենտգենոլոգ Վարդան Անափիոսյանը, վիրաբույժ Արսեն Ասատրյանը և բժիշկ-ռեանիմատոլոգ Նարեկ Պեպանյանը թույլ են տվել մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարում, դրանց նկատմամբ դրսևորել են անփույթ վերաբերմունք և արդյունքում անզգուշությամբ առաջացրել են հիվանդ Ռաֆիկ Խաչատրյանի մահը:

Չորս ամբաստանյալներին էլ առաջադրվել է նույն մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ գործի տվյալների՝ 2015 թվականի հունվարի 18-ին շտապօգնության թիվ 64 անձնակազմը կանչով մեկնել է «Էրեբունի» քոլեջի մոտ ու հայտնաբերել է տարեց տղամարդու դիակ: Հետագայում դիահերձմամբ մահացածի մոտ ախտորոշվել է «կոնքի աջ կեսի ոսկրերի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ»:

Սկզբում նույնիսկ քրեական գործ է հարուցվել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, սակայն հետո քննությունը հանգել է հետևության, որ 81-ամյա տղամարդու մահվան պատճառը բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ կատարումն է եղել:

Պարզվել է, որ նույն օրը, առավոտյան ժամը 9-ի սահմաններում Երևանի Եղբայրության և Չեխովի փողոցների հարակից տարածքի ավտոկայանատեղիի մոտ վայր է ընկել մի քաղաքացի՝ 81-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը: Քաղաքացիները շտապօգնություն են կանչել: Շտապօգնության բժիշկը, նախնական ճիշտ ախտորոշելով, որ տարեց տղամարդը կոտրվածք ունի, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել է բազմապրոֆիլ հիվանդանոց՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Այնտեղ, ըստ մեղադրանքի, հիվանդին չեն պահել դինամիկ հսկողության տակ, թերի հետազոտում են կատարել, ճիշտ ախտորոշումը չեն գտել և տարեց մարդուն դուրս են գրել այն դեպքում, երբ նա … չի կարողացել քայլել…

Ըստ մեղադրանքի՝ բժշկական կենտրոնում կատարվել է Ռ. Խաչատրյանի կոնքոսկրերի ռենտգեն, բայց  չեն հայտնաբերվել կոնքոսկրերի բեկորային կոտրվածքները ու… քայլել չկարողացող տարեց հիվանդը, առանց ուղեկցողի, դուրս է գրվել ու դուրս է բերվել հիվանդանոցից…

Գործի քննության շրջանակներում կատարվել է բժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ «Եթե հիվանդը գտնվեր հիվանդանոցում, կատարվեին գործիքային և լաբորատոր հետազոտություններ, հնարավոր կլիներ հայտնաբերել կոնքոսկրերի կոտրվածքները և հետորովայնամզային տարածության արյունահավաքի առկայությունը… Ռենտգեն նկարները որակապես եղել են թերի… Վնասվածքաբանը հիվանդին պետք է պահեր դինամիկ հսկողության տակ, ճշտեր ախտորոշումը, ապա ուղարկեր ստացիոնար բուժման…»:

Դատարան էր հրավիրվել հենց այս փորձաքննության եզրակացությունը ստորագրած փորձագետներից մեկը՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Արա Ղազարյանը: Նա հայտնեց, որ բժշկական գործունեության 20 տարվա ստաժ ունի, փորձաքննությունների մասնակցում է մոտ 4 տարի: Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում և բժշկական համալսարանում՝ համապատասխան ամբիոնի դոցենտ է:

Դատավարության կողմերը փորձագետին հարցեր տվեցին: Մեղադրողի առաջին հարցը հետևյալն էր՝ գործով տուժող պապիկին «Էրեբունի» բժշկական կենտրոնում զննել են չորս բժիշկներ: Նրանք այսօր նստած են ամբաստանյալի աթոռին: Սակայն այդ չորսից կոնկրետ ո՞վ պետք է որոշում կայացներ՝ հիվանդին տարբեր հետազոտությունների ուղարկելու, նրան հիվանդանոցում պահելու վերաբերյալ:

Փորձագետը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում չկա ազգային գործելակերպ: Կոնկրետ իրենց՝  «Արմենիա» բժշկական կենտրոնում հստակեցված է՝ ով է պատասխանատու հիվանդի համար, իսկ թե ինչպիսի պատասխանատվության կարգ է գործում «Էրեբունի» բժշկական կենտրոնում, ով՝ ինչի համար է աշխատավարձ ստանում, ինքը չի կարող ասել, այս հարցի պատասխանը կարելի է ստանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնի սեփականատերերից, տնօրենից…

Կոնկրետ գործով տուժողին ռենտգեն արվել է, վնասվածքաբանը նայել է այդ նկարները, վնասվածքը չի հայտնաբերել ու հիմք չի տեսել՝ հիվանդին հիվանդանոցում պահելու համար:

Փորձագետն ասաց, որ հանձնաժողովային փորձաքննության ժամանակ հանձնաժողովի անդամ մասնագետը նույն ռենտգեն նկարները նայել ու վնասվածքը տեսել է…

Փորձագետն ասաց, որ տվյալ հիվանդի պատմագրում կատարվել են աղքատիկ գրառումներ…

Ըստ փորձագետի՝ ոչ բոլոր կոտրվածքների դեպքում են հոսպիտալացնում հիվանդին. «Կոնկրետ էդ պացիենտը էդ պահին չի ունեցել ինտենսիվ թերապիայի կարիք, ռեանիմատոլոգի կարիք չի ունեցել»,- ասաց փորձագետն ու նշեց, որ ռեանիմատոլոգի մասով փորձաքննության եզրակացության մեջ առկա միտքը «վրիպում է»:

Ըստ փորձագետի՝ եթե կասկածներ են եղել «պացիենտի» ախտորոշման հետ կապված, նրան պետք է պահեին հիվանդանոցում: Բայց նրան չպահելու համար ռեանիմատոլոգը կամ ռենտգենոլոգը պատասխանատու չեն, պատասխանատու է այն բժիշկը, ով դուրս է գրել հիվանդին:

Պետք է ասել, որ այս գործի քննության ընթացքում այդպես էլ հնարավոր չի եղել պարզել, թե ի վերջո՝ կոնկրետ ո՞վ է տարեց հիվանդին դուրս գրել: Եթե անգամ ազդրի կոտրվածքի կասկածով հիվանդանոց դիմած մարդը դուրս է գրվում, նրա նկատմամբ պետք է սահմանվի պարբերական հսկողություն՝ երկու կամ չորս ժամը մեկ պետք է զանգեին ու պարզեին վիճակը…

Փորձագետ Արա Ղազարյանն ասաց, որ հանձնաժողովային փորձաքննության ժամանակ յուրաքանչյուր նեղ մասնագետ իր մասնագիտական հարցերի համար է պատասխանատու, բայց  բոլորը ստորագրում են ընդհանուր եզրակացությունը:

Կոնկրետ այս գործով տուժողի ստացած կոտրվածքի բնույթը՝ կոնքի ոսկորների կոտրվածքը այնպիսին է եղել, որ մի քանի ժամվա ընթացքում արյուն է հավաքվում որովայնի խոռոչում՝ կոտրված ոսկորները վնասում են ներքին օրգանները, առաջացնում են ներքին արյունահոսություն, որը կարող է դանդաղ կատարվել: Նույնիսկ տվյալ հիվանդին եթե հենց հիվանդանոց ընդունվելու պահին որովայնի խոռոչի ուլտրաձայնային հետազոտություն կատարեին, կարող էին ոչ մի արյունահավաք չտեսնել, արյունահավաք դեռ կարող էր չլինել: Դա ժամերի ընթացքում է լինում, այդ պատճառով կարևոր է հիվանդին անընդհատ հսկողությոն տակ պահելն ու պարբերաբար հետազոտելը:

Տվյալ հիվանդը պետք է լիներ ստացիոնարում՝ որևէ բաժնում՝ կարևոր չէ, բայց պիտի գտնվեր բժշկական հսկողության տակ: Ռեանիմատոլոգը այս հիվանդին տեսել է մեկ անգամ՝ սկզբում, երբ նա ռեանիմատոլոգի կարիք դեռ չուներ, ռեանիմատոլոգի կողմից ի՞նչ ոչ պատշաճ վերաբերմունք կարող էր լինել հիվանդի նկատմամբ:

Ըստ փորձագետ Ղազարյանի՝ «մեկ ոչ պատշաճ պահ կա այս գործում՝ տվյալ հիվանդը չի եղել հիվանդանոցում»: Գլխավոր պատասխանատուն նրան դուրս գրող բժիշկն է…

Փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ Հայաստանում չկա փորձագետի գործելակարգ, արդեն 50 տարի՝ չկա փորձագետների դպրոց. «Ոչ մեկս չենք անցել փորձագետի դպրոց, և չկա ազգային գործելակերպ… Կա ներհիվանդանոցային կարգ… Ես չգիտեմ՝ «Էրեբունի» բ.կ.-ում հիվանդանոց ընդունված հիվանդին պարտադիր սոնոգրաֆիա անելու կարգ կա՞, թե՞ ոչ: Պատասխանատվությունը ընդունող բժշկինն է կամ՝ ընդունարանի վարիչինը…

Շտապօգնությունը հիվանդին տեղափոխել է հիվանդանոց՝ ազդրի կոտրվածք՝ հարցական ախտորոշմամբ: Այդ հիվանդի միայն ոտքը չպետք է հետազոտեն, ճնշումը պարտադիր պետք է չափվի, այլ հետազոտություններ պիտի կատարվեն…  Հիվանդը հիվանդանոց է գալիս ոչ միայն բուժվելու, այլ՝ դինամիկ հսկողության տակ գտնվելու նպատակով… Շտապօգնությունը հիվանդին բերել, հանձնել է տվյալ հիվանդանոցի ինչ-որ բժշկի, նա կամ այն բժիշկը, ում այս բժիշկն իր հերթին հանձնել է հիվանդին, պիտի պատասխանատու լինեն…

Ըստ փորձագետի՝ հիվանդին դուրս գրելը բարդ բան է: Այն կատարվում է բուժող բժշկի ու բաժնի վարիչի ստորագրությամբ կամ հիվանդի հարազատների պահանջով… Տվյալ դեպքում՝ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը…

Պաշտպանական կողմն անընդհատ շեշտում էր, թե հիվանդը ալկոհոլ օգտագործած վիճակում էր: Փորձագետն ասաց՝ հիվանդը կարող է և խմած լինել, դա ոչինչ չի նշանակում…

Հանձնաժողովային փորձաքննության եզրակացության մեջ փորձագետները նշել էին՝ պետք է քննչական ճանապարհով պարզվի՝ ով է հիվանդին դուրս գրել հիվանդանոցից: Քննությունն ավարտվել է, սակայն այդ հարցն այդպես էլ մնացել է չպարզված…

Հաջորդ դատական նիստին կհարցաքննվի փորձագիտական եզրակացությունը ստորագրած ևս մեկ փորձագետ:

Տարեց մարդը  մահացել է մեծ, տեխնիկապես հագեցած բժշկական կենտրոնի պատի տակ՝ նրան սայլակով դուրս են բերել հիվանդանոցի մուտքից, իսկ անվտանգության աշխատողը նրան «շլագբաումից» այն կողմ է տարել ու նստեցրել է »բորդյուրին»: Պապիկի վերջին խոսքերից է եղել անվտանգության աշխատող երիտասարդին ուղղված խոսքը. «Ես բոմժ չեմ»…

Spread the love