Հադրութի պատմական հանրահավաքը

LGHH

Երեսուն տարի առաջ` 1988թ. փետրվարի 12-ին, սկսվեց համազգային շարժումը: Լեռնային Ղարաբաղի Հադրութ քաղաքում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որի մասնակցիները պահանջում էին վերամիավորել Արցախը Հայաստանի հետ:

Հանրահավաքի կազմակերպիչներն էին ԼՂ Գերագույն խորհրդի ապագա նախագահ Արթուր Մկրտչյանը, Իգոր Մուրադյանը, Գրիգորի Հայրապետյանը, Էմիլ Աբրահամյանն ու այլոք: Իհարկե, որևէ մեկը չէր կարող ենթադրել, որ Հադրութի հանրահավաքը դառնալու է պատմական և դրանից սկսվելու է էպոխալ նշանակություն ունեցող համազգային շարժումը: Փետրվարի 12-ի հանրահավաքն ուներ նաև իր ֆորմալ առիթը. այդ օրը տեղի էր ունենալու կոմկուսի շրջկոմի պլենումը, որտեղ քննարկվելու էր Ղարաբաղի ճակատագիրը:

Ամբողջ խնդիրն այն է, որ Հադրութի կուսակտիվը հայտնվել էր երկկողմանի ճնշման կիզակետում: 1988թ. հանրահավաքային փուլի սկզբում Արցախի ընդհատակում արդեն աշխատում էր մոտ 150 մարդ: Այդ նվիրյալների ջանքերով Լեռնային Ղարաբաղում անցկացվել էր ոչ պաշտոնական հանրաքվե կամ հանրային հարցում, որի մասնակիցներն արտահայտվել էին Հայաստանի հետ վերամիավորման օգտին:

Արցախից տասնյակ նամակներ էին գնացել Մոսկվա` Միխայիլ Գորբաչովի և կուսակցության այլ ղեկավարների անուններով, և վերջիններս քաջածանոթ էին այն տրամադրություններին, որոնք կային Ղարաբաղում: Մոսկվան և Բաքուն որոշել էին ԼՂԻՄ-ի կուսակտիվի միջոցով խեղդել ծիլեր տվող համաժողովրդական շարժումը: Հադրութի կուսպլենումն այդ շարքի առաջին ժողովն էր, որը պետք է տեղի ունենար մոսկովյան կաբինետներում գծված սցենարով: Հադրութի հանրահավաքի պատմականությունը կայանում է հենց նրանում, որ, ըստ էության, վիժեցվեց մոսկովյան սցենարը:

Կուսակցական պլենումի փոխարեն Հադրութի կենտրոնում տեղի ունեցավ բազմամարդ հանրահավաք, որը վերածվեց համազգային շարժման. հաջորդ օրերին հանրահավաքներ էին տեղի ունենում Արցախի մայրաքաղաքում և մյուս շրջկենտրոններում: Նախապատրաստվում էր փետրվարի 20-ի համազգային պոռթկումը, որի կենտրոնը դարձավ Ազատության հրապարակը:

Չնայած փետրվարի 20-ից ողջ հայության և միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Ազատության հրապարակն էր` Հադրութի հանրահավաքը պատմական է, որովհետև ԼՂԻՄ հենց այդ շրջկենտրոնից սկսվեց համազգային շարժումը:

Պատմական օրվա առիթով նկատենք, որ 88-ի համազգային շարժման շնորհիվ մենք կարողացանք հասնել հաղթանակի ղարաբաղյան պատերազմում, սակայն այդպես էլ, մեծ հաշվով, անիրագործելի մնաց Հայաստանում և Արցախում ժողովրդավարական պետությունների ստեղծման նպատակը: Մինչդեռ` Հադրութի հանրահավաքի հիմքում հենց ժողովրդի կամքն էր, որը հաղթահարեց պետական խոչընդոտները:

Spread the love
  • 7
    Shares