Հայաստանը թևակոխում է նախընտրական երկամսյակ

- in Կարծիք

Հաջորդ շաբաթվանից Հայաստանն, ըստ էության, թևակոխում է նախընտրական երկամսյակ, որի ընթացքում ձևավորելու է նոր իշխանությունը կամ խորհրդարանական Հայաստանի առաջին իշխանությունը:

Երեկ կոալիցիայի կողմից Արմեն Սարգսյանը պաշտոնապես առաջադրվեց նախագահի թեկնածու, իսկ մարտի 1-ին խորհրդարանում սկսվելու են քննարկումներ, որոնք կեզրափակվեն մարտի 2-ի քվեարկությամբ: Նախընտրական այս ցիկլի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրանից ամբողջովին օտարված է հասարակությունը, եթե նույնիսկ Հայաստանի նոր իշխանությունն ձևավորվելու է խորհրդարանի կողմից, որը մեկ տարի առաջ ֆորմալ առումով ընտրվել է ժողովրդի կողմից: Իշխանության ձևավորման գործընթացին հասարակությունը գոնե անուղղակիորեն կմասնակցեր, եթե, այսպես կոչված, ընտրական ցիկլի այսբերգում տեղի ունենային ծրագրային թեկուզև լատենտ քննարկումներ:

Չկա մի գաղափար, ծրագիր, որը հասարակությունը կարողանա ասոցացնել Արմեն Սարգսյանի անվան հետ և, այսպես կոչված, անուղղակի ծրագրային աջակցություն ցուցաբերի նրա ընտրությանը: Սակայն բացակայում է նաև, որևէ տեսանելի անհատական հանգամանք, ինչի պատճառով հասարակությունն ընդդիմանա Արմեն Սարգսյանի ընտրությանը:

Այս իմաստովԱրմեն Սարգսյանի ընտրությունը, մեծ հաշվով, նպաստելու է նախագահի ինստիտուտի ապաքաղաքականացմանն ու դեգրադացիային, որի դառը պտուղները թերևս ճաշակելու են հաջորդ նախագահները: 2016-ի սեպտեմբերից մեր քաղաքական համակարգն ու հասարակությունն ապրում են Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հակադրության առասպելով: Ապրիլի մոտենալուն զուգահեռ ավելի է ամրապնդվում այն համոզումը, որ տարի և կես ունեցել ենք ֆեյք օրակարգ: Խնդիրը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանն, ըստ էության, չունի այլընտրանք և մրցակցությունից դուրս է:

Ավելի էական է այն, որ մենք անտեղյակ ենք Սարգսյանի ու Կարապետյանի պատկերացրած Հայաստանների տարբերությունից կամ չգիտենք, թե տաս տարին չհերիքեց Սերժ Սարգսյանի հատկապես որ ծրագրի իրականացմանը: Սակայն ամենաէականը խորհրդարանի խնդիրն է, որ փաստորեն ձևավորվել է նախագահական համակարգում, սակայն մեկ ամսից գործելու է խորհրդարանական մոդելի ռեժիմում: Գործող խորհրդարանն` իր որակով, քաղաքական կառուցվածքով, ակնհայտորեն պատրաստ չէ արմատական այդ տրանսֆորմացիային, եթե նույնիսկ նրան փորձենք անցկացնել հեքիաթային հազար ծիածանի տակով:

Կառավարման նոր մոդելում իշխանության կենտրոնը խորհրդարանն է, այդ կենտրոնը Հայաստանում, ըստ էության, բացակայում է` անխուսափելի դարձնելով իշխանության ներսում վակուումի առաջացումը, ինչն, իր հերթին, ավտորիտարիզմի ճիրաններում խեղդելու է խորհրդարանական համակարգն ու վաղ թե ուշ հարուցելու է սահմանադրական ճգնաժամ:

Spread the love