Հայաստանի իրական եվրաինտեգրում հնարավոր է միայն հասարակության սուբյեկտության պարագայում

- in Հրապարակ
Hayastan EM

Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին տեսահաղորդագրություն է տարածել՝ նվիրված ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններին: Փաստաթուղթը նախօրեին Բրյուսելում ստորագրել են ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Սվիտալսկու քայլն ինքնին ուշագրավ է, մանավանդ, որ Հայաստանի օֆիցիոզ քարոզչությունն ավելի շատ կենտրոնացավ ոչ թե Մոգերինի-Նալբանդյան հանդիպման, այլ` Եվրախորհրդարանում վերջինիս ունեցած ելույթի վրա:

Անկասկած է, որ քաղաքական իր նշանակությամբ Մոգերինի-Նալբանդյան հանդիպումը շատ ավելի կարևոր է, մանավանդ, որ Եվրամիության և Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուներն, ըստ էության, արձանագրել են այն առաջնահերթությունները, հիմնասյունները, որոնց շուրջ երկխոսությունն ու համագործակցությունը կյանքի են կոչելու Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը: Եվ ահա` Սվիտալսկին որոշել է տեսահաղորդագրության միջոցով պատմել նախօրեին ստորագրված փաստաթղթի բովանդակությունը:

Ըստ ամենայնի, Բրյուսելում գիտակցում են, որ թեև Սերժ Սարգսյանն է շրջանակային համաձայնագրի հիմնական շահառուն, Հայաստանի իրական եվրաինտեգրում հնարավոր է միայն հասարակության սուբյեկտության պարագայում:

Մյուս կողմիցԵվրամիության պաշտոնյաները հասկանում են, որ Հայաստանի իշխանություններին Բրյուսելից պետք է փող և լեգիտիմություն ու փորձում են Երևանի և Բրյուսելի երկխոսությունն ու օրակարգը դարձնել հնարավորինս թափանցիկ հայաստանյան քաղաքական և քաղաքացիական գործընկերների շրջանակն ընդլայնելու նպատակով: Արդյո՞ք Սվիտալսկու ինֆորմացիոն տեսահաղորդագրությունը Երևանի և Բրյուսելի ընդհանուր, փաթեթային համաձայնությունների մի մասն է, թե՞ Սվիտալսկին կամ Եվրամիությունն ուղղակի հաղորդակցություն են փնտրում մեր հասարակության հետ` իշխանություններին բավարար չափով չվստահելու հետևանքով:

Անշուշտ, դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, սակայն Սվիտալսկին երեկ, ըստ էության, ներկայացրել է Հայաստանի և Եվրամիության գործընկերության, երկխոսության չորս հիմնասյունները, որոնց շարքում հատկապես կարևորել է լավ կամ արդյունավետ կառավարումը, ընտրական օրենսդրության բարելավումը, կոռուպցիայի դեմ պայքարը, փոքր և միջին բիզնեսի զարգացումը, էներգետիկ անկախությունը: Սրանք թեմաներ են, որոնց «տնային առաջադրանքները» Երևանը, որպես կանոն, լավ չի կատարում: Հատկապես ընտրությունների և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Հայաստանի և ԵՄ ներկայացուցիչների հրապարակային բանավեճերը երբեմն ճգնաժամ են հարուցում Երևանի և Բրյուսելի հարաբերություններում:

Սվիտալսկին երեկ խոսել է հատկապես այս խնդիրների մասինհասկացնելով, որ դրանց շուրջ առաջընթացն է համարվելու Հայաստանի եվրաինտեգրման հիմնական ցուցիչ, ըստ այդմ մեր երկրի ֆինանսավորման երաշխիք: Սովորաբար Սվիտալսկու նուրբ ակնարկներին հաջորդում են Հայաստանի իշխանության ներկայացուցիչների պարզաբանումները: Ըստ այդմ` սպասենք Երևանի արձագանքին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20